HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արծվիկ Մինասյանը Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը գնահատեց «2»

16_02-a_minasyan«Կառավարությունը իսկապես պետք է վերանայի իր քաղաքականությունը, իր մոտեցումները և իրականացնի իսկապես արդյունավետ քաղաքականություն. միայն խոսքերով կամ արտահայտված մտքերով կամ ամրագոտիներ կապելով չենք կարող պայքարել ճգնաժամի դեմ: Այլ կերպ ասած` կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը ես այսօր գնահատում եմ (եթե 5 բալանոց սանդղակը վերցնենք) «2» գնահատականով»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում բավարար կերպով չընկալվեց կառավարման, որոշման ընդունման մակարդակում. ՀՀ վարչապետն անընդհատ հերքում էր ճգնաժամի գոյությունը կամ դրա բացասական ազդեցությունների հնարավորությունը, բայց հետագայում ստիպված եղավ ընդունել այն: Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետը բավականին դիպուկ է ներկայացրել հակաճգնաժամային ծրագիրը, ինչպես նաև սպասվող ռիսկերը: Պատգամավորն այդ ծրագրից առանձնացրեց պահանջարկի նվազման մոտեցումը, այսինքն` տրանսֆերտների կտրուկ անկումը հանգեցնելու է երկրի ներսում նաև վճարունակ պահանջարկի նվազեցմանը: Նրա գնահատմամբ` արդարացի էր, որ վարչապետը կառավարության քաղաքականությունը ուղղորդեց այդ պահանջարկի խրախուսմանը: «Սակայն երբ այսօր մենք տեսնում ենք իրականացվող քաղաքականությունը, ես կարող եմ գնահատել, որ բացարձակ այդ ուղղությամբ քայլ չկա: Արդյունքում մենք հայտարարում ենք, որ «խրախուսում ենք համախառն առաջարկը, այն է` արտադրողներին, ծառայություններ մատուցողներին տալիս ենք որոշակի ֆինանսական միջոցներ», բայց դրան համարժեք` սպառողներն ունե՞ն, արդյոք, անհրաժեշտ եկամուտը, որպեսզի պահանջարկ ներկայացնեն: Այս ուղղությամբ քայլ չի արվում: Այլ կերպ ասած` մեզ մոտ այս ուղղությամբ կիսատ-պռատ քաղաքականությունը չի կարող երաշխավորել արդյունավետ առաջընթաց»,- ասաց պատգամավորը: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը դրդել ՀՅԴ-ին հրապարակային ակցիաներ կազմակերպել` Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկացած ուժ, որն իրեն համարում է սոցիալական կամ սոցիալիստական ուղղվածության ծրագրերի ջատագով, այդ փուլում այդպիսի ալիք բարձրացնելու հնարավորություն ունի: Միաժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ իրենց խնդիրն է ոչ թե թույլ տալ, որ Կառավարությունը «սխալվի և հետո հարվածել», այլ «փորձել կանխել, կառավարությանը վերաուղղորդել ճշմարիտ քաղաքականություն»: Արծվիկ Մինասյանի խոսքերով` սոցիալական քաղաքականության կենտրոնական տեղում պետք է լինի կենսապահովման նվազագույն բյուջեն: Եթե պետությունը քաղաքացու համար չի երաշխավորում դրան համարժեք եկամուտ, քաղաքացին դառնում է անհանդուրժող և ըմբոստ: Այդ պատճառով, բանախոսի համոզմամբ, Կառավարությունը պարտավոր է վերանայել սոցիալական քաղաքականությունը: Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ առաջիկա նստաշրջանների ընթացքում կյանքի կկոչվի «Կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է արդեն 2 տարի: «Մեր երկրում կենսապահովման նվազագույն բյուջեն, վերջին հաշվարկների համաձայն, 48 հազ. դրամի կարգի է: Եթե սա հիմք հանդիսանա նաև աղքատության գիծը որոշելիս, ինչը նաև կոալիցիոն կառավարության հիմնական կետերից մեկն է, այդ դեպքում աղքատության մակարդակը մեր երկրում կմոտենա 50 տոկոսի: Իսկ միջին աշխատավարձը երկում 98 հազար դրամ է: Պատկերացրեք` այս պայմաններում ինչպե՞ս կարող է միջին խավ ձևավորվել: Հետևաբար, հրատապ ու տրամաբանական պահանջ է առաջանում, որ Կառավարությունը պետք է աշխատավարձի և եկամուտների բարձրացման քաղաքականություն իրականացնի: Ինչքան էլ Կառավարությունը փորձի ջայլամի քաղաքականություն վարել` գլուխը կոխելով ավազի մեջ, ցուց չտալով, որ ինքը տեսնում է այդ ամենը, բայց եթե քաղաքացին չունի անհրաժեշտ եկամուտը, անհրաժեշտ նպաստը, անհրաժեշտ մեծության կենսաթոշակը, հնարավոր չէ հույս դնել, որ այդ քաղաքացիները նաև արդար ընտրություն կկազմակերպեն կամ կկատարեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա իրատեսական չհամարեց կառավարության կանխատեսումը, ըստ որի` մինչև տարվա վերջ Հայաստանում 15 տոկոս տնտեսական անկում կլինի: Արծվիկ Մինասյանի կանխատեսմամբ` անկումը կկազմի մոտ 20 տոկոս: «Մեր տնտեսությունը չափազանց մեծ կախվածություն ունի հատկապես ռուսական տնտեսությունից, իսկ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հերթական ալիքն է գալիս»,- ասաց նա: Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ բյուջեի կատարման առումով Հայաստանում որևէ խնդիր չկա, և վարկային այն միջոցները, որոնք Կառավարությունը վերցրել է, միանգամայն բավարար են ծախսերը իրականացնելու համար: «Սակայն խնդիրը հետևյալն է. ի՞նչ ուղղություններով և որքա՞ն արդյունավետ են այդ միջոցները ծախսվում: Եթե ծախսվելու են այնպես, ինչպես ներկայումս է Կառավարությունը դա տեսնում կամ պատկերացնում, ապա սա չի բերելու տնտեսության զարգացմանը, վերելքին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում նկատվող դոլարի արժեզրկումը նշանակո՞ւմ է, որ Կենտրոնական բանկը վերադարձել է ոչ ազատ փոխարժեքի քաղաքականության` Արծվիկ Մինասյանն ասաց, որ աշխարհի որևէ երկրում չկա բացարձակ ազատական կամ խիստ վերահսկվող փոխարժեքի քաղաքականություն: «Միշտ էլ կարգավորման կամ միջամտության անհրաժեշտություն կա: Սակայն այն, ինչ Հայաստանի Կենտրոնական բանկն իրեն թույլ տվեց նախորդ տարեվերջին, և այն հայտարարությունը, որը եղավ մարտի 3-ին, ես համարում եմ կոպիտ սխալ: Եթե դուք ուսումնասիրեք վարչապետի տված հաշվետվությունը` հակաճգնաժամային քաղաքականության մասին, շատ գեղեցիկ ձևով փորձում է հիմնավորել այդ քայլի ճշմարտացիությունը, ինչը ես համարում եմ թե' տնտեսագիտական և թե' քաղաքական մակարդակով բացարձակ անհեթեթություն. չէր կարելի նման միջոցներով պահել այդ կուրսը: Ավելին, անհրաժեշտ էր, որ կուրսի փոփոխությունը լիներ աստիճանաբար»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ ներկայումս Հայաստանի ֆինանսական ողջ շուկան վերահսկում և կարգավորում է Կենտրոնական բանկը, ինչը շահերի բախում է առաջացնում. «ԿԲ-ն` որպես դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմին, չի կարող համարժեք և արդյունավետ քաղաքականություն իրականացնել ֆինանսական շուկայի կարգավորման ոլորտում, ինչպիսին բորսաներն են, կապիտալի շուկաներն են կամ արտարժույթի շուկաները»: Այդ պատճառով, Արծվիկ Մինասյանի համոզմամբ` Կառավարությունը պետք է ԿԲ-ին թողնի դրամավարկային քաղաքականությունը և ԿԲ-ի փոխարեն ստեղծի ֆինանսական շուկան կարգավորող և վերահսկող նոր մարմին, որը պետք է զերծ լինի ԿԲ-ի ճնշումներից և շահերի բախման այս համատեքստում պաշտպանի ոչ թե բանկի քաղաքականությունը, այլ ֆինանսական շուկայի մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter