HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Կամուրջը քանդվում է, բայց վարորդները շարունակում են երթեւեկել

Ջրառատ, Արաքս, Հայկաշեն, Մեծամոր, Վերին Խաթունարխ և Գայ գյուղերը Երևանին կապող կամուրջը երթևեկության համար օր-օրի դառնում է վտանգավոր: Արդեն չորս տարի է` կամրջի բետոնե կոնստրուկցիաները մաս-մաս քանդվում, դրենաժն են լցվում:

Վարորդ Մկրտիչ Ասատրյանը, ով գործի բերումով ամեն օր երթևեկում է վթարային կամրջով, ասաց. «Ամեն անցնել-դառնալուց խաչակնքվում եմ, որ էդ օրն էլ անփորձանք պրծա: Ոչ մեկի պետքը չի, որ կամուրջը քանդվում է: Սպասում են` լրիվ վարի գնա, մի քանի զոհ էլ լինի` նոր խառնվեն»: Դժվարանցանելի կամուրջն ահուսարսափի մեջ է պահում ոչ միայն վարորդներին, այլև յոթ գյուղերի բնակիչներին, որոնք իրենց գյուղմթերքը քաղաք են հասցնում հենց այդ ճանապարհով: «Քաղաք հասնելու համար կամ պետք է ռիսկի դիմեն` անցնելով կամրջի վրայով, կամ 10 կմ շրջանցելով կամուրջը` Էջմիածնով մտնեն Երևան: Իսկ դժվարությամբ գումար վաստակող գյուղացու համար 10 կմ-ն էլ է փող: Դրա համար մեր գյուղի բնակիչներից շատերը հրաժարվեցին քաղաք մթերք տանելուց, ինչն էլ ինձ ստիպեց հենց գյուղում նրանց «բիրիքանոցի» տեղ հատկացնել: Հիմա վերավաճառողներն իրենք են գալիս` ապրանքն առնում-տանում»,- ասաց Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը: Մեկ տարի առաջ ստանձնելով համայնքապետի պաշտոնը` արդեն երկու անգամ գրավոր դիմել է Արմավիրի մարզպետին` նրա միջնորդությամբ իրենց համար չափազանց կարևոր նշանակության կամրջի վերանորոգումն իրականացնելու խնդրանքով: «Մարզպետարանի քաղաքաշինության բաժինը կամրջի վերանորոգման աշխատանքների 7 մլն դրամանոց նախահաշիվ էր կազմել և ուղարկել տարածքային կառավարման նախարարություն: Սակայն դիմումը մերժվել էր: Մերժումը հիմնավորել էին առկա տնտեսական ճգնաժամով»,- ասաց համայնքապետ Մարկոսյանը: Տեսնելով, որ պետական մակարդակով հարցի լուծումն ուշանում է, իսկ կամրջից գահավիժող մարդատար մեքենաների քանակը` ավելանում, համայնքի ղեկավարը չորս մեքենա հող ու ավազ է բերել ու «լցոնել» կամրջի վրա բացված խոռոչները: Ըստ համայնքապետի` այդ «կարկատանը թեև ժամանակավոր է, բայց գոնե նվազեցնում է վտանգը»:

Գայի ավագանու անդամ Ֆաիզո Ավդոյանի համոզմամբ էլ` կամուրջը վթարային դարձնողը բեռնատարներն են, որոնք օրական մի քանի անգամ, 40 և ավել տոննայով բեռնված, ավազահանքերից ապրանք են տեղափոխում: Նրա ասածը հաստատեց նաև միկրոավտոբուսի վարորդ Գագիկ Պետրոսյանը. «Կամուրջը ճոճվում է, երբ հատկապես ծանր մեքենաներ են անցնում: Շատ եմ լարվում, մինչև էս 10 մետրն անցնում եմ:

Համ էլ` նեղ կամուրջ է: Թաց եղանակների ժամանակ էստեղով անցնելն իսկական հերոսություն է. վթարներ են լինում, մեքենաներ են շրջվում: Սովետների թվի սարքած կամուրջ է. ասենք` էն ժամանակների համար նորմալ է եղել: Քիչ են եղել և' մեքենաները, և' երթեւեկությունը: Բայց հիմա ուրիշ իրավիճակ է. խեղճ կամուրջը ֆիզիկապես էլ է մաշվել, բարոյապես էլ: Կարելի է, չէ, գոնե 10-15 տաին մեկ ամրացնել:

Լավ կլինի, որ մի քիչ էլ լայնացնեն»: Կամուրջն արգելապատնեշներ էլ չունի: Սա էլ ուրիշ խնդիրներ է առաջացնում հատկապես տեղայնքին անծանոթ վարորդների համար: Լուսավորությունից զուրկ այդ հատվածն առավել վտանգավոր է դառնում ձմռանը, երբ սառցակալած կամուրջը «տրամպլին» է դառնում ավտոմեքենաների «թռիչքի» համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter