HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչպես հանել Բաքվի և Անկարայի արանքում թաղված շան գլուխը

Մարզային այցելություններից մեկի ժամանակ` օգոստոսի սկզբին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե աշնանը իրավիճակի նոր փոփոխություն պետք է սպասել: Ավելի ուշ նման կանխատեսում արեց նաև «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը. «Խիստ կանխատեսելի են լուրջ զարգացումներն աշնանը` հիմնականում կապված Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ:

...Մինչև հիմա, ըստ էության, բանակցային գործընթացը գաղտնազերծված չէ, ինչից ելնելով կանխատեսելի է, որ կլինեն ինտենսիվ, առաջին հերթին ներհասարակական զարգացումներ: ...Իրավիճակը ինչի ասեք` կարող է բերել, որովհետև սա ամենաճակատագրական խնդիրներից մեկն է»: Նույն ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հայտարարում էր. «Կարծում եմ` առաջիկա շաբաթներին մեզ սպասվում է քաղաքական բավական տաք եղանակ»: Ակնհայտ է, որ Հայաստանի առաջատար երեք քաղաքական ուժերը չափազանց լարված քաղաքական աշուն են կանխատեսում Հայաստանի համար: Այս առումով երկու հիմնական հարց է առաջանում: Որքանո՞վ են հիմնավորված այդ կանխատեսումները: Արդյո՞ք դրանք իրատեսական են, թե՞ ընդդիմադիր ուժերին բնորոշ` խուճապային տրամադրություններ արթնացնելու և դրա «հենքի վրա» ինքնադրսևորվելու հնարավորություններ ստեղծելուն ուղղված քայլեր են: Երկրորդ` որքանո՞վ են պատրաստ պետությունը և հասարակությունը նման թեժացումներին, այլ կերպ ասած` որքանո՞վ են պատրաստ դիմակայելու այն արտաքին մարտահրավերներին, որոնց մասին ահազանգում են վերոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Իրավիճակի փոփոխության ուղիները

Անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև տեղի ոնեցավ հեռախոսազրույց, որի նախաձեռնությունը պատկանում էր ամերիկյան կողմին: Այդ մասին պաշտոնական սուղ տեղեկատվությունից, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ քննարկման հիմնական առարկաներն են եղել հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված հարցերը: Դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան տեղեկացրել էր, որ շատ հնարավոր է` Մինսկի խմբում իրեն փոխարինի պետքարտուղարի տեղակալի մեկ այլ օգնական, Կոսովոյում ԱՄՆ փաստացի առաջին դեսպան Թինա Կայդանովը: Կադրային այս փոփոխությունները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի անմիջական ներգրավվածությունը վկայում է, որ Վաշինգտոնն առաջիկայում փորձելու է ակտիվացնել իր նախաձեռնողականությունը թե' ԼՂ հակամարտության, թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Չնայած այն փաստին, որ Թինա Կայդանովի հնարավոր նշանակումը ՄԽ համանախագահի պաշտոնում լուրջ մտահոգություններ և չափազանցված լավատեսություն է առաջացրել համապատասխանաբար Ադրբեջանում և Հայաստանում, սակայն փաստն այն է, որ Վաշինգտոնը բալկանյան հակամարտություններում թրծված դիվանագետ գործուղելով Հարավային Կովկասª ձգտելու է վերադարձնել ռուս-վրացական պատերազմի արդյունքում կորցրած դիրքերն այս տարածաշրջանում: Այս իմաստով Հայաստանի իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստական «մանյովրներն» առ այն, թե այդպիսով ԱՄՆ-ն փոխում է իր քաղաքական կուրսը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և ելակետային է դարձնում ազգերի ինքնորոշման սկզբունքը, որով առաջնորդվելով` Կայդանովի անմիջական մասնակցությամբ անկախություն շնորհեց Կոսովոյին, ոչ միայն չափազանցված, այլև նույնիսկ վտանգավոր կարող են լինել հանրության զգոնությունը բթացնելու իմաստով: Ինչևէ, ամերիկյան ակտիվացումները կարող են մեծացնել առաջիկայում Հայաստանի վրա նոր ճնշումների հնարավորությունը: Վաշինգտոնում ձգտում են հնարավորինս մեծ օգուտներ ստանալ Հայաստանի «սանձազերծած» «ֆուտբոլային դիվանագիտությունից» և հայ-թուրքական հարաբերությունները հասցնել այնպիսի հանգրվանի, երբ Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարությունն այնքան կմեծանա, որ կսկսի հավասարակշռել, դրանով իսկ հակակշռել Ռուսաստանի ահագնացող ազդեցությունը Երևանի ու հատկապես Բաքվի նկատմամբ: Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն ամեն կերպ ձգտի գլուխ բերել առաջիկա հոկտեմբերին Սերժ Սարգսյանի պատասխան ֆուտբոլային այցը Անկարա` ի հավաստումն հայ-թուրքական մերձեցման հարցում ունեցած «անկեղծ շահագրգռության»: Խնդիրն այն է, սակայն, որ այդ հարցում նույնքան «անկեղծ» է նաև Մոսկվայի շահագրգռությունը, որը, փորձելով ստանձնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ճարտարապետի դերը, ձգտում է թուլացնել Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի արդեն իսկ նկատելիորեն թուլացած ազդեցությունը և նպաստավոր պայմաններ ստեղծել Թուրքիայի հետ Արևմուտքի կապած էներգետիկ պլանների ու մասնավորապես «Նաբուկո» նախագծի տապալման համար: Չնայած ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Անկարա կատարած աշխատանքային այցի միջոցով Մոսկվան Անկարայից քարտ-բլանշ ստացավ Սև ծովի թուրքական մասով «Հարավային հոսք-2» գազատարի կառուցման համար, սակայն շատ լավ հասկանում է, որ դա «Նաբուկոն» թուրքական ձեռքերով կասեցնելու և ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մերձեցման հիմք դարձնելու  համար առայժմ բավարար չէ: Եվ դա Անկարան ցույց տվեց, երբ հրաժարվեց իր տարածքը տրամադրել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան սնուցելու համար և Իսրայելի հետ լայնամասշտաբ զինավարժություններ անցկացրեց: Այլ կերպ ասած` թե' Վաշինգտոնի, թե' Մոսկվայի շահերից այսօր բխում է սեփական քաղաքական ու տնտեսական-էներգետիկ շահերից ելնելով` լեգիտիմացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆարսը: Այսինքն` ամրապնդել ու ընդունել Անկարայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իմիտացիայի միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց և աշխարհագրական իմաստով Հարավային Կովկաս «սողոսկելու» քաղաքական կուրսը: Ահա այստեղ է, որ Հայաստանը հայտնվում է ուժային բոլոր կենտրոնների ճնշումների թիրախ դառնալու վտանգի առջև: Բացարձակապես վերացած չեն ԼՂ հակամարտության հետ կապված ներհայաստանյան այն մտահոգությունները, որոնք մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ ՀՅԴ-ին դրդեցին ՀՀ արտգործնախարարի հրաժարականի պահանջ ներկայացնել, իսկ իշխանական ոչ պաշտոնական շրջանակներին` Մադրիդյան սկզբունքների դեմ պատերազմական մոտիվներով շարժում նախաձեռնել: Դեռ մեկ ամիս առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարում էր, թե իրենց ընդամենը ժամանակավորապես է հաջողվել խուսափել հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրումից, և որ այդ խնդիրը նորից օրակարգային է դառնալու Սարգսյան-Ալիև հերթական, ամենայն հավանականությամբ մինչև ՀՀ նախագահի` Անկարա կատարելիք հնարավոր այցը կազմակերպվելիք հանդիպման շրջանում: Ակնհայտ էր, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին այցելությունը տարածաշրջան հստակ մեկ նպատակ էր հետապնդում. հայկական կողմին և հատկապես հայկական երկու պետությունների հանրություններին «հասկացնել», որ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվել հնարավոր չի լինելու, և ԼՂ-ին հարակից յոթ շրջանների վերադարձը, որպես կարգավորման առաջին քայլ, այլընտրանք չունի: Ըստ էության, Թինա Կայդանովն իր հնարավոր առաքելությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կսկսի հենց այս ելակետից:

Ադեկվա՞տ, թե՞ ոչ ադեկվատ ազդակներ Հայաստանից

ՀՀ իշխանությունը հստակորեն տեսնում է այս վտանգները: Եվ չնայած դրան` չափազանց թույլ ու քիչ արդյունավետ միջոցներ են փորձում ձեռնարկել հնարավոր ճնշումներին դիմակայելու կամ դրանք չեզոքացնելու ուղղությամբ: Մասնավորապես, թերևս հենց այս նկատառումից ելնելով` իշխանությունը հանկարծ որոշեց անսալ ԵԽԽՎ-ի` 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանական ուժերի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում արձանագրված բռնությունների դեպքերը հետաքննելու պահանջին: Արտաքին ճնշումների դիմակայմանն ուղղված իշխանության մյուս նախաձեռնությունը հասարակական ներքին դիմադրության լուռ պաշտպանությունն է կամ ավելի ճիշտ հրահրումը: Օրերս ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հայտարարեց, թե իրենք օրակարգից հանված չեն համարում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության հարցը. «Մեր կողմից հրաժարականի պահանջը նախագահին հնարավորություն տալն է քաղաքականությունը փոխելու և ազդարարելու բոլորին, որ այդ քաղաքականությունը փոխված է»,- ասել էր Մանոյանը: Սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ անկախության օրը, ՀՅԴ-ն հիմնականում այս հարցերի հետ կապված հանրահավաք կանցկացնի: Դա կլինի, այսպես կոչված, «դիմադրողական շարժման» հերթական փուլի մեկնարկը: Սակայն որքանո՞վ կարող են այս միջոցառումներն արտաքին ճնշումներին դիմակայելու լուրջ լծակներ ստեղծել, և ամենակարևորը` որքանո՞վ է հնարավոր դրանց հիման վրա կոնսոլիդացնել հասարակությանը: Այս իմաստով հարկ է դիտարկել օրակարգում առկա երեք հիմնական հարթություն. 1. ԵԽԽՎ-ի խողովակով Հայաստանի նկատմամբ ճնշումների իրական չեզոքացման հնարավորություն: 2. Հանրության հետ անկեղծ երկխոսության հնարավորություն թե' հայ-թուրքական հարաբերություններում, թե' ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրողությունների վերաբերյալ: 3. ՀՀ նախագահի` Անկարա կատարելիք պատասխան այցը կամ դրանից հրաժարումը քաղաքական ակցիա դարձնելը, ԼՂ կարգավորման Մադրիդյան սկզբունքների նկատմամբ հստակ և վերջնական մոտեցումների ձևավորումը և դրա նկատմամբ հասարակական հստակ օժանդակության ապահովումը: Առաջին մասով խնդիր է դրվել ոչ թե կատարել ԵԽԽՎ պահանջները, այլ ընդամենը դրա իմիտացիա ստեղծել: Նպատակը պարզ է` կրկին ժամանակ շահել: Խնդիրն այն է, որ չնայած սկսվել է ԵԽԽՎ 1677 բանաձևով նախատեսվող` մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոչ իրավաչափ գործողությունների դիմած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, սակայն դա արվում է կիսատ-պռատ, այդ ոստիկանների մեղավորության աստիճանը նվազեցնելու, իրական պատասխանատվությունից ազատելու տրամադրությունների ներքո: Ավելին` որևէ քայլ չկատարվեց ոչ միայն այդ իրադարձությունների ժամանակ արձանագրված մահվան դեպքերի իրական բացահայտման ուղղությամբ, որը ևս այդ բանաձևի պահանջն էր, այլև  անտեսվեցին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ նախաքննությունը նրանց ազատության պայմաններում անցկացնելու, քաղաքական մոտիվներով կալանավորվածներին ազատ արձակելու, Ա1+ հեռուստաընկերությանը հեռարձակման հաճախականություն տրամադրելու պահանջները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը նաև ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի ընթացքում դուրս չի գալու մոնիտորինգի գոտուց, որն էլ իր հերթին նշանակում է, որ վերացված չէ այս խողովակով Երևանի վրա ճնշումներ գործադրելու վտանգը: Երկրորդ կետի հետ կապված իրավիճակը շատ ավելի անորոշ է: Հուլիսին Սարգսյան-Ալիև հերթական հանդիպմանն ընդառաջ Հայաստանում ծավալված իրադարձությունները Մադրիդյան սկզբունքների դեմ ուղղակի դադարեցին այդ հանդիպումից հետո: ՀՅԴ-ն չպնդեց արտգործնախարարի հրաժարականը, թեև քաղաքական կուրսի փոփոխություն չէր եղել, մյուս ազգային քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները չշարունակեցին «ոչ մի թիզ հող» մոտիվներով իրենց կիսակազմակերպված արշավը: Դա ցույց է տալիս, որ այդ նախաձեռնությունները պարզապես իրավիճակային խնդիրներ լուծելու նպատակ ունեին ընդամենը: Առնվազն զավեշտալի է թվում ՀՅԴ այն հիմնավորումը, թե իրենք շարունակում են պնդել Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը` որպես արտաքին քաղաքական կուրսի փոփոխության երաշխիք այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իշխանությունը ոչինչ փոխելու մտադրություն չունի: Ավելին, որևէ քայլ այդպես էլ չարվեց` բացահայտելու համար, թե ի՞նչն էր հիմք հանդիսացել ապրիլի 22-ի հայտնի եռակողմ (Հայաստան, Թուրքիա, Շվեյցարիա) հայտարարության համար, որը մոլորության մեջ գցեց ողջ հայությանը, որքանո՞վ է Թուրքիան հավատարիմ մնում սահմանները բացելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու իր պատրաստակամությանը: Այս իրողությունները բացարձակապես չեն նպաստում իշխանության նկատմամբ հասարակական վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավելևս, երբ անզեն աչքով էլ պարզ է, որ Թուրքիան բացարձակապես որևէ փոփոխություն չի մտցրել Հայաստանի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ և հարաբերությունների կարգավորման մտադրություն իրականում չունի` առանց իր առաջադրած հայտնի նախապայմանների կատարման: Հետևաբար, ՀՀ իշխանություններին այլ բան չի կարող մնալ, քան դիվանագիտական-քարոզչական խողովակներով միջազգային հանրությանը հասու դարձնել, որ Թուրքիան հրաժարվում է իր իսկ ստանձնած պարտավորություններից, և որ երկխոսություններն այդ երկրի հետ դադարեցվում են հենց Անկարայի միտումնավոր անգործության պատճառով: Դա նաև «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված թակարդից դուրս պրծնելու և ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակներ սպրդելու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը վիժեցնելու հնարավորություն կտա: Այս իմաստով ՀՀ նախագահի հնարավոր այցը Թուրքիա չի կարելի դիտարկել իբրև ճարահատյալ քայլ` միջազգային հանրության կողմից սխալ հասկացվելուց խուսափելու համար: Ավելի լավ է սխալ հասկացվել, քան Թուրքիային նոր դիվիդենտներ տալ և ազգային անվտանգության համար նոր սպառնալիքներ ստեղծելու նախադրյալներ առաջացնել: Բացի դրանից, անհրաժեշտ է հստակ մոտեցում ցուցաբերել ԼՂ կարգավորման Մադրիդյան սկզբունքների նկատմամբ` դրանք դնելով հասարակական քննարկման: Ըստ էության, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել պարտադրված որևէ փաստաթուղթ ստորագրելուց, եթե դրանք իսկապես այդքան վտանգավոր են հայկական շահերի համար: Պաշտոնական Երևանն ինչ-որ քայլեր ձեռնարկում է, սակայն ոչ այնքան այդ, որքան Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջները զսպելու նկատառումով: Օրերս «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը չհրաժարվի «ամեն ինչ կամ ոչինչ» քաղաքական ձևաչափից, ապա հայկական կողմը ստիպված կլինի վերանայել իր մոտեցումները բանակցային գործընթացում: «Ադրբեջանի այդ դիրքորոշման պահպանման դեպքում անխուսափելի կդառնա բանակցային գործընթացի կոնցեպցիայի վերանայումը և հատկապես. ԼՂՀ-ի միջազգային ճանաչում կամ առնվազն հենց այսօր նոր հանրաքվեի իրականացում: Դա առաջին քայլն է: Ընդ որում, ԼՂ-ում բնակված ադրբեջանցիները կարող են քվեարկել իրենց ներկայիս բնակության վայրերում` միջազգային դիտորդների խիստ վերահսկողության ներքո: Երկրորդ քայլը` անվտանգության երաշխիքների խիստ հիմնավորում և ամրագրում, որից հետո կարելի է խոսել մնացած բոլոր հարցերի մասին»: Չնայած Ադրբեջանի ախորժակը զսպելու առաջնահերթ հարցի լուծմանը, ակնհայտ է, որ Հայաստանը նաև զուգահեռաբար այս կերպ Մադրիդյան գործընթացը կասեցնելու նախադրյալներ է ստեղծում: Սակայն դրա համար միայն հայտարարությունները բավարար չեն: Ամենաարդյունավետ ճանապարհը ներպետական և ներհասարակական համապատասխան մթնոլորտի, միջավայրի ձևավորումն է: Ահա այստեղ է թաղված շան գլուխը, որը ոչ մի կերպ իշխանությանը հանել չի հաջողվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter