HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը կոչ է անում Փաստահավաք խմբին` շարունակել գործունեությունը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը 2008 թ. մարտի 1-ին սեփական ժողովրդի դեմ վարչախմբի  հանցագործությանը` խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին հետեւեց Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես  Եվրոպայի Խորհրդի` կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը: Սա դիտարկվեց որպես առանցքային պահանջ, քանի որ բոլորին հասկանալի է, որ առանց մարտի 1-ի սպանդի հանգամանքները ճշտելու եւ մեղավորների պատժելու հնարավոր չէ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում: Վարչախումբը ձեւականորեն տեղի տվեց այդ պահանջինª ստեղծելով Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր մի հանձնաժողով: Ի սկզբանե, սակայն, դատելով հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից ու կազմից, ակնհայտ էր, որ այն ընդամենը հիշյալ պահանջի կատարման իմիտացիա էր եւ ոչ ավելին: Այս հանձնաժողովի առաջին շրջանի կիսատ-պռատ գործունեությունը, մի քանի ձեւական հարցաքննությունները ոչ միայն ապացուցեց այդ իրողությունը, այլեւ պարզ դարձրեց, որ այն կատարում է ձգձգելու, իրողություններն ու հանցագործությունները պարտակելու իշխանական հրահանգ: Արդեն տեւական ժամանակ այս հանձնաժողովն ամբողջությամբ պարապուրդի է մատնված եւ ընդհանրապես մատը մատին չի խփում: Այս իրողության հանդիման, Հայ Ազգային Կոնգրեսի պայքարի եւ պահանջների ու որպես դրա արդյունք` միջազգային կառույցների պարտադրմամբ ստեղծվեց Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիման փորձագետների Փաստահավաք խումբը` այս անգամ արդեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների համամասնական ընդգրկմամբ: Չնայած իշխանությունների փորձերին վիժեցնելու Փաստահավաք խմբի աշխատանքը` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ստացել է Փաստահավաք խմբի 3 զեկույց` աղաղակող բացահայտումներով: Հանձնաժողովը, սակայն, ոտնահարելով տարրական կանոնները եւ իր իսկ հորջորջած առաքելությունից բխող պարտականությունները, ապացուցված փաստերով հիմնավորված այդ զեկույցները առ այսօր հրապարակային եւ մանրակրկիտ քննարկման առարկա չի դարձրել: Ավելին, հանձնաժողովի անդամները, խախտելով անաչառության սկզբունքը, մինչեւ վերջնական եզրակացության հրապարակումը արդեն հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով եւ որակումներով, որոնք սպասարկում են իշխանության պաշտոնական վարկածները: Հանձնաժողովի նման կեցվածքը եւս մեկ ապացույց է այն իրողության, որ այն իրականում մարտի 1-ին կատարված հանցագործությունների պարտակման եւ կոծկման հանձնաժողով է, որի միակ նպատակն է գործող ավազակախմբի սպասարկումը եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության նորմերի հարյուրավոր ոտնահարումներն արդարացնելու պատվերի իրականացումը: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը իրենց այս ստորացուցիչ դերակատարությամբ, ըստ էության, վերջնականապես եւ ամբողջովին դառնում են Մարտի 1-ի ոճրագործության մեղսակից եւ հավասարապես պատասխանատու: Արդեն իսկ կարելի է վստահ ասել, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցը ֆիկցիա է, այն գրվելու է առկա փաստական նյութի անտեսմամբ, մեր տեղեկություններով նույնիսկ ոչ այս հանձնաժողովում, այլ գործադիր իշխանության կաբինետներում: Նման պայմաններում Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Փաստահավաք խմբին` շարունակել իր փաստահավաք գործունեությունը, քանի որ այսօր, իր երեք զեկույցների հրապարակումից հետո, այն հաստատվել է որպես իրողությունների եւ ճշմարտության բացահայտման միակ ատյան, վայելում է մեր հասարակության, նաեւ միջազգային հանրության վստահությունը: Մենք նաեւ կոչ ենք անում Փաստահավաք խմբին, բացի առանձին դրվագներով ու ասպեկտներով զեկույցներից, հանդես գալ վերջնական ամփոփիչ զեկույցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter