HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հայաստանյան տպագիր մամուլը Ղարաբաղում «դեֆիցիտ է»

press5Նախկինում հայաստանյան լուրերին կարելի էր ծանոթանալ նաեւ Ստեփանակերտի կրպակներում վաճառվող տարբեր թերթերից` իշխանամետ, ընդդիմադիր եւ այլն: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ Ստեփանակերտի կրպակներում ընդհանրապես հայաստանյան թերթեր չեն վաճառվում, բացի «Եթեր», «Ֆուտբոլ +» եւ նման մի քանի թերթերից: Կրպակներում վաճառվում են նաեւ Ռուսաստանում տպագրվող մի քանի զվարճալի ամսագրեր, խաչբառեր եւ, իհարկե, Ղարաբաղում տպագրվող թերթեր ու ամսագրեր:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, ղարաբաղյան թերթերը կրպակներում վաճառելու համար յուրաքանչյուր թերթի խմբագրություն առանձին պայմանագրեր է կնքում կրպակների աշխատողների հետ, որտեղ նշվում է նաեւ, թե վաճառված թերթերի եւ ամսագրերի եկամտի քանի տոկոսն է կրպակների աշխատողներին տրվում, իսկ չվաճառված թերթերը խմբագրությունը ետ է վերցնում: Տարածումը նույնպես խմբագրությունն է իրականացնում, կրպակների աշխատողները միայն վաճառում են դրանք: Բնականաբար, հայաստանյան թերթերը նման հնարավորություն չունեն, որ պայմանագիր կնքեն Ստեփանակերտի յուրաքանչյուր կրպակի աշխատողի հետ եւ թերթի ամեն մի համար բաժանեն նրանց: Պատճառը նման ընկերության բացակայությունն է Ղարաբաղում: Նախկինում այդ աշխատանքներով զբաղվում էր «Արցախմամուլ» ընկերությունը, որին էլ պատկանում էին Ստեփանակերտի կրպակները: Սակայն, մի քանի տարի առաջ այդ ընկերությունը լուրջ խնդիրների առաջ կանգնեց. ինչպես տեղեկացանք ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունից, «Արցախմամուլ»-ը, որը նախկինում պետական ընկերություն էր, 2005-ին մասնավորեցվեց իր իսկ կոլեկտիվի կողմից, ովքեր պարտավորվում էին մասնավորեցման համար նախատեսված գումարը մաս-մաս վճարել պետությանը, սակայն այս մասով, ինչպես նաեւ մի քանի թերթերի խմբագրությունների հետ պայմանագրային պարտավորությունները նորմալ չկատարելու արդյունքում ընկերությունը ստիպված եղավ նաեւ կանգնել դատարանի առաջ: Այժմ ընկերության ճակատագիրը, մեր տվյալներով, դեռ պարզ չէ, սակայն հայտնի է, որ թերթերի վաճառքով ընկերությունը չի զբաղվում: Անորոշ է նաեւ կրպակների հարցը, որտեղ շարունակում են ինչ-որ թերթեր վաճառել: Կրպակներից մեկի աշխատողը մեզ պատմեց, որ ժամանակին ինչ-որ գումարներ է վճարել` կրպակը սեփականաշնորհելու համար, սակայն այդ հարցը դեռ լուծված չէ: Թե ում է վճարել այդ գումարը` մեր զրուցակիցը նախընտրեց չասել: Հավանաբար, «Արցախմամուլի» սնանկ վիճակի պաճառով անմխիթար վիճակում են նաեւ Ստեփանակերտի կրպակները: Ինչպես կրպակներից մեկի աշխատողը մեզ հետ զրույցում նշեց, եթե սեփականաշնորհած լինեին` նման խղճուկ վիճակում չէին գտնվի կրպակները: Իսկ այն, որ թերթերի կարիք կա` փաստում են նաեե ընթերցողները, ովքեր նախկինում պարբերաբար թերթ էին գնում: Ներկայումս Ղարաբաղում գործում է «Մեդիամոստ» ընկերությունը, որը, սակայն, զբաղվում է միայն թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրությամբ: Ինչպես Հետքին հայտնեցին, ընկերությունը ապագայում մտադիր է կրպակներ ձեռք բերել եւ զբաղվել նաեւ թերթերի վաճառքով: Մեզ հետաքրքրում էր, թե ղարաբաղցիներն ինչ հայաստանյան թերթեր են բաժանորդագրվում, եւ ինչ քանակությամբ են դրանք հասնում Ղարաբաղ: Բաժանորդագրությամբ զբաղվող միակ ընկերությունում` «Մեդիամոստ»-ում, մեզ տեղեկացրին, որ «Հայաստանի Հանրապետություն» թերթից բաժանորդագրվել են 60 հատ, «Գոլոս Արմենիի»` 46 հատ, «02»` 34 հատ, «Օրենք եւ իրականություն»` 25 հատ, «Առավոտ» եւ «Իրավունք»` 24-ական, «Նովոյե Վրեմյա» եւ «Կրթություն»` 16-ական, «Ազգ»` 13 հատ, «Ռեսպուբլիկա Արմենիի», «Հայկական ժամանակ» եւ «Հայոց աշխարհ»` 12-ական, մինչեւ 10 հատ բաժանորդագրվում են «Արտակարգ թերթ», «Չորրորդ իշխանություն», «Երկիր», «168 ժամ» եւ մի քանի այլ թերթեր: Տեղեկացնենք, որ Ստեփանակերտում հայաստանյան թերթեր վաճառվում են միայն գրքերի մի խանութում, որի մասին ոչ բոլորը գիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter