Արմավիրում հարկ վճարողների Նոր տարին առանձնակի են շնորհավորում

Չվճարողներին էլ շաքարավազ, ձեթ ու կարագ են տալիս
Վերջերս հաճախ ենք համայնքապետարաններում հանդիպում փակցված գրությունների, որով համայնքապետերը իրենց բնակիչներին «սպառնում» են կատարել իրենց հարկային պարտավորությունները` այլապես պարտք ունեցող քաղաքացիների հետ ո’չ գործարք կկնքեն, ո’չ էլ տեղեկանք կտրամադրեն:
Գեղարքունիքի մարզում նման դեպքերի արդեն անդրադարձել էինք, սակայն վերջերս նույնաբովանդակ գրություններ հանդիպում են նաեւ Արմավիրի մարզի համայնքներում, միայն մի տարբերությամբ. եթե Գեղարքունիքում «նորամուծության» կարգադրիչը գրությունից չի երեւում, ապա Արմավիրի մարզում հատուկ շեշտում են, որ Արմավիրի մարզպետարանն է խիստ պահանջել: Մարզի Ակնաշեն գյուղի գյուղապետ Միսակ Միսակյանը մի քանի տեղ գրել, փակցրել ու գյուղապետարանի կնիքով հաստատել է. «Հարգելի համագյուղացիներ, Արմավիրի մարզպետարանի խիստ պահանջից ելնելով խնդրվում է ձեզ մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը գյուղապետարանում վճարել ձեր հողի եւ գույքահարկի վճարները»: Միեւնույն ժամանակ, նույն գրությունով գյուղապետը զգուշացնում է գյուղացիներին, որ հունիսի 22-ից Ակնաշենի գյուղապետարանը ոչ մի գործարք չի կատարի հողի եւ գույքահարկի պարտքեր ունեցող համայնքի բնակիչների հետ: Թեեւ գրությամբ կոնկրետ ժամկետ է նշված, թե ակնաշենցիները մինչեւ ամսի քանիսը պետք է մարեն ունեցած պարտքերը, միեւնույն ժամանակ էլ համայնքապետը ժամկետից 8 օր առաջ դադարեցնում է պարտք ունեցող գյուղացիների հետ գործարք կատարել: Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է կարգադրել հարկ չվճարած գյուղացիների հետ նման կերպ վարվել, պատասխանեց. «Մարզպետարանը մեզ նման հրահանգ չի տվել, ուղղակի պարտադրել ա, որ ամեն ամիս պլան կատարենք: Պետությունն այսօր խելոք ա վարվում` մեզ դոտացիա ա տալի ու ասում ա` եթե դու քո սեփական եկամուտները չես կարողանում հավաքել, մեզանից էլ ինչ ես պահանջում: Հողը տվել ա համայնքին ու ասում ա` առաջինը դու քո եկամուտները հավաքի, քանի որ համայնքի եկամուտներից պետությունը ոչ մի կոպեկ չի տանում, ամբողջը թողնում ա համայնքին»: Հարցին, թե այդ եկամուտները բավարա±ր է, որ համայնքն ինքնուրույն գոյատեւի, Մ. Միսկայնաը պատասխանեց. «Դե չէի ասի, որ բավարար է, բայց դե այսօրվա հնարավորությունն էլ դա է»: Գյուղապետից նաեւ հետաքրքրվեցինք` գյուղացին այսօր ի վիճակի՞ է հարկերը վճարել, երբ տարվա ընթացքում մի քանի անգամ տուժում է բնական աղետներից ու պետությունից ոչ մի աջակցություն չի ստանում: «Որպես գյուղապետ կարող եմ ասել` այո, կարող է վճարել, որովհետեւ մեկ հեկտարի հարկը 18 հազար դրամ է ու մարդը հաստատ կարող է վճարել` մեծ փող չի: Բայց այդ 18 հազարները գումարվելով համայնքապետարանը կարող է գյուղում ինչ-որ բան սարքել կամ վերանորոգել, ասենք` ջրագիծ անցկացնենք, փողոցները վերանորոգենք կամ գազաֆիկացնենք: Այդ 18 հազարը մարդկանց չի փրկի: Մարդիկ էլ կան տանում, պարտաճանաչ մուծում են հարկերը, ես էլ ամեն տարի հունվարի 31-ին բացիկներով շնորհավորում եմ իրանց Նոր տարին: «Միայն հարկ վճարողների՞ նոր տարին եք շնորհավորում»,-հարցրի պարոն Միսակյանին: «Դե միայն իրենցը չէ. տատիկ-պապիկներին ու անապահով ընտանիքներին նվերներ ենք ուղարկում: Լրիվ սննդամթերք ենք ուղարկում, ասենք` ձեթ, պեսոկ, կարագ, որ այդ տոն օրով կարողանան իրենց կարիքները ինչ-որ չափով հոգան: Նման բաներ ենք ուղարկում ոչ թե` արջուկ-մարջուկ կամ ձմեռ պապի»: Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը «Հետքին» փոխանցեց, որ մարզպետարանը որեւէ համայնքապետի չի պարտադրել, որպեսզի հարկեր չվճարած քաղաքացիների հետ գործարքներ չկնքեն:
«Հարկ հավաքելը համայնքապետերի պարտականնությունն է ոչ թե` մարզպետարանի: Մարզպետարանը պարզապես համայնքապետերին ասել է, որ իրենց բնակիչներին տեղյակ պահեն հողի հարկի արտոնությունների մասին, որպեսզի ժամանակին վճարեն հարկերն ու ազատվեն տույժ-տուգանքներից: Համայնքապետերն էլ երեւի այդ եղանակով են փորձում հարկերը հավաքել: Նորից եմ ասում` մարզպետարանը որեւէ մեկին չի պարտադրել»,-ասաց մարզպետի օգնականը: Նվեր Պետրոսյանի ասելով` համայնքապետն իրավունք չունի տեղեկանք չտրամադրել բնակչին` պատճառաբանելով, որ հարկ չի վճարել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել