Արցախ-Ֆրանսիա ցուցահանդես` Արցախում
Օգոստոսի 22-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում բացվեց Արցախ-Ֆրանսիա ցուցահանդեսը, որը նախաձեռնել էին «ԳԱՄ-ԱՐՏ» Արցախի նկարիչների միջազգային կազմակերպությունը, Դոմենիկ Լանդուչին (Ֆրանսիայից) եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ցուցահանդեսին ներկայացված են Դոմինիկ Լանդուչիի, Ռոբերտ Ասկարյանի, Հովիկ Գասպարյանի, Սամվել Գաբրիելյանի, Առնոլդ Մելիքսեթյանի նկարներն ու քանդակները:
Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստագետներ, լրագրողներ եւ հյուրեր:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը ողջունելով միջոցառման մասնակիցներին, այդ թվում նաեւ ֆրանսիացի նկարչին, հույս հայտնեց, որ կդրվի համագործակցության սկիզբ, որի նախադրյալներն արդեն իսկ երեւում են, որովհետեւ Դոմենիկ Լանդուչին նախապատրաստվում է միջնորդել մեր նկարիչների ցուցահանդեսը Ֆրանսիայում կազմակերպելու համար:
Իր հերթին ֆրանսիացի նկարիչը հայտնեց իր գոհունակությունը ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնեց, որ նման հանդիպումները հաճախակի կլինեն, որովհետեւ արդեն իսկ սիրահարվել է Ղարաբաղին, քանի որ այն, իր խոսքերով, շատ նման է այն շրջանին, որտեղ հիմա ապրում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել