Գեղարքունիքի մարզպետարանն արձագանքում է «Հետքի» հրապարակմանը
Օգոստոսի 17-ի համարում անդրարդարձել էինք Գեղարքունիքի մարզի «Բագարան» թաղամասում ապրող Արցախյան ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Սամվել Պողոսյանի սոցիալական պայմաններին: Հիշեցնեք, որ չորս անչափահաս երեխաներն ու ամուսիններն ապրում են աղքատության նպաստով ու Սամվելի հաշմանդամության համար տրվող թոշակով: Սամվելի ու նրա տիկնոջ` Գոհարի պատմելով, իրենք ապրում են սոցիալապես վատ վիճակում եւ ոչ մի պաշտոնյա իրենց օգնության ձեռք չի մեկնում` թեեւ բազմիցս նրանց դիմել են:
Նյութում նշել էինք, որ սոցիալական պայմաններից ելնելով ընտանիքի 8 տարեկան տղան` Վարդանը, դպրոց չի հաճախում եւ զբաղվում է մուրացկանությամբ (Տես` «8 տարեկան Վարդանը սոցիալական պատճառներով դպրոց չի գնում»): Գեղարքունիքի մարզպետարանը, արձագանքելով հոդվածին, Սամվել Պողոսյանին օրեր առաջ հրավիրել է մարզպետարան: Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժից մեզ տեղեկացրին, որ օգոստոսի 20-ին Սամվել Պողոսյանի ընտանիքին մարզպետարանի կողմից տրվել է դրամական օգնություն: Ընտանիքին օգնություն ցուցաբերելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի «Երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի միջամտությամբ «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղից օգոստոսի 19-ին տրամադրվել է 17 անուն 35 միավորով 142 730 դրամ ընդհանուր արժողությամբ հագուստ, կոշիկ եւ հիգիենիկ պարագաներ: Մինչեւ նոր ուսումնական տարին ՀՕՖ-ի` «Երեխաների ընդունման եւ կողմնորոշման» կենտրոնի աջակցությամբ Սամվել Պողոսյանի ընտանիքին կտրամադրվեն գրենական պիտույք, դպրոցական այլ պարագաներ եւ սնունդ: Մարզպետարանի փոխանցմամբ` ՀՀ կառավարության 09.06.2005թ. թիվ 947-Ն որոշման համաձայն, այն է` անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված, (մահացած) կամ հաշմանդամ դարձած կարիքավոր զինծառայողներին (ազատամարտիկներին), ինչպես նաեւ բնակարանային հաշվառման վերցնելու եւ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով, 2007թ. Սամվել Պողոսյանի փաստաթղթերը Գեղարքունիքի մարզպետարանում հաշվառելուց հետո ներկայացվել է ՀՀ ՊՆ, եւ նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից կքննարկվի սահմանված հերթացուցակով:
«Հաշվառման մասին Սամվել Պողոսյանը բազմիցս իրազեկվել է ինչպես բանավոր այնպես էլ գրավոր պատասխանների միջոցով, այնպես որ նրա ասածը, թե մարզպետարանն իր հարցով չի զբաղվում, իրականությանը չի համապատասխանում»,-նշված է մարզպետարանի պատասխանում: Մարզպետարանի աշխատակիցներին հուզել էր հատկապես այն փաստը, որ 8 տարեկան Վարդանը դպրոց չգնալով գումար է մուրում քաղաքի փողոցներում:
«Երեխաների դպրոց չհաճախելու խնդրով երբեւէ ընտանիքի հայրը կամ մայրը չեն տեղեկացրել մարզային իշխանություններն, հավանաբար, գումար մուրալով, փոքրիկ Վարդանը ավելի է օգնում ընտանիքին եւ ծնողները որոշել են լռել»,-գրված է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժի կողմից ուղարկված գրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել