Լևոն Զուրաբյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի սխալներն անհնար է շտկել
Եվ հավելում. «Նման սխալները կարող է շտկել միայն լեգիտիմ իշխանությունը» «Հունիսի 12-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ընդդիմությանը` Դաշնակցությանը, «Ժառանգությանը» հանդես գալ միասին, ներկայացրեց 12 կետից բաղկացած պլատֆորմ: Ամառը արդեն վերջանում է, ոչ մի արձագանք չեղավ: Բացի դրանից` Դաշնակցությունն արդեն հայտարարում է, որ սեպտեմբերին սեփական պլատֆորմով է հանդես գալու:
Ի՞նչ եք ակնկալում ներքաղաքական զարգացումների մասով: Աշունը ինչպիսի՞ն է լինելու»: Այս հարցն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ուղղեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին: Բանախոսը պատասխանեց, որ քաղաքապետի ընտրություններից հետո իրենք իսկապես կարծում էին, թե քաղաքական ուժերը կարող են վեր կանգնել ամբիցիաներից, «միավորվել այս բռնապետության դեմ պայքարում», սակայն մինչ այժմ այս ուղղությամբ շոշափելի արդյունք չկա: Միաժամանակ Լևոն Զուրաբյանը նշեց, որ գուցե այդ միավորման անհրաժեշտությունը չկա, քանի որ ՀԱԿ-ը «Հայաստանի քաղաքական ուժերի այնքան հզոր և բազմակողմանի միավորում է, որ սկզբունքորեն ի վիճակի է այդ հարցերը լուծել»:
«Թեև ես կարծում եմ, որ նախ, որոշ հարցերում մենք շարունակում ենք բավականին արդյունավետ համագործակցություն տարբեր քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես, «Ժառանգության» հետ` մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման հարցում, քաղբանտարկյալներին աջակցություն ցույց տալու հարցում այդ համագործակցությունը կա: Կարծում եմ, որ «Ժառանգությունը» նույնպես սատարում է մեր պահանջներին «Ա1+» հեռուստատեսության բացման հարցում և այլն: Այնպես որ այն պլատֆորմը, որ հրապարակվել է, գործող պլատֆորմ է: Մենք շարունակելու ենք բոլոր այդ կետերով մեր գործունեությունը: Որ կետերում որ ստանանք որևէ քաղաքական ուժի համագործակցությունը, դրանով միայն նրանք նպաստ կբերեն ընդհանուր գործին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ՀԱԿ-ՀՅԴ համագործակցություն` ՀՅԴ-ի կողմից ներկայացվելիք պլատֆորմի շուրջ` բանախոսն ասաց, որ նախ ՀՅԴ-ն թող իր պլատֆորմը ներկայացնի, և «եթե հարկ համարենք, մենք մեր տեսակետը կհայտնենք»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակմանը` Լևոն Զուրաբյանն ասաց, որ այս նոր նշանակումը որևէ նշանակություն չի ունենա Հայաստանի համար:
«Միացյալ Նահանգների քաղաքականությունը որոշում է Միացյալ Նահանգների նախագահը, և այդ առումով այս կամ այն պաշտոնյայի նշանակումը, չեմ կարծում, որ կարող է լուրջ անդրադարձ ունենալ Միացյալ Նահանգների կուրսի վրա»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նաև հավելեց, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահների փոխարեն «ավելի բարձր ստատուս ունեցող» պաշտոնյաներ նշանակվեն, ապա դա ցույց կտա, որ համանախագահող պետությունները մեծ կարևորություն են տալիս գործընթացին, և խնդրի հանգուցալուծմանն ավելի մոտ ենք: Ասուլիսի ժամանակ հարց եղավ այն մասին, թե Լևոն Զուրաբյանն աշնանը հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի կողմից ֆուտբոլային խաղը Թուրքիայում դիտելու հրավերն ընդունելու կամ մերժելու ի՞նչ սցենար է տեսնում:
ՀԱԿ համակարգողն ասաց, որ Սերժ Սարգսյանին խոստացել էին, որ հնարավոր կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անջատել Արցախի հարցից, և Սերժ Սարգսյանը, հավատալով այդ հավաստիացումներին, համաձայնեցրել է հայ-թուրքական ու շվեյցարական համատեղ փաստաթուղթ, որի մասին հրապարակում եղավ ապրիլի 22-ին:
«Ես ցանկանում եմ նշել, թե ինչ ձախողումներ ունեցավ փաստորեն Սերժ Սարգսյանը այս ամբողջ ընթացքում: Առաջինը` նրան խաբեցին: Այսինքն` չնայած նա գնաց մեր կարծիքով անհարկի զիջումների, մասնավորապես, ընդունեց, որ Ցեղասպանության հարցը պետք է ուսումնասիրի հայ-թուրքական համատեղ հանձնաժողովը, ինչը, ըստ մեզ, հավասարազոր էր Ցեղասպանության ուրացմանը, այնուամենայնիվ, Ղարաբաղյան կարգավորման հարցը չանջատվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցից, և Թուրքիան, այո, խաբելով Հայաստանի ղեկավարությանը, վերադարձավ իր նախկին դիրքորոշմանը` այն է, որ մինչև Ղարաբաղի խնդիրը չկարգավորվի, հայ-թուրքական սահմանի բացում չի լինի: Սա ձախողում է, սա սխալ է, որը հնարավոր չէ ուղղել»,- ասաց ՀԱԿ համակարգողը:
Որպես Սերժ Սարգսյանի երկրորդ սխալ` Լևոն Զուրաբյանը նշեց այն, որ համաձայնելով նման զիջմանը` Սերժ Սարգսյանը, փաստորեն, կասեցրեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: «Եվ երրորդը` ամենախոշոր սխալը, այն է, որ ինչ-որ մի նորամուծություն կատարվեց ժամանակակից դիվանագիտության մեջ: Այսինքն` Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նման գաղտնի պրատակոլներ համաձայնեցրին, որոնք առ այսօր գաղտնի են պահվում և թուրք, և հայ հասարակություններից: Ի՞նչ է նշանակում ժամանակակից դիվանագիտության մեջ ստորագրել, համաձայնեցնել գաղտնի պրատակոլներ, գաղտնի համաձայնագրեր: Դա մեր պնդումը չէ: Դրա մասին ասված է ապրիլի 22-ի հայտարարության մեջ, որ նման գաղտնի համաձայնություն գոյություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև: Եվ չնայած Հայ ազգային կոնգրեսը պահանջել է անմիջապես հրապարակել համաձայնեցված տեքստը, մինչև հիմա դա արված չէ: Իսկ մենք ո՞նց կարող ենք նման վարվերլակերպից հետո վստահ լինել, որ Ղարաբաղի հարցում նույնպես գոյություն չունեն արդեն համաձայնեցված գաղտնի փաստաթղթեր, որոնք չեն հրապարակվում: Այս բոլոր ձախողումներից հետո ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը լիակատար ֆիասկո է արձանագրել»,-ասաց Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքերով` այս ֆիասկոյից հետո ֆուտբոլ դիտելու գնալ-չգնալով կամ «ֆուտբոլային դիվանագիտությունը» շարունակելով, միևնույն է, Սերժ Սարգսյանը վերոնշյալ սխալները չի կարող ուղղել: «Դրանք անշտկելի սխալներ են, անշտկելի ձախողումներ»,- ասաց ՀԱԿ համակարգողը: Միաժամանակ նա նշեց, որ Սերժ Սարգսյանին այս սխալներին դրդել է իր ներքին քաղաքական թուլությունը, «որովհետև լինելով ոչ լեգիտիմ նախագահ` նա փորձել է այսպիսի անհարկի զիջումների գնալ, որ ապահովի Արևմուտքի աջակցությունը և իր լեգիտիմության ընդունումը, ամրապնդի իր ներքին իշխանական դիրքերը: Ահա սա է, որ անընդունելի է, և նման սխալները կարող է շտկել միայն լեգիտիմ իշխանությունը, մի իշխանություն, որը հենվում է իր ժողովրդի կամքի վրա և կարող է բոլոր այս, այդ թվում նաև գաղտնի պայմանավորվածություններից հետ կանգնել»:
Լևոն Զուրաբյանի այս վերջին հայտարարությունների առթիվ «Հետքը» մի քանի հարց ուղղեց նրան:
-Քիչ առաջ ասացիք, որ Սերժ Սարգսյանի սխալները հայ-թուրքական հարաբերությունների հարցում անշտկելի են, և հավելեցիք, որ այդ սխալները կարող է շտկել միայն լեգիտիմ իշխանությունը: Հիմա, այդ սխալները անշտկելի՞ են, թե՞ շտկել հնարավոր է:
-Սերժ Սարգսյանի համար անշտկելի են:
-Բայց ո՞չ առհասարակ վերցված:
-Իհարկե, անգամ նոր իշխանության համար այդ կատարված սխալները պրոբլեմներ ստեղծելու են: Բայց ընդհանրապես միջազգային հանրությունը շատ ավելի հանդուրժող է վերաբերվում, երբ նոր իշխանությունը ինչ-որ, հատկապես բանավոր պայմանավորվածություններից դուրս է գալիս, որովհետև նոր իշխանություն է, նա չի սկսել այդ պրոցեսը, նա չի նախաձեռնել այդ պրոցեսը, նա որևէ խոստումներ չի տվել` նման պրոցես խորացնելու համար. նրա համար շատ ավելի հեշտ է այդ պրոցեսներից դուրս գալը:
-Եթե ՀԱԿ-ը գա իշխանության, ստիպված շարունակելո՞ւ է Սերժ Սարգսյանի կուրսը:
-Բացարձակապես: Մենք, օրինակ, երբեք չենք ընդունի հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը: Երբեք: Նման քաղաքականություն մենք չենք շարունակի:
-Իսկ արցախյան հարցում Սերժ Սարգսյանի սկսած քաղաքականությունը շարունակելո՞ւ եք, եթե գաք իշխանության:
-Չէ, կներեք, մենք նախ և առաջ պետք է հասկանանք այդ զիջողականության պատճառները: Այդ զիջողականության պատճառները կապված են նրա ոչ լեգիտիմ լինելու հետ, կապված են Հայաստանի և Ղարաբաղի թուլացման հետ, կապված են նրա հետ, որ բնակեցման պրոցեսը Ղարաբաղում վիժեցված է փաստորեն և ձախողված է, կապված են նրա հետ, որ կոռումպացված Հայաստանում մենք գնալով ավելի ու ավելի թուլանում ենք` համեմատած Ադրբեջանի հետ: Այդ բալանսը կուղղենք, հետո կխոսենք` պե՞տք են զիջումներ, թե՞ չէ:
Մեկնաբանել