
Արևմտյան պետությունները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ողջունեցին Հայաստանի նախագահի` ֆուտբոլ դիտելու հրավերը Թուրքիայի նախագահին ու վերջինի արձագանքը և իրենց հայտարարություններով այնպիսի տպավորություն ստեղծեցին, թե «մերձեցում» է տեղի ունեցել: Մինչդեռ մերձեցում չկար, և այդ մասին խոսք չի կարող լինել, քանի որ Թուրքիան շրջափակման է ենթարկում Հայաստանը և նախապայմաններ դնում: Խոսքն ընդամենը երկխոսության մասին է եղել, որը պետք է հանգեցներ Հայաստանի շրջափակման վերացման: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքերով` Թուրքիան կատարեց բոլոր 3 առաջադրանքները: Նախ վարչապետ Էրդողանը հանդես եկավ Կովկասյան կայունության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկով` հստակ իմանալով, որ դա ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ այն երկրները, որոնք պետք է մասնակցեին պլատֆորմին` Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, հակամարտություններ ունեն իրար հետ: Պլատֆորմի նախաձեռնության միակ նպատակը թուրքական, դրա հետ մեկտեղ` նաև ամերիկյան գործոնը Հարավային Կովկասում ակտիվացնելն էր:
Այնուհետև այդ ակտիվացումը ծառայեցվեց Թուրքիայի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու նպատակին: «Անդամների մեջ նախապատվությունը ՄԱԿ-ում տալիս են այն թեկնածուին, որը տարածաշրջանային կայունության, համագործակցության, խաղաղության ինչ-որ նախաձեռնություն է հանդես բերում»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Եվ երրորդ` ապրիլի 23-ի Հայաստանի, Շվեյցարիայի և Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ «փաստի առաջ կանգնեցրին» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ վերջինը 1915 թ.-ի ցեղասպանությունը չբնորոշի ցեղասպանություն բառով` հայ-թուրքական այսպես կոչված «մերձեցումը» իբր «չձախողելու» համար:
«Երբ այս 3 առաջադրանքները կատարվեցին, հենց ապրիլին էլ վարչապետ Էրդողանը կամ Աբդուլլահ Գյուլը կամ Մեջլիսի նախագահը հայ-թուրքական հարաբերությունները սկսեցին վերստին պայմանավորել Ադրբեջանի վերաբերմունքով և Ղարաբաղի հարցով` հայտարարելով, թե «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային նորմերին համապատասխան» (այսինքն` ենթադրում էին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով), «հայ-թուրքական հարաբերություններն էլ պետք է զարգանան հայ-ադրբեջանական հարաբերություններին զուգահեռ»: Եվ այսպես Հայաստան-Թուրքիա երկխոսությունը կանգնեց ձախողման եզրին: Այսինքն` այդ երկխոսությունից առաջին հերթին թուրքերն օգտվեցին»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում, եթե նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվի ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա գնալուց, ապա թուրքական կողմը դա կօգտագործի հայերի դեմ` հայտարարելով, թե հայկական կողմը նախապայման կամ վերջնագիր է ներկայացնում Թուրքիային: Այդ դեպքում միջազգային հանրության ճնշումների թիրախը հայկական կողմը կդառնա, քանի որ եվրոպացիների համար առանձնապես նշանակություն չունի, որ արդարությունը հայերի կողմն է:
«Եվրոպացին կմտածի. «Գյուլը հրավեր ստացավ, գնաց: Սերժ Սարգսյանը հրավեր ստացավ, չգնաց: Դեռ հերիք չէ, մի հատ էլ նախապայման է առաջադրում»»,- ասաց թուրքագետը: Նա հավելեց, թե ինչպե՞ս պետք է միջազգային հանրությանը բացատրես, որ դա ոչ թե նախապայման է, այլ թուրքական կողմն է, որ չի կատարել իր պարտավորվածությունը, քանի որ ենթադրվում է, որ Շվեյցարիայում ծավալված հայ և թուրք դիվանագետների շփումների ժամանակ թուրքական կողմը հայկականին խոստացել է վերացնել Հայաստանի շրջափակումը:
«Մենք չենք նախապայման առաջադրում: Առաջադրողը հենց Թուրքիան է. դիվանագիտական հարաբերությունների համար, սկսած 91 թ.-ից, անընդհատ նախապայման է առաջադրում, որը, նախ, անհարիր է միջազգային նորմերին, հետո` թշնամանքի ակնհայտ արտահայտություն է, որովհետև մենք Թուրքիայի հետ պատերազմական վիճակում չենք: Հարևան երկրի հետ դու, երրորդ երկրի վերաբերմունքով պայմանավորված, թշնամական քաղաքականություն ես վարում` դիվանագիտական հարաբերություններից հրաժարվում ես` պատճառաբանելով, թե «չի կատարում նախապայմանները»: Գաղութատիրական ժամանակաշրջանը վաղուց անցել է. ինչո՞ւ պիտի Հայաստանը կատարի: Կամ ինչի՞ համար ես շրջափակում: Թե ինչ է` Ադրբեջանի հետ պրոբլեմ ունենք: Պրոբլեմ ունենք, դա մեր խնդիրն է»,- ասաց թուրքագետը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական, այսպես կոչված, «մերձեցման» հենց սկզբից ասել են, որ այդ «մերձեցումը» չի կարող որևէ առնչություն ունենալ Արցախի կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցերի հետ:
«Ես ինքս թուրքական հանրային հեռուստատեսության առաջին ալիքով տեսել և լսել եմ` «Հայաստանը սպառնում է» վերնագրով Էդվարդ Նալբանդյանին էկրան բերեցին: Անգլերեն ասաց. «Ոչ ոք թող չմտածի, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման Հայաստանը ի վիճակի է զիջումներ կատարել Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում»: Հենց Ստամբուլում էր ասում: Հետո մեկ առիթով էլի ասաց, որ «Թուրքիան, մեզ հետ մերձենալով, լավություն չի անում»: Հայաստանը զիջում չի անի»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Նրա համոզմամբ` 91 թ.-ից սկսած` Հայաստանի դեմ իր վարած քաղաքականության երկու ճակատում էլ Թուրքիան ձախողվել է: Նախ, ձախողվել է այդ երկրի` Հայաստանի դեմ վարվող թշնամական քաղաքականությունը, քանի որ չնայած դիվանագիտական, քաղաքական ճնշումներին, սպառնալիքներին` Հայաստանը կարողացել է գոյատևել, շրջափակման պայմաններում տնտեսական որոշակի աճ արձանագրել:
Թուրքագետն ասաց, որ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը ձախողվել է նաև արցախյան ճակատում: Դեռ 1992 թ. Թուրքիան 5000 «ստինգեր» տիպի հրթիռներ` կայանքներ և 3000 կամավորականներ էր տրամադրել Ադրբեջանին: Չնայած դրան` արցախահայությունը թշնամուն հաղթեց ազգային-ազատագրական պատերազմում, իսկ Արցախը հռչակվեց հանրապետություն:
«Թուրքիայի` Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը ոչ մի բանի չհանգեցրեց: Այսինքն` եթե անգամ մերձեցում է պետք, դա առաջին հերթին թուրքերին է պետք, որովհետև նրանց թշնամական քաղաքականությունն է ձախողվել»,- ասաց թուրքագետը:
Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե միջազգային դիվանագիտության նորմերի տեսանկյունից ինչպե՞ս է դիտվում այն, որ Թուրքիան հրաժարվեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց և շարունակում է շրջափակումը: Հակոբ Չարքյանն ասաց, որ միջազգային ուժերի համար իրավունք գոյություն չունի, և «Հայկական հարցի պատմությունը Արևմտյան մեծ տերությունների` հայերի նկատմամբ չարանենգ քաղաքականության պատմություն է»:
«Միջազգային ուժերը (խոսքը Եվրամիության մասին է) Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում են ընդունում այն ժամանակ, երբ Թուրքիան Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը չի ճանաչում: էս չի՞ միջազգային ներմերի նկատմամբ նրանց վերաբերմունքը»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Եվրամիության այս վերաբերմունքը` միջազգային իրավունքի ներմերի նկատմամբ, նա պայմանավորեց նրանով, որ հակաիրաքյան պատերազմից հետո ԱՄՆ-ն միանձնյա ռազմական ներկայություն ապահովեց տարածաշրջանում: Ֆրանսիան, Գերմանիան և մյուս երկրները դուրս են մղվել, և Եվրամիությունը որոշումների կայացման մեխանիզմում ձայն չունի: Սակայն Եվրամիությունը չի հրաժարվել տարածաշրջան ներթափանցելու մտադրությունից:
«Դրա համար Եվրամիությունը Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն է օգտագործում: Անգամ եթե չներթափանցի, Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները կսկսի և տարածաշրջանի կողքին կլինի, որ հնարավորության դեպքում շարժվի դեպի հարավ, ներկայություն ապահովի: Դրա համար էլ հանդուրժում են Թուրքիայի էդ կամակորությունները. փոխանակ ընդհատեն Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները, ընդհակառակը` փաստորեն քաջալերում են, որ Կիպրոսի Հանրապետության նկատմամբ այդպիսի ամբարտավան վերաբերմունք ցուցաբերի: Այնպես որ, նրանց համար իրավունք գոյություն չունի»,- ավելացրեց Հակոբ Չաքրյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ռուս-թուրքական` վերջերս նկատվող մերձեցումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա` Հակոբ Չաքրյանն ասաց, որ ըստ միջազգային հարաբերություններում չգրված օրենքի` եթե 2 երկիր համագործակցում է, ապա չի նշանակում, որ այս համագործակցությունը տարածվելու է բոլոր հարցերի վրա: Օրինակ` Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմական և ռազմավարական դաշնակիցներ են, համագործակցում են բազմաթիվ հարցերում` Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Աֆղանստանում, Բալկաններում, Եվրամիության հետ հարաբերություններում: Բայց Թուրքիան և ԱՄՆ-ն չեն համագործակցում Իրանի, Հյուսիսային Իրաքի, ինչպես նաև քրդական հարցում:
«Այսինքն` պարտադիր չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան, այսպես կոչված, «մերձենան» և համագործակցեն նաև Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում: Պարզապես այստեղ Թուրքիան այդ մերձեցման միջոցով իր հնարավորություններն է ընդլայնում, այսինքն` որքան մերձենա Ռուսաստանի հետ, այնքան ակտիվ կարող է խուսանավել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որովհետև Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անհաշտ մրցապայքար է ծավալվում` հանուն ազդեցության գոտիների: Թուրքիան այդ հանգամանքը օգտագործում է, բայց վերջիվերջո ստիպված կլինի ենթարկվել Վաշինգտոնի կամքին: Մերձեցման որոշակի փուլում, ենթադրում եմ` Վաշինգտոնից կզգուշացնեն, և ինքը կհրաժարվի հետագա մերձեցումից, կամ ռուս-թուրքական այդ մերձեցումը չի հանգեցնի ռազմական կամ ռազմավարական ոլորտում որևէ ռուս-թուրքական դաշինքի»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել