Գործի մասին տեղեկատվութունը այդպես էլ չհրապարակվեց
Մոտ մեկ ամիս առաջ թերթը տեղեկացրել էր, որ ըստ հատուկ քննչական ծառայության` թերթի աղբյուրի, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործը բացահայտվել է: Անգամ կա ձերբակալված: Կասկածվում էին Իգիթյան եղբայրները, որոնք սփյուռքահայ Նաջարյանների հետ վեճ էին ունեցել, իսկ Մհերյանը միաջամտել էր այդ վեճը վերջիններիս օգտին լուծելուն:

Թերթի հրապարակումից մի քանի օր անց, իսկապես, ՀՔԾ քննիչ Հեկտոր Սարդարյանը հաստատել էր տեղեկատվությունը, թե շուտով կհրապարակեն բացահայտման մասին լուրը: Սակայն միևնույն ժամանակ թերթը կասկած էր հայտնել, որ հնարավոր է` գործը ջրվի` Հեկտոր Սարդարյանի քննած գործերի պարագայում դա հաճախ է պատահում: Ըստ էության, թերթը ճիշտ էր կանխատեսել. գործի բացահայտման մասին տեղեկատվութունը այդպես էլ չհրապարակվեց:
Օրերս թերթը տեղեկացել է, որ չկարողանալով ապացուցել ձերբակալված Լևոն Իգիթյանի մեղքը` նրան, այնուամենայնիվ, չեն պատրաստվում բաց թողնել: Ավելին` պատրվակ են ման գալիս նրան այլ մեղադրանք առաջադրելու համար և կարծես թե գտել են: Ինչպես ասում են` կա մարդը, կգտնվի նաև հոդվածը: Մինչ կքննեն այդ նոր մեղադրանքը, կշարունակեն ստուգել նաև Մհերյանի գործով եղած կասկածները:
Գնա՞լ, թե՞ չգնալ Թուրքիա
Գլուխկոտրուկ, որը քողարկում է բուն խնդիրը
Որքան մոտենում են Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային խաղի ժամկետները, այնքան մեզանում ավելի ու ավելի սուր բանավեճեր են ծավալվում Հայաստանի նախագահի պատասխան այցի նպատակահարմարության հարցի շուրջ:
Կարծում ենք, որ բանավեճերը որևէ արդյունք չեն տա, այնքամ ժամանակ, քանի դեռ միամյանցից հստակորեն չեն տարանջատվել զուգահեռաբար առաջադրվող երկու խումբ հարցերը.
առաջին. 2009 թ. ապրիլի 22-ին Շվեյցարիայի միջնորդությամբ երկու երկրների արտգործնախարարների ստորագրած համատեղ հայտարարությամբ ամրագրված «ճանապարհային քարտեզի» իրականացման դիվանագիտական գործընթացը,
երկրորդ. 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի Երևան կատարած այցի պատասխան քայլը ձեռնարկելու «քաղաքավարական անհրաժեշտությունը»:
Խնդիրն այն է, որ հարցերի այս խմբերը անցած ամիսներին անհարկի կերպով խճճվել են ու ստեղծվել է մի կացություն, երբ հակառակորդը վարպետորեն օգտագործում է այդ իրողությունը միջազգային հանրությանը ապակողմնորոշելու համար:
Ջայնայականներն ուղևորվում են Գյումրի
Եվ այսպես, ՀԱԿ-ը շարունակում է մարզային այցելությունները: Այս անգամ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է երջանկացնել Գյումրիի բնակիչներին:
Ինչ ուզում եք` ասեք, բայց լուրջ չէ այս ամենը, պարոնայք, մի տեսակ սոլիդ չէ: Տեր-Պետրոսյանը չպետք է լեզուն դուրս գցած վազվզի մարզերով: Նա պետք է կատարի պարսամոր դերը, որն ընդհանրապես չի թռչում: Ծնում է իր համար գաղափար-ձվիկներ և վայելում շրջապատի հարգանքն ու ակնածանքը: Իսկ նրան շրջապատող պարսը հավաքում է ծաղկափոշին ու նոր մայր նշանակում, երբ նախորդը ծերանում է:
ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը (եթե դա ընդհանրապես կարելի է անվանել քաղաքականություն) բնորոշ է ծայրահեղ ագրեսիվությունը: Ոչ մի ծրագրի կամ համակարգի մասին վաղուց արդեն խոսք անգամ չի գնում: Արյունակալած աչքերը վաղուց արդեն ոչինչ չեն տեսնում, բացի ատելի հակառակորդից: Nothing impersonal, ընդ որում, այն աստիճան nothing, որ անհարմար ես զգում` տեսնելով բանականության մնացորդներն այդ աստիճան կորցրած մարդկանց:
Ջարդված սպասքի դիմա՞ց
«Ջիանի» ռեստորանում օգոստոսի 7-ին հնչած գիշերային կրակոցներից հետո ոստիկանություն բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել: Ինչպես թերթը տեղեկացրել էր, այդ օրը «Ջիանիում» իրար էին բախվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ և մոտ մեկ տարի առաջ Ռոսովում սպանված քրեական հեղինակություն Սամվելի որդիները:
Հիշեցնենք, որ իրար արյունլվա անելուց և կրակոցներից հետո Լֆիկի մարդիկ դիմել էին փախուստի, իսկ ռոստովցի Սամվելի որդիներին ոստիկանները բերման էին ենթարկել, ինչը ավելի ուշ հաստատվեց նաև պաշտոնապես: Հիշեցնենք նաև, որ թերթի աղբյուրները փոխանցել էին, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Կճոյանի միջամտությունից հետո ազատ էին արձակվել նաև ռոստովցի Սամվելի որդիները: Իսկ Կճոյանը միջամտել էր գործին, քանի որ նա քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է քրեական հեղինակության ընտանիքի հետ:
Երեկ, թերթի հարցումից հետո, ոստիկանությունից արդեն պաշտոնապես հաստատեցին, որ «Ջիանիի» գործով կալանավորված մարդ չկա: Այսինքն,ոստիկանությունը հաստատում է, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Ու թեև ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, թե սույն գործով հետաքննությունը շարունակվում է, բայց ի սկզբանե էլ կասկածից վեր էր, որ նման կալիբրի գործը չի կարող լուրջ ընթացք ստանալ ու բացահայտվել: Միակ հարցը սույն պատմության մեջ այն էր, թե ինչպես է լուծվելու ընդհարման ժամանակ «Ջիանիի» ջարդուփշուր եղած սպասքի խնդիրը: Ինչպես նշել էինք, այս ռեստորանի «տանիքը» շատ բարձրաստիճան ոստիկան է: Խոսքը ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի մասին է: Բայց, փաստորեն, այս խնդիրը ևս լուծված կարելի է համարել, քանի որ օրերս ՀՀ ոստիկանության ակադեմիայի տնօրեն նշանակված Վարյանը դժվար թե այլևս ժամանակ ունենա` յուր կոտրված սպասքի մասին մտածելու:
ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկոսները սենսացիոն բացահայտում են արել
ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքերով` իրենց հաջողվել է գտնել տիեզերքում կյանքի առկայության ապացույցը և պատասխանել հարցին, թե որտեղից է երկրագնդի վրա կյանքը հայտնվել: Վիլդա-2 գիսավորի պոչում հայտնաբերվել է ամինաթթու` գլիցին: Դա կենդանի օրգանիզմում սպիտակուցի սինթեզման համար պատասխանատու հիմնական բաղադրիչներից մեկն է:
Բազմաթիվ գիտնականներ հիմա համոզված են, որ երկրագնդի վրա կյանքի առաջմացման համար հարկավոր նյութերը կարող էին ձևավորվել տիեզերքում, այնուհետև մոլորակի վրա ընկնելուց հետո, ինչպիսին մերն է, խթան հանդիսանալ կյանքի առաջացման համար: Գիսավորի պոչից նյութի փորձանմուշը 5 տարի առաջ վերցրել էր «Սթար Դաստ» տիեզերական սարքը: Որպեսզի նմուշներով պահատուփերը երկիր վերադառնան, 2 տարի է պահանջվել, և միայն հիմա է հաջողվել ապացուցել, որ գլիցինի մոլեկուլներ կան ոչ միայն երկրի վրա:
Պանսպերմիայի կողմնակիցները, որոնց տեսության համաձայն կյանքը երկրագունդ է ներմուծվել տիեզերքից գիսավորի կամ երկնաքարի միջոցով, ցնծում են: Նրանց հիպոթեզը հիմա լուրջ գիտական հիմնավորում ունի:
Ոստիկաններն անպատժելի են
Երեկ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ստորագրությամբ գրություն է ստացել, որով քննիչը ազդարարել է
«1, ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցների կողմից 2007թ. հոկտեմբերի 23-ին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում ընթացող երթի մասնակիցների նկատմամբ հարկադրանքի և ֆիզիկական ուժ կիրառելու, Լևոն Բաբաջանյանին, Տիգրան և Կարեն Մակեյաններին, Տիգրան Սալնազարյանին վնասվածքներ պատճառելու մասով քրեական հետապնդում չիրականացնել, քր. գործի մասով վարույթը կարճել` ոստիկանների գործողությունները և վնաս պատճառած արարքները օրենքով իրավաչափ համարվելու հիմքով:
2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատար Արայիկ Պետրոսյանի կողմից Գոհար Վեզիրյանին հրելու, անզգուշորեն նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մասով քրեական հետապնդում չիրականացնել, քր. գործի մասով վարույթը կարճել` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
3, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գոււմարտակի 1-ին վաշտի հրամանատար Գևորգ Ստեփանյանի կողմից հատուկ միջոց հանդիսացող արցունքաբեր գազ կիրառելու մասով քրեական հետապնդում չիրականացնել, քր. գործի մասով վարույթը կարճել` հանցագործության դեպքի բացակայության պատճառով»:
Ասել է թե` 2007թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթի մասնակիցների և միջոցառումը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից չպատճառաբանված և ֆիզիկական ուժի ակնհայտ կիրառումը, լրագրողին հրելն ու նրա դեմքին դիտավորությամբ արցունքաբեր գազ փչելը, ինչը փաստող տեսագրություն կա, ՀՔԾ-ն համարել է միանգամայն իրավաչափ, իսկ ոստիկաններին` անմեղ գառներ: Հիշեցնենք, որ դեռ 2007թ. հոկտեմբերի ՀՔԾ վարույթում հարուցված այս քր. գործը անցյալ տարվա մարտյան դեպքերի հետո «հատուկ քննչականը» միացրել էր «Մարտի 1-ի» մայր գործին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել