Ականատե՞ս է
Ռուբեն Թորոսյանը Մարտի 1-ին հրազենից վիրավորված քաղաքացիներից մեկն է, ով բառիս բուն իմաստով հրաշքով է ողջ մնացել: Ճակատի մասում նրան վիրավորած անձը մինչև օրս անհայտ է, և դժվար թե առաջիկայում հայտնաբերվի:

Թորոսյանը վիրավորվել է Լեո փողոցում գտնվող իր տան պատշգամբում` ճակատին արձակված դիպուկ կրակոցից: Գնդակն անցել է երկու կիսագնդերի միջով. Թորոսյանը հրաշքով ողջ է մնացել: Այս դեպքն առավել ուշագրավ է դառնում, երբ այն դիտարկում ենք Մարտի 1-ի տասը զոհերից մեկի` ՀՀ ոստիկանության զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի սպանության կողքին: Թորոսյանը վիրավորվել է Տիգրան Աբգարյանի վիրավորվելու վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող պատշգամբում` ժամը 21:30-ի սահմաններում:
Տիգրան Աբգարյանը հիվանդանոց է հասցվել ժամը 22:20-ին, իսկ վիրավորվել է դրանից մոտ մեկ ժամ առաջ: Ակնհայտ է, որ Թորոսյանի և Աբգարյանի միաժամանակ վիրավորվելը ոչ պատահականություն է, ոչ էլ` զուգադիպություն:
Քոչարյանը Տանզանիայում
Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, ուրբաթ օրը Երևան-Դուբայ չվերթի ուղևորների մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանը` իր ավագ որդի Սեդրակի հետ: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը տեղավորվել է բիզնես կլասում, և օդանավի ուղևորները միայն Դուբայի օդանավակայանում են տեսել նրան, երբ վերջինս դիմավորել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը: Օդանավակայանի բիզնես-սրահում ճաշելուց հետո, ըստ Դուբայի մեր աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Տանզանիա` որսի:
Նիկոլ Փաշինյանի գործը ԵԴ-ում է
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանները նախօրեին բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանները բողոքարկել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հանգամանքը: Փաստաբան Արթուր Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասաց, որ Եվրադատարանին ներկայացրած իրենց նախնական գանգատում փաստել են, որ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու արդյունքում խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքները:
Մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը խախտվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի դեպքում առկա չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը:
«Նիկոլ Փաշինյանը քրեորեն հետապնդելի որևէ արարք չի կատարել և ընդամենը իրացրել է իր արտահայտվելու իրավունքը` ելույթների և հրապարակումների ձևով: Բոլորին հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները արհեստական քրեականացնելով` այժմ տեղի է ունենում քաղաքական հետապնդում»,- ասաց փաստաբանը:
Բրայզան չգիտի
«Ինքս հաստատ չգիտեմ, թե Թուրքիան երբ կհամաձայնի առաջ շարժվել գործողությունների ուղեցույցի և շրջանակային համաձայնագրի գործադրման ուղղությամբ, բայց մենք հուսով ենք, որ դա շուտով կպատահի»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «Հրապարակին» տված բացառիկ հարցազրույցում:
Դժգոհություններ են կուտակվում
Մի քանի օր է` Խորենացու փողոցի` «բաղնիքի» մոտ գտնվող ոսկու շուկայում կրկին դժգոհություններ են կուտակվում: Պետ. եկամուտների նախարարությունը սկսել է համատարած տուգանել վաճառողներին` ՀԴՄ-ները չօգտագերծելու և ստվերային առևտուր անելու համար:
Վերջերս հարկային տեսուչներն այցելել են ոսկու շուկա, ստուգել են ՀԴՄ սարքերը, և տեսնելով, որ որոշ տեղերում կտրոններ չեն խփել, առանց որևէ այլ տեղեկություն և ապացույց ունենալու, որոշել են համատարած տուգանել բոլորին` 75 000 դրամի չափով, անկախ նրանից` մարդն առևտուր արել է, թե ոչ: Այսպես ասած, ելել են մեղավորության կանխավարկածից` եթե ՀԴՄ կտրոն չես խփել, ուրեմն օրենք ես խախտել: Մինչդեռ չի բացառվում, որ մարդն ընդհանրապես առևտուր արած չլինի: Վաճառողները, բողոքելով այս տուգանքների դեմ, հայտարարում են, որ սա նոր սոցիալական բունտի տեղիք է տալու, և հիշում են, թե ինչպես էր շուկա այցելած վարչապետը խոստանում, որ մանր ու միջին բիզնեսը մեկուկես տարով ազատվում է բոլոր տեսակի ստուգումներից ու ճնշումներից: Մարդիկ այս ստուգումները վերագրում են ամեն գնով պետբյուջեն լցնելու հրահանգներին:
«Լոպազության» տարբերակները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վերջին ծրագրային ելույթում կոչ արեց ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին` կապել ամրագոտիները, արդարացիորեն շեշտելով, որ առանց ամրագոտիների երթևեկելը «լոպազություն է»:
Համաձայնելով հարգարժան վարչապետի հետ, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է երթևեկության կանոնները հարգելուց, ուզում ենք հարցնել նրան` կարելի՞ է արդյոք ինտեգրվել եվրոպական ընտանիքին առանց պետհամարանիշերի: Տարբեր օրերին արված թերթի լուսանկարից երևում է, որ պետական գործերով վարչապետին տեղափոխող թե «BMW»-ն, թե «Մերսեդես Բրաբուսը» պետհամարանիշեր չունեն` խախտում, որի համար նախատեսված է 100 000 դրամ տուգանք: Արդյոք այդ ձևով երթևեկելը լոպազություն չէ՞:
Արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն արտահերթ զեկույց է պատրաստում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ: Զեկույցը պատրաստ կլինի և հանրությանը կներկայացվի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Արմեն Հարությույանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ զեկույցում մեծ տեղ է հատկացվելու մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված դատավարություններին:
Իսկ ո՞րն է եղել դատական համակարգի վերաբերյալ արտահերթ զեկույց կազմելու պատճառը: «Սեփականության և այլ իրավունքների ոտնահարումը, արդար դատաքննոթյան իրավունքը»,-մարտի 1-ի դատարվարություններից անցում կատարելով` ասել է նա:
Գո՞րծ են հարուցել
Թերթի տեղեկություններով, Արմավիրի մարզում տեղակայված «Չոբանքյարա» կոչվող զորամասերից մեկում երկու զինվորիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «ծառայությունից խուսափելու նպատակով առողջությանը ծանր վնաս հասցնելու» մեղադրանքով. Նրանք ինքնասպանության փորձ են կատարել:
Զինվորներին սպառնում է 1/5 տարի ծառայություն կարգապահական գումարտակում, որի հետևանքով նրանց ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի 3,5 տարի:
Թերթը Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ Սեյրան Շահսուվարյանից փորձել է ճշտել,, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նա ասել է, թե աս պահին նման տեղեկություն չունի, և որ գրավոր հարցման դեպքում կճշտի Դատախազությունից:
Համաճարակ չկա
Հայաստանում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է:
Օգոստոսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվության համաձայն` աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` ընդգրկելով նոր երկրներ, որոնք պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպին 177.457 դեպքի, այդ թվում` 1.462 մահվան դեպքի մասին:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվության համաձայն` ԱՄՆ-ում օգոստոսի 13-ի դրությամբ 51 նահանգում և 4 տարածաշրջանում արձանագրվել է 7. 511 հոսպիտալացված դեպք, որից 477` մահվան ելքով:
Հիշեցնենք, որ H1N1 վիրուսով հարուցված գրիպի ախտանիշներն են բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինի, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 7 օր: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: ԱՀԿ-ն չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանը: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիչմել բժշկական օգնության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել