Բաժնեմաս է ուզում
Թերթի տեղեկություններով` օգոստոսի 11-ին Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է, որ միջպետական բանկը դառնա «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 %-ի սեփականատերը` «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ» ընկերության` բանկի նկատմամբ ունեցած պարտքերի դիմաց:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» 90 % բաժնետոմսերը գնելիս «Ռայնովիլը» դրանք գրավադրել է ԱՊՀ Միջպետական բանկում և մինչ օրս չի կարողացել մարել այդ (և հետագայում ձեռք բերած) վարկերը:
Խնդիրն այնքան լուրջ է, որ, ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում «Նաիրիտի» ճակատագիրը քննարվելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:
Լրագրողների համար դադարեցվում է ազատ ելումուտն ԱԺ
Հայաստանի Հանրապետության գոյության բոլոր տարիների ընթացքում մեր խորհրդարանը եղել է ամենաբաց պետական կառույցը, որի գործունեության լուսաբանման համար չեն եղել սահմանափակումներ` թեկուզ հենց ի վնաս այդ մարմնի:
Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ ընտրվելուց հետո լիագումար նիստերի նկարահանումների սահմանափակումներ սահմանվեցին, և հերթական արգելքի մասին էլ հայտնի դարձավ երեկ: ԱԺ նախագահի որոշմամբ` «Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն Ազգային ժողովի նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձանաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաև ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է վարչությունը»:
Նշված օրերից բացի` հավատարմագրված լրագրողներին փաստորեն զրկում են ԱԺ ազատ ելումուտից, ու մենք հնարավորություն չենք ունենալու պարզել նիստերից ազատ ժամանակ պատգամավորներն իրենց աշխատավայրո՞ւմ են, զբաղվա՞ծ են իրենց պարտականությունների կատարմամբ և այլն:
Քրգործ Գյումրիի ոստիկանապետի դեմ
Շիրակ Շահնազարյանին կպաշտոնազրկե՞ն
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջերս Գյումրիի ոստիկանապետը Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց իր կոլեգաներից մեկի աջակցությամբ խոչընդոտել էր «Շանթ» հեռուստաընկերության աշխատանքները` տարածքից կոպիտ ձևով դուրս հրավիրելով լրագրողին ու օպերատորին ու թույլ չտալով նկարահանել առևտրականների բողոքի ակցիան:
Այս առթիվ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը օգոստոսի 19-ին բողոք էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով քրեական գործ հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար:
Երեկ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես գրված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` օրենքով սահմանված կարգով այն քննարկման առարկա դարձնելու և մատնանշված հանգամանքները ստուգելու համար` նկատի ունենալով, որ հատուկ քննչական ծառայությունում քննվում է Գյումրիի ոստիկանապետի գործողությունների օրինականությունը վիճարկող մեկ այլ քաղաքացու` Գրիգոր Վարպետյանի ներկայացրած բողոքը»:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` քաղաքացի Վարպետյանը հուլիսի 24-ին գնացել է Շիրակ Շահնազարյանի մոտ իր որդուն ոստիկանություն հրավիրելու հանգամանքները պարզելու նպատակով: Սակայն, ըստ Վարպետյանի, ոստիկանապետը իր աշխատասենյակում անհիմն հարձակվել է Վարպետյանի վրա, հայհոյել, ձեռքերով, ոտքերով և ռետինե մահակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` այսպիսով մարմնական վնասվածքներ պատճառելով նրան:
Այնուհետև նրան իջեցրել են հերթապահ մաս, ենթարկել անձնական խուզարկության և ժամանակավոր պահման խցերից մեկում ապօրինի պահել շուրջ 7 ժամ, որից հետ նրան ազատ են արձակել:
Այս դեպքի կապացությամբ հարուցվել է քրգործ քր. օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելու առիթով:
«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` Վարպետյանի որդին երթևեկության կանոնների խախտում է կատարել, ոստիկանապետն էլ, նրան փնտրելով ու չգտնելով, որդու փոխարեն մի լավ դաս է տվել հորը:
Հետաքրքիրն այն է, որ Գյումրիի ոստիկանապետը իր մեղքը չի ընդունում, նա հայտարարում է. «Ես ոչ մեկին չեմ ծեծել, ոչ մի նման դեպք չի եղել, առավոտից իրիկուն ես զբաղված եմ գողություններ ու հանցագործություններ բացահայտելով, իսկ լրագրողները չեն թողնում, որ նորմալ աշխատեմ»:
Տեղեկացնենք, որ վերջերս Գյումրիի ոստիկանապետը իր մեկ այլ «քաջագործությամբ» վնասել էր «ԱրմենՏելի» կաբելային բաժանորդներին: Անի թաղամասի «Պրեստիժ» վաճառատան դիմացի մայթին «օբյեկտ» կառուցելով` ոստիկանապետը անզգուշորեն կտրել էր հեռախոսային մալուխները` մոտ հարյուր բաժանորդների մեկ շաբաթ զրկելով հեռախոսակապից` «Արմենտելին» էլ զգալի վնասներ պատճառելով:
Իսկ թե այսքանից հետո ոստիկանապետին կազատե՞ն պաշտոնից, գյումրեցիները սրան հավատալ չեն կարող, քանի որ մի քանի տարի առաջ ևս պարոն Շահնազարյանի դեմ տարբեր քրեական գործեր հարուցվեցին ու կարճվեցին, իսկ արդյունքը եղավ այն, որ նա, ժամանակավորապես հեռանալով իր աթոռից` այս տարի նորից կարողացավ վերադառնալ իր հին պաշտոնին` իհարկե, շարունակելով աշխատել իրեն «հոգեհարազատ» մեթոդներով:
Թացը չորից տարբերենք
Օրերս «Հայկական ժամանակը» հերթական «ցնցող» տեղեկատվությունը մատուցեց, համաձայն որի` «Տոյոտայի» բիզնեսով Հայաստանում զբաղվող հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի «բարգավաճումը» ապահովելու նպատակով պետական գերատեսչություններին իբր պարտադրում են գնել հենց այդ մեքենաները:
Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանին. «Մենք երբևէ չենք ժխտել Սեդրակ Քոչարյանի առնչությունը «Տոյոտա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Աշխարհահռչակ ընկերության` Հայաստանում ներկայացված լինելու գործին մասնկացություն ունենալը կարող է միայն հպարտության առիթ լինել: Իրոք, Սեդրակը մասնաբաժին ունի «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ում, թեև չի զբաղվում ընկերության մենեջմենթով:
Ինչ վերաբերում է «Տոյոտա» մեքենաների պետական գերատեսչություններին իբրև ստիպողաբար վաճառելուն, ապա դա «ՀԺ»-ի հերթական սուտն է Քոչարյանների հասցեին: Բնականաբար նման բան երբեք չի եղել:
Իսկ ընդհանրապես, «Տոյոտա» ձեռք բերելու համար որևէ մեկին ստիպելու կարիք չկա. հանրահայտ է, որ «գին-որակ» հարաբերակցությամբ ճապոնական այդ մեքենաները առաջատար են ամբողջ աշխարհում»:
20 օրը բավարար չէ 15 հատորին ծանոթանալու համար
Երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանին են փոխանցել փաստաբանների տարած թերթերը: Հիշեցնենք, որ մեկուսարանի պետը որոշել էր նրան զրկել «Հայկական ժամանակ» և «Հրապարակ» թերթերը կարդալուց: Երեկ նաև քննիչները դիմել են դատարան` Նիկոլի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու համար:
Հայոց ցեղասպանության զոհի ժառանգի հայցը Կալիֆոռնիայում հակասահմանադրական է ճանաչվել
ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը, որով հնարավորություն էր տրվում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները պահանջելու: Այդ մասին երեկ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Լոս Անջելես թայմս» թերթի երեկվա համարը:
2000 թ. ընդունված օրենքը Կալիֆոռնիայի դաշնային դատարանում քննության է առնվել ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի` ապահովագրական ընկերություններից մեկի վճարումից հրաժարումը վիճարկելու հայցով: Դատավորն ասել է, որ Նահանգների դաշնային կառավարությունը գիտակցված որոշում է կայացրել չօգտագործել քաղաքական հետևանքներով հղի «ցեղասպանություն» տերմինը Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ:
Կալիֆոռնիայի դատարանն իր մերժման հիմնավորումներում նշել է, որ խնդրի վերաբերյալ ազգային քաղաքականությունը որոշվել է նախագահներ Քլինթոնի և Բուշի օրոք, ովքեր ընդդիմացել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսում բանաձևի ընդունման փորձերին:
Այս ցավալի փաստը բարոյական և ֆինանսական հարված է ոչ միայն այն բազմաթիվ հայորդիներին, որոնք հույս ունեն դրամական և բարոյական փոխհատուցումներ ստանալու որպես ցեղասպանության ենթարկված հարազատի ժառանգ, այլև Հայ դատին ընդհանրապես, և դեռ կարող է շատ ջուր վերցնել:
«Կապատեք և ընկերություն» փաստաբանական գրասենյակը, որ հետապնդում էր այս և նմանատիպ մի քանի հայցեր, որոշել է դատարանի որոշումը հղել վերաքննիչին:
Օձերն այս տարի ավելի շատ են
Ըստ հանրապետության գլխավոր տոքսիկոլոգ Գաբրիելյանի` օձերն այս տարի շատացել են: Գյուղական համայնքներում` հիմնականում Արագածոտնի մարզի գյուղերում, այս տարի արձանագրվել է օձերի խայթոցների 47 դեպք, որոնցից մեկը` մահացու: Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման ժամանակաշրջանում այս թվերը աճման միտում ունեն:
Մայրաքաղաքում 29 մարդ տուժել է, որոնցից մահացել է մեկը: Երևանում օձերի տարածումը պայմանավորված է հիմնականում վերջին տարիների շինարարությամբ: Ամայի տարածություններում բնակվող սողունները շենքերի կառուցումից հետո չեն հեռանում «իրենց վայրերից»: Հետևանքները դժվար չէ կռահել:
Պարոն Գաբրիելյանը նշեց նաև, որ օձի խայթոցի հակաթույն անտիգյուրզին դեղամիջոցի պակաս Հայաստանում չի նկատվում` չնայած ներմուծվող է:
Հեռու մնացեք ամայի շինհրապարակներից և քարքարոտ վայրերում զբոսնելուց, իսկ դժբախտ պատահարի դեպքում անմիջապես դիմեք բժշկի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել