Մարիամ Սուխուդյանի նկատմամբ մեղադրանքը խստացվել է. երիտասարդները բողոքի ակցիա են նախաձեռնել
Ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը երկու օրվա ընթացքում փոխել է S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքի հոդվածը:
Օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր ստացավ՝ որպես մեղադրյալ երկու օր անց ցուցմունք տալու հրավերով: Ծանուցագրում նշված մեղադրանքի հոդվածը Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինն էր՝ զրպարտություն:
Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնեցին, որ նա մեղադրվում մեկ այլ հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
«ԷկոԼուր» ի փոխանցմամբ, նոր մեղադրանքը նշված է օգոստոսի 15-ի ծանուցագրում, ըստ որի՝ Մարիամ Սուխուդյանը հարցաքննման է հրավիրվում օգոստոսի 19-ին:
Հիշեցնենք, որ գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Իսկ վաղը` օգոստոսի 19-ին, ժամը 15:00-ին, ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց /Մովսես Խորենացու 162/ կայանալու է բողոքի ակցիա ընդդեմ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի:
Մարիամ Սուխուդյանը եւ մի քանի այլ ակտիվ երիտասարդներ ահազանգել էին Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող վիճակի մասին (թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, վատ սնունդ, աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ), որի արդյունքում երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` սուտ մատնություն:
«Այսպիսով փորձ է արվում լռեցնել խնդիրները բարձրաձայնող երիտասարդներին: Ակցիային կմասնակցեն երկրի ապագայով մտահոգված ակտիվ երիտասարդներ, որոնք լրատվամիջոցներից ակնկալում են ակտիվ լուսաբանում, քանի որ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք առաջադրելով` նաեւ վտանգվում է խոսքի ազատությունը»,-նշում են Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում տիրող իրավիճակի մասին ահազանգող երիտասարդներն իրենց տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել