Խիստ վերահսկողություն` սպառողական շուկայում
Սննդամթերքի անվտանգության հարցն օրերս հայտնվել է ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Առիթը թերեւս բնակչության շրջանում թունավորումների վերաբերյալ շրջանառվող լուրերն էին, ըստ որոնց, որպես մարդկանց թունավորումների պատճառ բնակիչները նշում են ձմերուկը, իսկ բժիշկների պնդմամբ` նման ոչ մի դեպք չկա, եւ մարդու վատառողջության պատճառը ոչ ճիշտ սնվելու եւ ոչ պատշաճ ձեւով մշակված սնունդ օգտագործելն է:
Հենց այդ թեման էլ քննարկվեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ օրերս հրավիրված խորհրդակցության ժամանակ, որտեղ ներկայացվեցին հանրապետության համաճարակաբանների կողմից ձմերուկի շուկայի ուսումնասիրության արդյունքները. հետազոտության է ենթարկվել Ասկերանի, Մարտունու եւ Քաշաթաղի շրջաններում թվով 16 դաշտերում աճեցված ձմերուկը: Ստուգվել է նիտրատների քանակը, որը նորմալ էր Մարտունում եւ Քաշաթաղում, ինչպես նաեւ Ասկերանի 12 դաշտերում աճեցված ձմերուկի մեջ: Նիտրատների չափաքանակի խախումներ են արձանագրվել Ասկերանի շրջանի երկու դաշտերից վերցված նմուշներում` մեկ կիլոգրամում հայտաբերվել է 280-ից 360 միլլիգրամ նիտրատ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նշված պտուղը պիտանի չէ վաճառքի համար, որն էլ պատճառ է հանդիսացել ստուգված ձմերուկը վաճառքի կետերից վերցնելու համար:
Վարչապետի հանձնարարականով պետք է կարճ ժամանակամիջոցում ստուգել ձմերուկի բոլոր դաշտերը, որին կհաջորդեն նաեւ վերոնշյալ դեպքերի կանխարգելիչ աշխատանքները:
Պարենային անվտանգության հարցերին երեքշաբթի օրը նորից է անդրադարձել վարչապետը` կառավարության նիստում, որի ընթացքում կառավարության հաստատմանն էր նաեւ ներկայացված սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների եւ սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը:
Վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ այսօր էլ կարելի է խանութներում ժամկետանց ապրանքների հանդիպել, որոնք լուրջ վնաս կարող են հասցնել գնորդների առողջությանը: Այդ իսկ պատճառով նա լիազոր մարմնին հանձնարարեց խստացնել վերահսկողությունը, հաճախակի ստուգումներ անցկացնել` սպառողական շուկայում ժամկետանց ապրանքների վաճառքը բացառելու նպատակով: Իսկ անորակ, ժամկետանց եւ առանց սերտիֆիկատի սննդամթերք հայտնաբերելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը օրենքի շրջանակներում կենթարկվի համապատասխան պատժամիջոցների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել