HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդենիսի քաղաքապետի ու «Հայջրմուղի» ջրերը մի առվով չեն հոսում

waterՎարդենիս քաղաքի խմելաջուրը սպառողներին հասնում է ինքնահոս եղանակով, սակայն «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը որոշել է բնակիչներին պարտադրել, որպեսզի ջրաչափեր տեղադրեն: Ընկերության որոշմանը ոչ միայն բնակիչներն են ընդդիմանում, այլեւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն է ամբողջ թափով նրանց դեմ դուրս եկել: Քաղաքապետը նույնիսկ ավագանու նիստ է հրավիրել և իր դժգոհությունը հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանին ու ընկերության ֆրանսիացի տնօրեններին:

«Անկեղծ ասեմ` մեր նախնիներն այս ջրի համար են եկել այստեղ ապրել: Մեր ավագանու անդամները գրավոր նամակ են ուղարկել վարչապետին, որ Վարդենիսում ջրի սակագինը հաշվեն ոչ թե խորանարդ մետրով ու քաղաքացիներն էլ ջրաչափ տեղադրեն, այլ ինչ-որ խորհրդանշական գումար սահմանվի ընտանիքի համար: Թե չէ գալիս, գրում են 5 հազար, 50 հազար, բա եղա՞վ, ամոթ էլ է: Մարդ կա սկի ջուր էլ չի խմել: Մեզ ասում են պիտի ջրաչափ դնեք: Որ դնենք` հարեւան Ակունք գյուղը ջրի մեջ կկորի: Մեր ջրի աղբյուրը Ակունք գյուղում է, եթե ծորակները փակենք ջուրը կհելնի գյուղը կհեղեղի, որովհետեւ ջուրն ինքնահոս է: Լավ, ասենք թե փականները դրեցինք` ջուրն էլ փակեցինք, մեզ մոտ սառեցումը շատ բարձր է, բա որ ջրագծերը սառի տրաքի, դրա պատասխանն ո±վ պիտի տա»,-«Հետքին» դժգոհեց քաղաքապետը: Վ. Խլոյանի ասելով` «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը Վարդենիսում ոչ մի ներդրում չի անում, նույնիսկ անհրաժեշտ տեխնիկա ու սարքավորումներ չունի, որպեսզի վթարները ժամանակին վերացնի: «Ոչ էքսկավատոր ունեն, ոչ եռակցման սարքավորումներ` ոչ մի բան չունեն ու եկել ջրամատակարարմաբ են զբաղվում: Ի՞նչն են ջրամատակարարում, որ ոչ մի վերանորոգման աշխատանք չեն կատարում: Գալիս են քաղաքապետարան ասում են` սայլարկա տուր, սվարկի ապարատ ճարեք, մեկին զանգեք «Բելառուս» ուզեք, որ էսինչ տեղը փորենք: Մի տեղն էլ փորում են, ըտենց քանդած թողնում գնում են»,-ավելացրեց Վ. Խլոյանը: Քաղաքապետը թեեւ ջրամատակարար կազմակերպությունից դժգոհեց վատ աշխատանքի համար, սակայն իր ասելով` չի ցանկանում նրանց «նեղացնել»: «Դուք ինձ ճիշտ հասկացեք, եթե հիմա ջրմուղի աշխատողների հետ լարվենք, իրանք էլ թողնեն փախնեն` ինչ կլինի քաղաքի վիճակը` գոնե էլի սարքավորումներ ճարում, տալիս ենք ձեռները, որ վերանորոգեն: Մենք անելանելի դրության մեջ ենք, որովհետեւ ցանկացած հարցով բնակիչները դիմում են քաղաքապետարան: Իմ խնդրանքն այն է, որ ջրամատակարարման համակարգը եւ այլ անհրաժեշտ համակարգերը հանձնեն քաղաքապետարանին: Հիմա, որ քաղաքապետ եմ ու նման բաներ եմ ասում` չի նշանակում, թե ուզում եմ իմ ենթակայություններն ավելացնեմ: Պետք է մունիցիպալ մարմին ստեղծվի, որ կարողանանք աշխատել, թե չէ անհնարինություն է` այս ձեւով չենք կարող աշխատել»,-նշեց Վոլոդյա Խլոյանը: Այն, որ տեխնիկա չկա եւ բավականին լուրջ խնդիրներ ունեն` չհերքեց նաեւ «Հայջրմուղկոյուղու» Վարդենիսի ստորաբաժանման պետ Վրեժ Մկրտչյանը: «Իրոք մենք տեխնիկա չունենք, ընդամենը մեկ «Ուազ» մակնիշի ավտոմեքենա ունեինք, բայց օգոստոսի 1-ից արենդայով «Բելառուս»ենք ձեռք բերել ու հիմա նորմալ աշխատում ենք»,-ասաց Վ. Մկրտչյանը: Վրեժ Մկրտչյանը չէր կիսում քաղաքապետ Խլոյանի այն հոռետեսությունը, թե ջրաչափ տեղադրելու դեպքում ջրագծերը կսառչեն ու վթարներ կլինեն: Ստորաբաժանման պետը թեեւ ջրաչափ տեղադրելն արդարացրեց Վարդենիսի «Բանավան» թաղամասի ջրի հարցը կարգավորելով, սակայն չերաշխավորեց, որ ջրագծերն իրոք չեն սառչի: «Վարդենիսում ձմռանը սառեցումը լինում է 8 սանտիմետրից միջեւ 1մ 20 սանտիմ: Մինչեւ ջրաչափը չդնենք չենք կարող ասել` կսառի, կտրաքի ջրագիծը, թե ոչ: Եթե ջրաչափը որշակի խորության վրա դրվի` հնարավոր է, որ աշխատի»: Մեր այն հարցին` «եթե Վարդենիսում սպառողները ջրաչափեր տեղադրեն, ի՞նչ կլինի Ակունք գյուղի վիճակը, քանի որ խմելաջրի աղբյուրն այդ գյուղում է», Վ. Մկրտչյանը պատասխանեց. «Իրոք այնտեղ ավազանի վիճակը լավ չի: Հիմա էլ, որ մի քանի ժամով ջուրը փակում ենք, որ վթարները վերականգնենք, Ակունք գյուղի ժողովուրդը բողոքում են, քանի որ ջուրը հելնում ու իրանց տներն է լցվում: Որ ջրաչափ դնենք, երեւի սեփականատերերը մի բան կմտածեն էլի, ես ինչ կարող եմ աել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter