HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքով գողերը ոստիկանության տեսադաշտում են

«Մեր տարածքում բնակվող երեք-չորս օրենքով գողերը այս պահին եղանակ չեն ստեղծում և բառիս իսկական իմաստով գտնվում են մեր տեսադաշտում: Միայն վերջին վեց ամիսների ընթացքում երեք օրենքով գող ձերբակալվեց, ևս հինգ օրենքով գող էլ ձերբակալվել էր: Մնացին մի երեք-չորսը: Օրենքով գող հասկացությունն այսօր արդեն ավարտված նյութ է, նրանք բոլորը մեր «կլիենտներն» են, մեր դռներով գալու են ու անցնեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանը: Վերջինի համոզմամբ` երիտասարդների մոտ վերջին տարիներին այլևս օրենքով գողի ձգտումը չկա, որովհետև հասկանում են, որ օրենքով գողը ստորացված վիճակում պետք է լինի. «Առաջվանը չի, որ նրանք ռայկոմի քարտուղարի հետ սեղան նստեն: Այսօր ի՞նչ օրենքով գող կարող է իմ կողքին կանգնել, կամ որևէ ոստիկանի»,- ասաց նա: Օրերս ազգությամբ վրացիներից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել, որոնք Երևանում մեծաթիվ բնակարանային գողություններ են կատարել` այդ թվում, նշանավոր մարդկանց բնակարաններ: Ա. Սարգսյանի խոսքերով` չորս հոգուց բաղկացած հանցավոր խումբը ձերբակալվել է, որոնց միջոցով բացահայտվել է 14 բնակարանային գողություն Երևանում: «Սակայն առանձին առանձին տուժողների անունները չեմ ասի: Աշխատանքներ են տարվում նաև, թե կոնկրետ Երևանում նրանք ի՞նչ գործընկերներ ոնեն, ո՞ւմից են ինֆորմացիա ստանում»,- ասաց նա: Անդրադառնալով Մարալիկի դեպքերին, որոնց շրջանակներում պտտվում էր նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու անունը, ոստիկանապետը նշեց, որ այդ գործով ձերբակալված կա, բայց Վարդան Ղուկասյանի տղան անմիջական հանցագործություն կատարողը չէր: «Ուղղակի ինչ որ ուխտ են կազմակերպել, եկեղեցի են գնացել 14 հոգով, որից հետո երկուսը հետ են մնացել, կռիվ է սկսվել, կրակոցներ են եղել: Անձը հայտնաբերված է, զենքը` նույնպես: Նա կալանքի տակ է, Վարդան Ղուկասյանի տղան ընդամենը եղել  է այդ խմբում, ակտիվ մասնակցություն չունի այս գործում: Ունենար, կկալանավորվեր»,- ասաց նա: Ա. Սարգսյանն անդրադարձավ նաև վերջին օրերին աղմուկ հանած Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում կատաված դեպքերին և երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք առաջադրելուն` նշելով, որ այն լիովին հիմնավորված է: «Զրպարտություն, անհիմն մեղադրանք մարդկանց, անչափահասներին դրդել զրպարտության: Անչափահասը, բնականաբար, չի պատժվի, դրդողը  կպատժվի, հանձինս` Մարիամ Սուխուդյանի, որի միջնորդությամբ մեկ միլիոն դրամ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից տրվել է 11 հատուկ կրթահամալիրին` որոշակի ծրագրեր իրականացնելու, որից հետո նա պահանջել է կրթահամալիրի տնօրինությանը գումարը կանխիկացնել և տալ իրեն, որպեսզի ինքը այդ ծրագիրն իրականացնի, ինչն իր ֆունկցիաների մեջ չէր մտնում: Քանի որ տնօրենը չի համաձայնվել, նա անցել է ինքնագործունեության ու աշակերտների հետ համագործակցելով, փորձելով նրանց ներգրավել այս պատմություններին, փորձել է իր գործն անել: Այս գործի հետ կապված ավելորդ աղմուկ բարձրացնել, որպեսզի հանցանքը մեղմացնեն կամ փորձեն ցույց տալ, թե նման բան չի եղել, իմաստ չունի: Մեղադրական եզրակացությունը քննիչները կներկայացնեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter