Ախուրյանի համայնքապետը խոստանում է վերջ դնել Գերմանահարավսլավական թաղամասի կոյուղատարի ոդիսականին
Ախուրյանի Գերմանահարավսլավական թաղամասի կոյուղու ոդիսականն, ամենայն հավանականությամբ, այս տարի կավարտվի: 1991 թ. 50 տնից բաղկացած թաղամասը կառուցվել էր բարերարների միջոցներով` երկրաշարժի ժամանակ զոհեր ունեցած ընտանիքների համար: Դասեր չքաղած հայ շինարարներն այնքան էլ ջանք չէին գործադրել եւ, սովորույթի համաձայն, աշխատանքը կատարել էին թերություններով: Արդյունքում, թաղամասը շահագործման էր հանձնվել կիսատ-պռատ կոյուղատարով:
Խնդիրները սկսվեցին 1998 թ.-ից: Անցած 10 տարիներին բազմաթիվ դիմում- բողոքներ են ուղարկվել տեղական, մարզային եւ հանրապետական կառույցներին: Բնակիչների բողոքները` թե կոյուղաջրերը լցվում են նկուղները, խցանված կոյուղատարից ջուրը լցվում է փողոցները եւ իրենք ամռան ամիսներին խեղդվում են գարշահոտից, արձագանք չէր գտնում ոգչ համայնքապետարանում, ոգչ Ջրմուղում, ոգչ էլ Կառավարությունում: Ինչո՞ւ… Այս հարցին Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը բավական համոզիչ պատասխան ունի: Այն ժամանակ գումարներ չուներ ոգչ համայնքապետարանը, ոգչ Ջրմուղը, դե իսկ Կառավարությունն էլ պատրաստ չէր 100 մլն դրամի ներդրում կատարել, որպեսզի կառուցվեր բացակայող 1,5 կմ երկարությամբ կոյուղատարը: 2007 թ. ամռանը, երբ արդեն խնդիրն ընդգրկել էր ամբողջ թաղամասը, եւ այլեւս չկար մի տուն, որ խնդիր չունենար, բնակիչները որոշում են դիմել այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին: Վարչապետի հանձնարարականով համայնքապետարանը փոքր գումարների սահմաններում խնդրի լուծման օպտիմալ մի տարբերակ է ներկայացնում: Պարզվում է, որ 1,5 կմ-ի փոխարեն կարելի է կառուցել 600 գծամետր, 100 մլն-ի փոխարեն էլ տեղավորվել 20-22 մլն դրամի սահմաններում: Եթե հնարավոր էր այդպիսի տարբերակ կիրառել, ինչո՞ւ էր համայնքապետարանը խնդիրը ձգձգում տարիներ շարունակ: Արծրուն Իգիթյանի պարզաբանմամբ` 1,5 կմ-ի կառուցումը թաղամասի համար առավել լիարժեք տարբերակ էր, քանի որ կոյուղատարը միանալու էր գլխավոր կոլեկտորին, իսկ այս դեպքում կառուցվող 600 գծամետրը միանալու է նախկին շրջկենտրոնի գործող կոյուղատարին: Գերմանահարավսլավական թաղամասում շինարարություն իրականացնող «Արգիկ» ԲԲԸ տնօրեն Մանվել Ումռոյանից տեղեկացանք, որ 2007 թ. դեկտեմբերին ինքը շինարարական աշխատանքներին ձեռնամուխ է եղել առանց մրցութային փաթեթ ներկայացնելու: Ունեցել է բանավոր պայմանավորվածություն. համայնքապետը դիմել է իրեն, ինքն էլ համաձայնվել է:
Այս առնչությամբ համայնքապետի տված պարզաբանումը հետեւյալն էր. «Ըստ «Գնումների մասին» օրենքի` մինչեւ 10 մլն դրամի իրականացվող աշխատանքների դեպքում կազմակերպությունն ընտրվում է գնանշման միջոցով, ես էլ դիմել եմ իմ իմացած կազմակերպությանը, քանի որ ընդամենը 2,4 մլն-ի աշխատանք պիտի կատարվեր այդ ժամանակ»:
Հապճեպ արված աշխատանքի արդյունքն էլ այն էր եղել, որ այս տարի, երբ շինարարական աշխատանքները վերսկսվեցին, պարզվեց, որ նախորդ տարվա կառույցն ունի թերություններ, եւ 10 բնակարանից ընդամենը 3 տան խնդիրն է լուծվել:
Սակայն շինարարի հետ տարաձայնություններ չեղան, քանի որ կոյուղատարի շինարարության երկրորդ փուլն իրականացնողը դարձյալ «Արգիկ» ԲԲԸ-ն էր: Այս անգամ կազմակերպությունը մրցույթին մասնակցել էր, եղել էր միակ մասնակիցն ու, բնականաբար, հաղթողը: «Իսկ ինչու՞ ոչ «Արգիկ»-ը» հարցին հարցով է պատասխանում Արծրուն Իգիթյանը. «Նախ` էդ կազմակերպությունն իմ հարկատուն է, էդտեղի աշխատողները հիմնականում ախուրյանցիներ են, ավելի լավ է իրենք անեն գործը, փող ստանան, հարկերն էլ պարտաճանաչ վճարեն, հագմ իրենց համար լավ, հագմ` համայնքապետարանի: Անվճար աշխատելու դեպքում ամեն անգամ պիտի Ումռոյանին խնդրեմ, որ գա ընկերական անի, իսկ երբ փողով գործ է, թող դրսի կազմակերպությունն օգտվի, հա՞…»:
Համայնքապետը մի քանի օրինակ բերեց, թե ինչպես են դրսի կազմակերպությունները բազմաթիվ թերություններով աշխատանքը հանձնել ու հեռացել: «Գյուղի մշակույթի տան վրա 40 մլն դրամի աշխատանք պիտի արվեր, բայց հիմա հաշվում ենք` հազիվ 13 մլն դրամի աշխատանք են արել: Եթե առաջ շենքը հնարավոր էր օգտագործել, էդ վերանորոգում կոչվածից հետո լրիվ անօգտագործելի է դարձել: Էդ էլ լենինականցի շինարարների խերն էր»,- ավելացրեց համայնքի ղեկավարը: Ախուրյանի համայնքապետը դժգոհ էր նաեւ մարալիկցի շինարարներից, ովքեր թիվ 1 դպրոցի վերանորոգման 270 մլն-անոց աշխատանքը շահել էին 139 մլն-ով, հետն էլ շինարարության ղեկավարը աշխատողներին ավտոբուսով տանել-բերելու փողն իրենից է պահանջել: Դրա համար էլ ինքը գերադասում է, որպեսզի Ախուրյանում տեղի շինարարական կազմակերպությունները աշխատեն:
«Հա, ու եթե պետք լինի` էնպես կանեմ, որ ուրիշ կազմակերպություն չմասնակցի, թող մեր իմացած մարդիկ աշխատեն, իմ հարկատուները»,- հայտարարեց համայնքապետը: Ախուրյանի Գերմանահարավսլավական թաղամասի կոյուղատարի շինարարության համար Կառավարության 2008 թ. դեկտեմբերի որոշումով հատկացվել էր 13 մլն 500 հազար դրամ, համայնքապետարանի մասնաբաժինն այս աշխատանքներում կազմում է 6 մլն դրամ: Առաջին փուլով կառուցվել է 142 գծամետր, իսկ երկրորդ փուլով, թեեւ նախատեսվել էր 440 գծամետր, կառուցվել է 467 գծամետր: Նախագծով ասֆալտապատվելու է ընդամենը 300 քմ տարածք, այսինքն` կարկատան է դրվելու խողովակաշարի համար քանդած հատվածում: Ավարտական փուլում շինարարներին միացել են նաեւ ջրմուղագործները: «Շիրակ-ջրմուղի» աշխատակիցները հին կոյուղատարից իրենց հաշվին 250 գծամետր լվացել-մաքրել են, որպեսզի նորին միանալիս խնդիրներ չլինեն: «Շիրակ-ջրմուղ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանը հավաստիացրեց, որ առանց իրենց վերջնական եզրակացության կոյուղատարը լիակատար շահագործման չի հանձնվի, ի վերջո դրա հետագա շահագործումն ու պահպանումը իրենց կազմակերպության գործառույթների մեջ է մտնում: Օրերս Ջրմուղից մասնագետներ են այցելել թաղամաս, ուսումնասիրություններ են արել, մանր-մունր թերություններ են եղել, որոնց վերաբերյալ ակտ է կազմվել եւ հանձվել շինարարական կազմակերպությանը: Արշալույս Ավդալյանի հավաստմամբ` շինարարը բավական բարեխիղճ է աշխատում, համայնքապետն էլ հետեւողական է, որպեսզի որեւէ թերություն հետագայում չարձանագրվի: Դրա արդյունքում անգամ բացահայտումներ են լինում:
Նախագծից դուրս մնացած երկու տների կույուղատարի ուսումնասիրություններից պարզվել էր, որ 90-ականներին թաղամասում աշխատած շինարարների անփութության հետեւանքով խողովակները չեն միացվել եւ հիմա վերացնելու են նաեւ այդ թերությունը, այս անգամ` Ջրմուղի ուժերով: Ախուրյանում ընթացող աշխատանքներին հետեւում է անձամբ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը:
«Ես խոստացել եմ Իգիթյանին, որ եթե աշխատանքները լավ չարվեցին, կոպեկ-կոպեկ փողը ետ եմ ուզելու, պիտի էնպես անենք, որ այլեւս էդ թաղամասում խնդիրներ չծագեն»,- վերահսկողության առումով պարզաբանումներ տվեց տկն մարզպետը: Ինչ վերաբերում է պարբերաբար ծագող խնդիրներին, ապա հին կոյուղատարի մաքրման աշխատանքներն իրականացնող շինարարներն ու ջրմուղագործները միաբերան պնդում են, որպեսզի թաղամասում արգելվի անասուն, հատկապես խոզ պահելը:
«Դուք չեք պատկերացնի, թե կոյուղուց ինչեր ենք հանել, ու ամենազարմանալին հագուստի առկայությունն էր կոյուղատարում…մենակ մի բան ասեմ, էստեղ մի երկու-երեք ընտանիք կա, եթե դրանք շարունակեն խոզ պահել ու կեղտաջրերը լցնել կոյուղի, հաստատ նորից խցանումներ են լինելու»,- մտահոգություն հայտնեց «Արգիկ» ԲԲԸ աշխղեկը: Ախուրյանի համայնքապետարանում ճշտեցինք, որ անասնագոմ ունենալու եւ ընդհանրապես անասուն պահելու համար, ըստ օրենքի, տան դիմաց պիտի ամենապակասը 1000 մետր հողատարածք լինի: Այնինչ Գերմանահարավսլավական թաղամասի տներն իրենց կից բանջարանոցներով ընդամենը 500 մետր տարածք են զբաղեցնում, հետեւաբար, չի թույլատրվում այդտեղ որպես կից կառույց գոմերի առկայությունն ու անասնապահությունը: Այս առումով եւս համայնքապետարանն անելիքներ ունի:
Մեկնաբանել