HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արծվիկ Մինասյան. «Ընդամենը վերահաստատվեց մոնոպոլ տեղական ինքնակառավարման մի համակարգ»

11_05-a_minasyan«Այն, ինչ ձևավորվել է այսօր Երևանում տեղական ինքնակառավարման մակարդակով, իրականում ոչ մի կապ չունի թե' Սահմանադրության և թե' միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղական ինքնակառավարման հետ: Ընդամենը վերահաստատվեց մոնոպոլ տեղական ինքնակառավարման մի համակարգ, որը հաշվի չի առնում ո'չ ժողովրդի ցանկությունը, ո'չ հասարակության կարծիքը: Առավել ևս, նախընտրական որևէ խոստում իրականություն չդարձավ»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետի ընտրությունները: Պատգամավորի համոզմամբ` ընդամենը երկու ուժի մասնակցությունը քաղաքապետարանում` ավագանու մակարդակով, չի երաշխավորում մայրաքաղաքի կայուն զարգացում: «Քաղաքապետարանը կարող է արդյունավետ աշխատել այն ժամանակ, երբ հաղթող քաղաքական ուժն իրեն վերահսկելու իրավասությունը վերապահում է իր ընդդիմախոսներին: Հակառակ դեպքում հնարավոր չէ ապահովել արդյունավետ աշխատանք: Համակարգը կվերածվի և արդեն վերածվել է ընդամենը սեփական շահերը հետապնդող կառույցի»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Բանախոսը նշեց, որ Երևանի բյուջեի և ապագա զարգացման ծրագրի ճշգրտումներ չարվեցին, և Երևանի զարգացման ծրագիր չկա: Կա սոցիալ-տնտեսական զարգացման մի փաստաթուղթ, որը հաշվի չի առել տնտեսական ճգնաժամի հետևանքները: Սրան համապատասխան` կա նաև նախկին համայնքային բյուջեների մի համախումբ, որը չի վերածվել մայրաքաղաքի բյուջեի, ինչպես նաև չեն արվել ճշգրտումներ: «Ես բան չունեմ ասելու այն մարդկանց, որոնք նվաճել են այդ պաշտոնները (ես «նվաճել» բառը այստեղ ասում եմ ուղղակի իմաստով): Ես խոսելիք ունեմ մեր հասարակության հետ, մեր լրագրողների հետ. իսկ մենք ի՞նչ ենք անում, որպեսզի այդ ավագանին կարողանա իսկապես դառնալ այն ուժը, որ վերահսկի և պարտադրի քաղաքապետին և քաղաքապետական համակարգին Երևանի զարգացման ծրագիրը: Դուք տեսեք ավագանու անդամների կազմը, վերլուծեք. արվեստագետներ կան, ովքեր, մտնելով քաղաքականության մեջ, կարծում եմ` դադարեցին նաև մշակութային գործիչ լինելուց»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ասաց, որ հունիսի 12-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցության կոչ արեց ընդդիմությանը, և հարցրեց բանախոսին, թե արդյոք ՀՅԴ-ն քննարկե՞լ է այս առաջարկը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ ներկայումս ՀՅԴ-ի պլատֆորմը մշակման և քննարկման փուլում է և կհրապարակվի, հավանաբար, սեպտեմբերին: Պլատֆորմում ներկայացված են կուսակցության կողմից կարևորվող հարցերը` «ազգային, ընկերվարական և ժողովրդավարական ուղղություններով, նաև գնահատականներ: Կարծում եմ` Գերագույն մարմինը հանդես կգա նաև կոնկրետ ուղղություններով»: Բացի սրանից` Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, ՀՅԴ-ն հանրահավաք է կազմակերպում, որի ժամանակ նորից ներկայացնելու է կուսակցության դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: «Անցած անգամ պրն Նալբանդյանի հրաժարականն էիք պահանջում: Իսկ այս անգամվա հանրահավաքում ո՞ւմ հրաժարականն եք պահանջելու» լրագրողի հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Արտգործնախարարի հրաժարականը դեռևս շարունակվում է»: ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ համագործակցության հնարավորությանը անդրադառնալով` Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ իրենց համար ընդունելի է ազգային մտածողություն ունեցող ցանկացած մարդ, ում համար արժեք են հայ ազգի ամրացումը, սոցիալապես և տնտեսապես հզորացումը, ժողովրդավարության ամրապնդումը: Ըստ նրա` այսօր, դժբախտաբար, Հայաստանում ազգային գաղափարախոսության պակաս կա, ինչի մասին փաստում է Արցախի շուրջ ընթացող ներազգային քննարկումների բովանդակությունը: «Ի վերջո, ազգային գաղափարախոսություն չունեցող ժողովուրդը չի կարող ապագա ունենալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter