Ըստ Արծվիկ Մինասյանի` օգտագործման ոչ ենթակա մսի ներմուծումը Հայաստան համակարգային խնդրի հետևանք է
«Երեկ վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ բացահայտում կատարվեց, որ Հնդկաստանից հոտած գոմեշի միս են բերել Հայաստան, և դա վերածվել է նրբերշիկի և այլնի: Այն ժամանակ, երբ դա բերվել է Հայաստան, գյուղատնտեսության նախարարը եղել է Ձեր կուսակցության անդամը` Արամայիս Գրիգորյանը: Դուք երեկվա այդ բացահայտումից հետո փորձե՞լ եք արդեն նախկին գյուղնախարարից ճշտել` ինքը տեղեկություն ունեցե՞լ է մսի ներկրման մասին»: Այս հարցը լրագրողն ուղղեց Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատգամավորը պատասխանեց. «Ցանկացած ապրանքի ներմուծում Հայաստան առաջին հերթին հարկային, մաքսային մարմինների գործն է: Գյուղնախարարությունը ունի որակի նկատմամբ հսկողական ֆունկցիա: Եվ այն համակարգը, որն այսօր գործում է, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է վերցրել այդ նախարարության պատասխանատվությունը, չի կարող ապահովել արդյունավետորեն, որովհետև եթե համակարգն ամբողջությամբ ծառայում է օլիգարխիկ տնտեսական շահին, այստեղ որևէ նախարար չէր կարող որևէ ազդեցություն ունենալ»:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ` խնդիրը «համակարգային» է` սկսած արտադրող երկրից, վերջացրած Հայաստան ներմուծվող և շուկաներ հանվող ապրանքների նկատմամբ հսկողական համակարգից: Նրա խոսքերով` խախտումները բացահայտելու ամենակարճ ճանապարհը մաքսային, հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողությունն է:
Լրագրողը հարցրեց, թե արդյոք հնարավո՞ր է, որ օգտագործման ոչ ենթակա մսի մասին խոսվեց այն նպատակով, որ հնարավորություն լինի ուղղորդել սպառողին կոնկրետ արտադրողի նրբերշիկ գնելու, և «իրենց մարդն արդեն միս կամ նրբերշիկ ներմուծի»:
«Ես, իհարկե, Ձեզ նման կարող եմ ենթադրություններ, դատողություններ անել, ինչը ճշմարտությանը կարող է նաև մոտ էլ լինել: Ես չեմ բացառում, որովհետև մեզ մոտ, ցավոք, մոնոպոլիզացիայի աստիճանը և օլիգարխիկ համակարգը չափազանց խորը հիմքեր ունեն: Եվ այդ տեսանկյունից որևէ այդպիսի պնդում անել, որ «դա արվել է դիտմամբ` այս նպատակով կամ այն նպատակով», կարծում եմ` այս պահին ճիշտ չէ, տեղին էլ չէ»,- պատասխանեց պատգամավորը:
Նա նշեց, որ նման դեպքերի համար կան համապատասխան` իրավապահ մարմիններ: Այլ բան է, որ եթե վարչապետի մակարդակով նման հայտարարություն է արվում, ինքը` որպես ԱԺ պատգամավոր, կարող է պահանջել, որ առնվազն քրեական գործ հարուցվի, քննություն անցկացվի, և մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
«Իսկ ընդհանրապես, ներմուծումների քաղաքականությունը և այլ երկրներից հատկապես այն ապրանքատեսակները Հայաստանի տնտեսության մեջ ներարկելը, որոնք կարող են նաև Հայաստանում արտադրվել, այն բացերից մեկն է, որի մասին մենք միշտ ասել ենք: Նույն ինքնաբավության քաղաքականությունն այս ոլորտում էլ պետք է իրականացվի: Եվ, ցավոք, այսօր կառավարությունը նույն մսի արտադրության ոլորտում չի տեսնում հնարավորություն, որ Հայաստանը կարող է առնվազն 60-70 տոկոսով գոնե մսի իր ներքին պահանջարկը բավարարել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել