Ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել սերտիֆիկատ չունեցող ձեռնարկություններից
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հնդկաստանի Հանրապետությունում մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու եւ վերամշակման գործընթացին ծանոթանալու արդյունքներին։
Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանը։ Նա նշել է, որ Հայաստանից Հնդկաստան մեկնած պատվիրակությունն օգոսոտոսի 2-ից 9-ը այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից։
Մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով։ Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ։ Պատվիրակության ղեկավարը նշել է, որ խումբը եղել է նաեւ այնպիսի ընկերություններում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, եւ որ մսի ներկրումը պետք ապահովել պետական լուրջ հսկողության ենթարկվող ձեռնարկություններից։
Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաեւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ։ Հնդկասատանում այդ չափանիշներին համապատասխանում են 17 ընկերություններ, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում։ Մինչդեռ ներմուծված մսի 21 տոկոսն է միայն ձեռք բերվել վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից։
Վարչապետի խոսքով, ՀՀ պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ տեղի է ունեցել կեղծարարություն, այսինքն` Հայաստան միս ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել այն ձեռնարկություններից, որոնք համապատասխան սերտիֆիկատ չունեն, իսկ մաքսային փաստաթղթերում ձեւակերպել են այն ընկերության անունը, որն ունի սերտիֆիկատ։ «Մեր նպատակն է նվազեցնել այդ ոլորտում ռիսկերը եւ դրանք մեզ համար դարձնել հասկանալի եւ կանխատեսելի։ Շատ երկրներ արգելում են Հնդկաստանից մսի ներմուծումը` հաշվի առնելով մսի որակական հատկանիշները եւ այն, որ այդ ռիսկերը կառավարելի չեն։ Մենք պետք է պատշաճ մակարդակ ունեցող ձեռնարկություններից միս ներկրենք, պետք է լինենք շատ կոշտ եւ սկզբունքային այս հարցում եւ մինչեւ վերջ մեր սկզբունքները պետք է պահպանենք։ Միայն համպատասխան սերտիֆակացված միսը մենք կարող ենք թույլ տալ ներմուծել Հայաստան, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչներին, ազգաբնակչությանը որեւէ ռիսկ չի սպառնում»,- ասել Տիգրան Սարգսյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հանրապետություն ներմուծվող մսամթերքի նկատմամբ, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ օպերատիվ աշխատանքներ իրականացնել ներմուծվող ընկերությունների կողմից աղաղակող թերությունները բացառելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել