HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործազուրկների 71 տոկոսը կանայք են, 29-ը` տղամարդիկ

Օգոստոսի 1-ի դրությամբ մեր հանրապետությում գործազրկության մակարդակը կազմում է 7 տոկոս, ինչը տարեսկզբի համեմատ 0.7 տոկոսով բարձր է: Կան  զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված շուրջ 101 000 աշխատանք փնտրողներ, և նրանցից գործազուրկի կարգավիճակ ունեն ավելի քան 84 հազարը: Տարեսկզբի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է 10 000-ով, իսկ աշխատանք փնտրողների թվաքանակը` շուրջ 8 տոկոսով: «Նովոստի» մամուլի կենտրոնի հյուրն այսօր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանն էր, ով լրագրողներին ներկայացրեց վերոնշյալ տվյալները: Այս պահի դրությամբ գործազուրկների 71 տոկոսը կանայք են, 29-ը` տղամարդիկ: Հաշվառված գործազուրկների 14 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, 25 տոկոսը` միջին մասնագիտական, 52 տոկոսը` ընդհանուր կրթություն, մնացածը` ավելի ցածր: Գործազուրկների շուրջ 20 տոկոսը երիտասարդներ են: «Ընդհանուր առմամբ, այն կանխատեսումը, որ ավելի մեծ տեմպերով կաճի գործազուրկների թվաքանակը, չիրականացավ, չնայած իրական գործազրկության մակարդակը տարբերվում է պաշտոնական տվյալներից: Մենք ունենք 2006 թ. տվյալները Համաշխարհային բանկի կողմից ԱՄԿ-ի մեթոդոլագիայով կատարված հետազոտության, որտեղ գործազրկության մակարդակը հաշվարկվում է 26, 6 տոկոս: Ու որպեսզի մեզ համար պարզ լինի նաև մեր ծրագրերի հասցեականությունը, և տարածքային ուղղվածությունն ավելի արդյունավետ լինի, մենք պատվիրել ենք մշակել նաև տեխնիկական առաջադրանք հետազոտություն, որը  հնարավորություն կտա հետազոտելու իրական գործազրկության մակարդակը, գնահատելու և համապատասխան ծրագրեր մշակելու»,- ասաց նա: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իրականացնում է մի  շարք ծրագրեր, որոնցից է, օրինակ, մասնագիտական ուսուցման ծրագիրը, որը նախատեսվում է և’ հաշմանդամների համար, և’ երիտասարդների, որոնք չունեն ապահովագրական ստաժ, և’ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցածների համար: «Արդեն 700 անձ առաջին յոթ ամիսների ընթացքում ընդգրկվել է մասնագիտական ուսուցման ծրագրերում, ընդ որում` նրանց աշխատանքի տեղավորման  հավանականությունը շատ ավելի մեծ է, կազմում է 70 տոկոս: Այլ ծրագրեր նույնպես նախատեսվում են»,- ասաց Սոնա Հարությունյանը` հավելելով, որ իրենց գործակալությունը, որը լիազորված է նաև հետազոտություններ իրականացնել նաև աշխատաշուկայի ուսումնասիրման և կանխատեսման բնագավառում, իրականացնում է գործատուների հետազոտություն հարցարթերթիկի միջոցով: Տնտեսական ճգնաժամի հետևանքով գործազուրկների քանակը կտրուկ ավելացել է: Ս. Հարությունյանի խոսքով` հուլիսի մեկից հետո նրանց թիվը կազմեց 5600 անձ, որոնք կրճատվել էին ու հասցրել հաշվառվել զբաղվածության տարածքային կենտրոններում: Կրճատվածների թիվը, սակայն, շատ ավելին է, քան հաշվառվածներինը: Երիտասարդ մասնագետներն այսօր աշխատանքային փորձ չունենալու հետևանքով հաճախ մնում են առանց աշխատանքի: Ս. Հարությունյանի հավաստմամբ` դա լուրջ խնդիր է, իրենք ունեն հաշվառված երիտասարդներ, որոնք աշխատանքային փորձ չունեն, իսկ գործատուի համար նման երիտասարդին աշխատանքի ընդունելը որոշակի ռիսկ է: «Բարեբախտաբար, աշխատանքային փորձ չունենալը խոչընդոտ չեղավ մասնագիտական ուսուցման կազմակերպման համար, և մեր փորձնական ծրագրի շրջանակներում նրանց ընդունեցին աշխատանքի: Վեց ամիս երիտասարդին աշխատավարձ էր ճարվում, բայց նա աշխատում էր գործատուի մոտ, ու ծրագրի արդյունքում գործատուն նաև ընտրելու հնարավորություն է ունենում ու լավագույններին ընդունում է աշխատանքի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter