Գյումրիի քաղաքապետարանը կրկին ծառեր է հատել
Գյումրիի քաղաքապետարանը շարունակում է ծառահատումները քաղաքում: Այսօր ժամը 15-ի սահմաններում Կենտրոնական հրապարակին (այժմ` Վարդանանց), հարող տարածքում, Ամենափրկիչ եկեղեցու դիմաց մոտ 10-12 թեղի էր կտրվել: Լուսանկարում պատկերված մարդիկ բնակիչներ են, նրանց քաղաքապետարանը թույլատրել է կտրված ծառերը մասնատել եւ տանել:
Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանի հավաստմամբ, քաղաքապետարանը խախտել է Կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշումը: Այդ որոշման համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին պարտավոր են կազմակերպել հանրային իրազեկում զանգվածային լրատվամիջոցներով, կազմակերպել հանրային լսումներ: Մի բան, որ քաղաքապետարանը չի արել: Ծառահատումների նպատակը այդ հատվածում նոր փողոցի կառուցումն է, որը պիտի ուղիղ գծով միացնի Չերազի փողոցը Սպանդարյանին:
«Մենք բնապահպանական վարչության միջոցով հասել ենք նրան, որ մեր արձանագրած նախկին ապօրինի ծառահատումների մի քանի հեղինակներ տուգանվել են,- տեղեկացրեց Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը,- կաշխատենք, որ սա քաղաքապետարանի համար անհետեւանք չմնա, եթե հաշվի առնենք այն, որ այս որոշման հետ կապված ես մեկ ամիս առաջ փաթեթ եմ ներկայացրել քաղաքապետարան»:
Գեւորգ Պետրոսյանից տեղեկացանք, որ ի սկզբանե քաղաքապետարանը նպատակ է ունեցել կտրելու հրապարակին հարող մայթի վրա գտնվող եղեւնիները, սակայն հրապարակի ծառահատման դեպքի հետ կապված աղմուկը հաշվի առնելով, ամենայն հավանականթյամբ, հրաժարվել են այդ մտքից:
Երանուհի Սողոյան
Լուսանկարները «Բիոսոֆիա» հ/կ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել