HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Քաղբանտարկյալ հայտարարված թալիշ գիտնականը մահացել է Ադրբեջանի բանտում

Novruzali_18.08.09

Նա «Թալիշի ձայն» թերթում գրել էր Ադրբեջանի կողմից սեփականաշնորհված պատմական գործիչների ոչ թյուրքական ծագման մասին

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի բանտում մահացել է «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր, Թալիշական մշակութային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանության բաժնի նախկին ղեկավար Նովրուզալի Մամեդովը:

68-ամյա Մամեդովը ծանր հիվանդ էր: Նա ձերբակալվել էր 2007 թ., իսկ 2008 թ. ամռանը 10 տարվա ազատազրկման դատապարտվել «պետական դավաճանություն» և «ազգային, ռասսայական ու կրոնական թշնամանք սերմանելու» մեղադրանքներով: Նույն` «պետական դավաճանություն» հոդվածով թերթի աշխատակից Էլման Գուլիևը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս մասին հայտնում են թալիշական, ռուսական և այլ լրատվամիջոցներ: Ինչպես գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, թալիշ հայրենասերի և հասարակական գործչի մահը սպասելի էր. ճաղերի հետևում անցկացրած 2,5 տարվա ընթացքում նա մի շարք հիվանդություններ էր վաստակել: Թերթը նշում է, որ բազմաթիվ կազմակերպություններ են դիմել համաշխարհային հանրությանը` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և ծեր գիտնականին հիվանդանոց (թեկուզ և բանտային) տեղափոխելու համար: «Դրան հասնել հաջողվեց միայն հուլիսի վերջին: Սակայն բանտի հիվանդանոցից հասնող տեղեկությունները սարսափեցնում էին իրենց անհանավական անմարդկայնությամբ: Բավական է միայն ասել, որ «հիվանդանոցում» գտնվելու առաջին երեք օրը նրան անգամ անկողնային պարագաներ չեն տվել, էլ չխոսած որակյալ բժշկական օգնության մասին»,- գրում է «Երկրամաս»-ը: «Բժշկական անձնակազմը թալիշ պրոֆեսորի հետ վարվել է «ցուցումների համաձայն». նրան չեն տվել անհրաժեշտ դեղեր, սնունդ, նրան չեն խնամել, անընդհատ վիրավորել են: Մի խոսքով, հիվանդ մարդու դեմ կիրառվել է ադրբեջանցի բանտապահների ողջ մասնագիտական զինանոցը` անկախ համազգեստի գույնից: Ըստ էության, Նովրուզալին դատապարտված էր»,- գրում է «Երկարմաս»-ը: Ըստ թերթի` Մամեդովը չի զբաղվել քաղաքականությամբ և մինչ իր ձերբակալվելը համարվել է Ադրբեջանին լոյալ գիտնական: Էթնիկ և կրոնական հանդուրժողականության մասին բարձրաձայնող Ադրբեջանում Մամեդովի կատարած «հանցագործությունն» այն էր, որ «Թալիշի ձայն» թերթում գրել էր Ադրբեջանի կողմից սեփականաշնորհված պատմական գործիչների ոչ թյուրքական ծագման մասին: «Հետաքրքիր է, որ 38 էջից բաղկացած մեղադրական եզրակացության մեջ` Մամեդովի դեմ, հայտնվել է «Իրանի թշնամական գործունեության մեջ Իրանին ցուցաբերված օգնության միջոցով հայրենիքին դավաճանություն» ձևակերպումը: Մեղադրական կողմը համարեց, որ Մամեդովը թալիշական ինքնավորության ստեղծման հնարավորության մասին տեղեկատվություն էր տալիս Իրանին ... «Թալիշի ձայն» թերթի հրապարակման միջոցով»,- գրում է «Երկրամաս»-ը: ««Ես հիանալի հասկանում եմ, որ ինձ դատում են իմ էթնիկ ծագման համար` այն բանի համար, որ ես թալիշ եմ: Ես հպարտ եմ, որ թալիշ եմ: Եվ եթե թալիշ լինելը հանցագործություն է, ուրեմն, կարծում եմ` դատախազի կողմից պահանջվող 12 տարին, բավարար ժամանակ չէ այդպիսի «հանցագործության» համար: Ուստի`  ինձ համար ցմահ ազատազրկում եմ պահանջում»,- դատարանում ասել է Մամեդովը: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքը, ադրբեջանական իրավապաշտպանների համոզմամբ` Նովրուզալի Մամեդովի դեմ հարուցված գործը շինծու էր: Իրավապաշտպանները Մամեդովին ճանաչել էին քաղբանտարկյալ: «Ադրբեջանի բանտում հասարակ թալիշ գիտնականի մահը ապտակ է Եվրամիությանը, ՄԱԿ-ին, աշխարհի խոշոր տերություններին, որոնք աչք փակեցին Ադրբեջանում թալիշ ժողովրդի և նրա մտավորականության դեմ տեղի ունեցող աղաղակող խախտումների վրա»,- talish.info կայքը փոխանցում է «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովի խոսքերը: Վերջինը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանում թալիշ ժողովուրդը անխուսափելի և վերջնական ասիմիլացման է դատապարտված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter