HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդենիսի գործող քաղաքապետը «ներում» է նախորդի թերությունները

20_08-v_khloyan«Քաղաքապետարանն ընդունել եմ 45 միլիոն դրամ պարտքով, որից 6 միլիոն 12.900 դրամը միայն տույժ-տուգանքներն են կազմում` սոցվճարների ուշացման համար: Սկզբում եղել է 7 միլիոն պարտք, փոխանակ այդ 7 միլիոնը վճարեն, որ տույժ-տուգանք չլինի` թողել են տույժը եկել, պարտքի հետ հավասարակշռվել է»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Նրա ասելով` այդ պարտքը 2 տարում է գոյացել: Գումարներ եղել են, բայց դրանք այլ ծախսերի համար են օգտագործվել, եւ աշխատավարձերն ու սոցվճարները չեն վճարվել: «Եթե այդպես էր, ապա եթե միայն դոտացիան նպատակաուղղեին աշխատավարձերի վճարմանը, գումարը կբավականացներ, դեռ մի բան էլ կավելանար: Իմ ընտրվելուց հետո մոտ 6 միլիոն աշխատավարձի պարտք եմ փակել, հիմա էլ ամեն ամիս բոլոր վճարումները կատարում ենք, դրան զուգընթաց էլ` բազմաթիվ միջոցառումներ ենք քաղաքում կազմակերպում»,- ավելացրեց քաղաքապետը: Մեր այն հարցին` «որպես իրավահաջորդ քաղաքապետ չեք ուսումնասիրել, թե պարտքերն ինչ պատճառներով են գոյացել», Վոլոդյա Խլոյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` ես հետամուտ չեմ եղել, թե աշխատավարձի համար նախատեսված գումարները նախկինում ինչի վրա են ծախսվել: Չեմ էլ ուզել ուսումնասիրեմ` դա իմ գործը չի: Դե, որպես իրավահաջորդ` պարտավոր եմ ամեն ինչ իմանալու, իրազեկված եմ, ուղղակի չեմ ուզում ասեմ: Կներեք, բնավորությանս գիծն է այդպիսին»: Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Ադիբեկ Սահակյանն ասաց, թե չի հիշում 45 մլն պարտքի մասին: «Իմ հիշելով` այդքան պարտք չի ունեցել Վարդենիսի քաղաքապետարանը: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ իրենց պարտքը կազմում է 28 մլն 890 հազար դրամ»,- նշեց Ա. Սահակյանը: Նշենք, որ Վարդենիսի նախկին քաղաքապետ Վարդան Բարսեղյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանի եղբայրն է: Վարդան Բարսեղյանն էլ արդարացավ, դեռ մի բան էլ գործող քաղաքապետին մեղադրեց, որ պարտքերը իրենից է «ժառանգել»: «Վոլոդյա Խլոյանին ոչ թե 45 միլիոն պարտք եմ փոխանցել, այլ 25 միլիոն: Բայց այդ 25 միլիոնից 18 միլիոնը ժառանգել եմ հենց Վոլոդյա Խլոյանից, քանի որ մինչեւ 2005 թվականը նա էր քաղաքապետը»,-ասաց Վ. Բարսեղյանը: Նա հերքեց Վ. Խլոյանի այն խոսքերը, թե քաղաքային բյուջեում աշխատավարձերի համար գումար եղել է ու ինքը դրանք ուղղել է այլ ծախսերի համար: «Իմ քաղաքապետ եղած տարիներին սոցվճարները 5 հազարից բարձրացավ 7 հազար դրամ, բացի դա` ավելացավ նաեւ նվազագույն աշխատավարձը ու ես չէի կարողանում դրա տակից դուրս գալ, քանի որ դոտացիան չէր ավելացել: Դուք պատկերացնում եք` 250 աշխատող կա քաղաքապետարանի ենթակայության տակ ու ես ի վիճակի չէի նրանց աշխատավարձերը վճարելու` հենց սոցվճարի ու նվազագույն աշխատավարձի բարձրացման պատճառով»,-նշեց նախկին քաղաքապետը: Նրա ասելով գումարներ իրոք եղել են ֆոնդային բյուջում, բայց օրենքը թույլ չի տալիս դրանք աշխատավարձերի վճարմանը հատկացնել: «Ես դիմել էի կառավարությանը, որպեսզի թույլ տային աշխատավարձերը վճարեմ հենց ֆոնդային բյուջեի միջոցներից, բայց քանի որ օրենքի խախտում էր` թույլ չտվեցին»,-ավելացրեց Վ. Բարսեղյանը: Վարդենիսի բյուջեն 163 միլիոն է, իսկ կառավարության տրամադրած դոտացիան` 200 միլիոն դրամ: Վոլոդյա Խլոյանի ասելով` բավականին անճշտություններ կան հատկապես հողի եւ գույքահարկի բազայում: «Հարկային տեսչության կողմից գրվել է 73 միլիոն դրամ ապառք, իսկ ես վերահաշվարկ եմ կատարել ու պարզել եմ, որ ապառքը կազմում է 27 միլիոն դրամ, ոչ թե 73 միլիոն: Թե ինչ են արել, ով է այդ սուտ թիվը գրել` չգիտեմ: Անճշտություններն այնքան շատ են, որ փաստաթղթեր կան, որտեղ այս տարածքում ապրած թուրքերի անունները մնացել են: Հիմա արդեն պարտքի ցուցակներից թուրքերի անունները հանել ենք»,- նշեց քաղաքապետը: Վ. Խլոյանին հարցրինք, թե հիմնականում ինչ նպատակներով է ծախսվում քաղաքային բյուջեն: «Հիմա մեր բյուջեով հազիվ կարողանում ենք աշխատավարձերն ու սոցվճարները փակել ու մի երկու միջոցառում կազմակերպել` հազիվ է բավականացնում: Եթե ուզենանք բարեկարգման կամ քաղաքի լուսավորման աշխատանքներ կատարել` անհնար է»,- ասաց քաղաքապետը: Նա խոստովանեց, որ Վարդենիսը «տեղով հիմնախնդիր է», քանի որ քաղաքում անելիքները շատ են: «Երեւի գիտեք, որ Վարդենիսում ճանապարհաշինություն է գնում: Շնորհակալ եմ հանրապետության նախագահին, որ 264 մլն դրամ հատկացրին 2.5 կմ ձգվող հիվանդանոց տանող ճանապարհն ամբողջապես վերանորոգելու համար: Կմնան միայն մայթերն ու եզրաքարերը, երեւի դա էլ մյուս տարի կխնդրենք` էլի գումար տրամադրեն»,- ասաց Վ. Խլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter