HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերաքննիչ դատարանը իրավասու չէր ընդունելու ամբաստանյալների հրաժարումը պաշտպաններից»

Վճռաբեկ դատարանը նշում է, որ այս հարցում առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր

Քրեական գործերով Վերաքննիչ դատարանը 2009 թ. մարտի 2-ին Հանրային պաշտպանի գրասենյակ ծանուցագիր է ուղարկել տեղեկացնելով, որ ամբաստանյալներ Ս. Գրիգորյանի, Լ. Հովհաննիսյանի եւ Վ. Հակոբյանի գործերով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին:

Հանրային պաշտպաններ Ռ. Սիրեկանյանը, Վ. Գրիգորյանը եւ Ա. Ջուվանովան մարտի 5-ին ներկայանալով վերաքննիչ դատարան պարզել են, որ ծանուցագրում սխալ է գրված դատավարության օրը, այն իրականում մարտի 6-ին է նշանակված: Նուն օրը` մարտի 5-ին, պաշտպան Ա. Ջուվանովան դիմում է ներկայացրել նշելով, որ մարտի 6-ին նշանակված դատական նիստին չի կարող մասնակցել մեկ այլ դատական նիստում զբաղված լինելով եւ խնդրել է այն հետաձգել: Մարտի 6-ի նիստը հետաձգվել է պաշտպանների բացակայության պատճառով, իսկ արդեն մարտի 16-ի նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն անց է կացրել առանց հանրային պաշտպաններին ծանուցելու: Մարտի 23-ին նշանակված նիստի մասին հանրային պաշտպաններին նույնպես չեն իրազեկել, եւ նիստի ժամանակ ամբաստանյալները պաշտպանների բացակայության պայմաններում հրաժարվել են վերջիններից, ինչը դատարանն ընդունել է առանց պաշտպանների ներկայության եւ նույն օրն էլ որոշում է կայացրել: 24_08-m_arghamanyan

Նախագահող դատավոր Մ. Արղամանյանը որոշում է կայացրել Լ. Հովհաննիսյանին դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով, Ս. Գրիգորյանին` 10 տարի ժամկետով, իսկ անչափահաս Վ. Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 8 տարի 3 ամիս: Ըստ դատաքննության նյութերի, վերջիններս շինանյութի խանութ մուտք գործելով կապել էին պահակին եւ դանակի սպառնալիքով գողացել 8 մլն դրամ արժողությամբ շինանյութ: Հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ պարզվեց նաեւ, որ մարտի 5-ի ծանուցագրից բացի, Հանրային պաշտպանի գրասենյակ ոչ մի այլ ծանուցագիր հետագայում չի ուղարկվել, այսինքն, հետագա երկու նիստերը եւ դատավորի վճիռը կայացվել է առանց պաշտպանների մասնակցության: Այդ պայմաններում վերաքննիչ դատարանը փոփոխել է Երեւանի քրեական դատարանի վճիռը եւ ամբաստանյալների նկատմամբ առավել խիստ պատժաչափեր է սահմանել: Հանրային պաշտպանները վճռաբեկ բողոքում նշել են, որ Վերաքննիչ դատարանը խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը, իրենց բացակայությամբ ընդունել է ամբաստանյալների հրաժարումը պաշտպաններից, պաշտպանների պարտադիր մասնակցության պայմաններում գործը քննել է իրենց բացակայությամբ` խախտելով իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը եւ Վճռաբեկ դատարանին խնդրել են բեկանել որոշումը: Վարդան Գրիգորյանի ասելով դատական նիստի արձանագրությունից ակնհայտ է, որ ամբաստանյալներին դատավորն է համոզել հրաժարվել պաշտպաններից: Վճռաբեկ դատարանը քննելով գործի հանգամանքները եւ հանրային պաշտպանների ներկայացրած դիմում-բողոքները եզրահանգել է, որ վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի սկզբունքները, քանի որ պաշտպաններին պատշաճ կերպով չի ծանուցել գործի քննության տեղի եւ ժամանակի մասին` նրանց զրկելով դատավարությանը մասնակցելու իրավունքից: Հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ փաստարկված դատավարական իրավունքի խախտման հետ կապված հաջորդ հարցը, որ իրենք ներկայացրել են Վճռաբեկ դատարանին, վերաբերվում է նրան, թե սույն գործով Վերաքննիչ դատարանը իրավասո՞ւ էր նշանակված պաշտպանների բացակայության պայմաններում ամբաստանյալներից ընդունել պաշտպաններից հրաժարումը: Վճռաբեկ դատարանն իր կայացրած որոշման մեջ նշել է, որ պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ եւ պաշտպանի ներկայությամբ: «Մինչդեռ գործի նյութերից երեւում է, որ Վերաքննիչ դատարանի դատական քննության ընթացքում ամբաստանյալների կողմից իրենց պաշտպաններից հրաժարվելը եղել է ոչ թե նրանց սուբյեկտիվ կամահայտնության արդյունք, այլ պաշտպանների դատական նիստերին չներկայանալու հանգամանքով պարտադրված քայլ: Սույն գործով պաշտպանները գործի քննությանը չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ կերպով ծանուցված չլինելու պատճառով»,- ասվում է Վճռաբեկ դատարանի հունիսի 29-ին կայացրած որոշման մեջ: Եւս մի ուշագրավ հանգամանք. ամբաստանյալներից Վ. Հակոբյանն անչափահաս է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն «Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալը անչափահաս է»: Հետեւապես, դատարանը իրավունք չուներ ընդունել նրա հրաժարումը պաշտպանից: Վճռաբեկ դատարանն իր որոշումը հիմնավորելու համար հղում է կատարել ՄԻԵԴ-ի վճիռներից մեկին` «Պանովիցն ընդդեմ Կիպրոսի» գործին: «Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով անչափահաս կասկածյալի խոցելիությունը եւ ուժերի անհավասարակշռությունը, որը հանդիսանում է քրեական վարույթի բնույթի արդյունք, 6-րդ հոդվածով նախատեսված կարեւոր իրավունքից նրա հրաժարումը կարող է ընդունել միայն, եթե այն արտահայտվել է աներկբայորեն եւ իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համոզվելու համար, որ նա ամբողջությամբ տեղյակ էր իր պաշտպանության իրավունքի վերաբերյալ եւ կարող է անհրաժեշտության դեպքում ընկալել իր վարքագծի հետեւանքներըգ»:

Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նաեւ, որ ամբաստանյալների` իրենց պաշտպաններից հրաժարվելը եղել է ոչ թե նրանց սուբյեկտիվ կամայականության արդյունք, այլ` պաշտպանի դատական նիստերին չներկայանալու հանգամանքով պարտադրված քայլ, որի պատճառը վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան ծանուցման բացակայությունն է եղել, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը իրավասու չէր պաշտպանների հարգելի բացակայության պայմաններում ընդունել վերջիններից ամբաստանյալների հրաժարումը: «Այսպիսով, խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը եւ այդ խախտումներն իրենց բնույթով էական են, կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»,- ամրագրված է վերադաս դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ հանրային պաշտպաններից հրաժարվելու այս վիճելի հարցին Վճռաբեկ դատարանն առաջին անգամ է անդրադառնում եւ սույն որոշման մեջ նշել է, որ իր կամ այլ անձանց կողմից հրավիրված կամ օրենքով սահմանված կարգով նշանակված պաշտպանից անձի հրաժարումը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդունելու իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Բելլա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter