«Ամենաուժեղ գյուղացին 10 նախարարի չափ բան ա հասկանում»
Երբ այցելեցի Արմավիրի մարզի Ակնաշեն համայնք, գյուղամիջում հավաքված տղամարդիկ ինձ դիմավորեցին մի շարք խնդիրներով` «սպառնալով», որ իրենց շատ չխոսեցնեմ, այլապես մինչ ուշ երեկո կպատմեն գյուղացու դարդ ու ցավի մասին: Համայնքապետարանի անմիջական հարեւանությամբ գյուղի տղամադիկ հերթափոխով նարդի էին խաղում, քանի որ այլ զբաղմունք չունեն:
«Տնից փախել, եկել ենք գյուղամեջ, որ հացի զոր չանենք ու տնեցիներից հաց չուզենք, որ ուտենք: Դու պոմիդորով ու բիբարով ամեն օր յոլա կեթա՞ս` էն էլ արդեն չորանում ա: Ուտելու հաց չունենք: Պաշտոնյաներն ասում են` Հայաստանը գյուղացիներն են պահում: Շատ ճիշտ են ասում` մենք մեր բերանից կտրում ենք, սոված ենք մնում ու իրանց ենք պահում, որ իրանց համար ձկան գյոլոր ու տարբեր շինություններ սարքեն»,- ասաց ակնաշենցի Իլյա Մանուկյանը:
Գրիգոր Սվարյանը, ով նարդի խաղացողների թիմում էր, լրացրեց համագյուղացու խոսքը` ասելով. «Մեր գյուղի առօրյան սա է` մի նարդի ունենք, գալիս ստեղ զբաղվում ենք, որովհետեւ հողից ձեռ ենք քաշել: Պարարտանյութ չենք կարողանում առնենք: Գյուղում մի մեխանիզացիա ունենք, էն էլ հերթ ենք կանգնում, որ կարիքներս հոգանք: Բայց տրակտորի տերն էլ գնում, մեծ հողատարածք ունեցողների համար ա աշխատում: Ամեն ինչն էլ շատ թանկ ա: Չենք կարում ոչ մի բան անենք ու մնացել ենք մենակ հացի փող աշխատելու հույսին: Արդեն հացն էլ ենք առնում, որովհետեւ ո'չ ցորեն ա լինում, ո'չ էլ այլ բան: Հենց հիմա մեր ամբողջ պտուղ-բանջարեղենը չոռը տվել ա: Մարդ կա` 60 տոննա պոմիդոր պիտի հավաքեր, 15 տոննա է հավաքել, որովհետեւ հիվանդություն ա տարածված, էլ մենք ի՞նչ անենք»: 
Թոշակառու Վազգեն պապիկին ավելի շատ նյարդայնացնում էին գյուղատնտեսության մասին պաշտոնյաների լավատեսական հայտարարություններն այն դեպքում, երբ որեւէ անգամ չեն այցելել իրենց գյուղ ու գյուղացու դարդ ու ցավից չեն հետաքրքրվել: «Տելեվիզորից ընենց են խոսում, որ մարդու սիրտ ա տրաքում: Տո մեկը չկա` ասի`որ ըտենց խոսում եք, բա իրար հետեւից շարված սուպերմարկետները որտեղի՞ց եք բացում, հարկերն էլ չեք տալիս: Հիմա պետությունը ոչ թե գյուղացուն աջակցում ա, այլ ընդհակառակը` խփում ա գյուղացու գլխին: Քանի տարի ա, ո՞ր մի նախարարի ռանգն ենք տեսել: Ամենաուժեղ գյուղացին 10 նախարարի չափ բան ա հասկանում: Իրանց եղածն ի՞նչ ա, որ գան, գյուղացուն խորհուրդ տան: Մենակ կաբինետները նստած որոշում են, թե գյուղացին ինչքան բերք պիտի ստանա: Էնքան են գյուղացու գլխին կռկռում, որ վախտին կարկուտը գալի, սաղ բերքը տանում ա,- բարկացած պատմում էր Վազգեն պապն ու ցույց տալիս հագի մաշված տաբատը:- Մեր հագածն էլ էս ա` արտասահմանից բերած մեռելի շորերն ենք էժան գներով առնում-հագնում, որովհետեւ թազա առնելու հնար չունենք: Եսիմ որտեղից օգնություն ա եկել, սրանք էլ գյուղի մեջ դրել ու էդ հագած շորերը ծախում են: Հագիս շալվարին 200 դրամ եմ տվել, մեռելի շոր չի` բա ի՞նչ ա: Էգուց ես էլ մեռնեմ` էս հագիս շալվարը կտանեն, կդնեն խանութը 100 դրամով կծախեն: Տղա ջան, ավելի լավ ա գյուղացու բերանը չբացես, որովհետեւ մինչեւ կոկորդներս կուշտ ենք արդեն»: Ակնաշենցիներին զայրացնում էր հատկապես ոռոգման ջրի խնդիրը: Նրանց պատմելով` Ջրային տնտեսությունը եկել ու տեր է կանգնել իրենց արտեզյան հորերին ու գյուղացիներին պարտադրում է, որ ոռոգման ջրի համար վարձավճար տան: Նշենք, որ այս համայնքում բոլոր արտեզյան հորերը ինքնահոս եղանակով են ջուրը հասցնում գյուղացուն: «Հիմա Ջրային տնտեսությունն ա եկել, նստել վզներիս ու չի թողում նորմալ մեր բերքը ջրենք: Էնպես են անում, որ 100 հեկտարի բերքը փչանա, գյուղացին էլ գնա շան նման սատկի, մենակ թե իրենց տանենք փող տանք, որ հարստանան»,- ասաց Վազգեն Երեմյանը: Գրիգոր Սվարյանն էլ դժգոհ էր հատկապես գյուղնախարարների վերջին տարիների գործելաոճից. «Պարոն Լոքյանն էլի ինչ-որ բան խոսում էր, բայց Արամայիս Գրիգորյանը ոչ մի բան չէր խոսում: Նոր նախարարն էլ ասում ա` ես մասնագետ եմ ու ամեն ինչ կանեմ: Դե թող գա, անի, տենամ ի՞նչ կարա անի: Գյուղացին էս պահի դրությամբ ամենավատ վիճակում ա, էնքան պրոբլեմ ունենք, որ արդեն իմիջայլոց ենք ապրում: Չգիտենք` վարկ վեկալե՞նք, թե՞ ինչ անենք: Մարդ կա` մի բանկից վարկ ա վեկալում, որ մյուս բանկի վարկը փակի ու ինքն էլ ընտանիքով սոված օր ա անցկացնում: Հիմա էդ օրին ենք հասել»: Նրա ասելով` այսօր գյուղացին չի կարողանում իր ապրանքը Երեւանի շուկաներում իրացնել, քանի որ քաղաքի առեւտրականները նրանց «անդազահան կանեն»: Ակնաշեն գյուղի կենտրոնում նարդի խաղացող ճերմակած մազերով տղամարդիկ, իրար հերթ չտալով, պատմում էին տարիներ առաջ իրենց ունեցած հարստության ու «փառավոր կյանքի» մասին:
«Էսօր գյուղացուն ոչ մեկը բանի տեղ չի դնում, ու մեր ձայնը ոչ մի տեղ չի հասնում: Մենք շատ բան ենք ուզում` հենց հիմա ուզում ենք, որ կոմունիստական հասարակարգը ետ գա` կգա՞: Ժողովուրդը մենակ մի բան ա ուզում` որ իրա ստեղծածը վայելի, բայց մենք մեր ստեղծածը չենք կարողանում վայելել: Ուրիշներն ամեն օր խոզի խորոված են ուտում, մենք էլ բադրիջանն ենք շշի վրա շարում, խորովում ուտում` մեր խորովածն էլ էդ ա»,- ակնաշենցիների ապրելակերպը ներկայացրեց մի պապիկ: Գյուղացիների պատմելով` գյուղից մոտ 40 երիտասարդներ թողել-գնացել են արտերկիր` աշխատանք փնտրելու, որովհետեւ գյուղում չեն կարողանում ապրել:
Ի՞նչ է մտածում Ակնաշենի համայնքապետը
Համայնքապետ Միսակ Միսակյանը թեեւ բացահայտ ցույց չտվեց, որ դժգոհում է ոռոգման ջրի մատակարարումից, սակայն չթաքցրեց, որ խնդիրներ, իրոք, կան:
«Ակնաշեն համայնքն օգտվում է «Ակնալիճ» ՋՕՄ-ից եւ ներքին արտեզյան հորերի ջրերից: Ճիշտն ասած` ՋՕՄ-ի կողմից արդեն երկրորդ տարին է կանալից ջուր չենք ստանում, քանի որ Աղրլճի մակարդակն իջել է: Կարելի է ասել` միջին կարգով ենք ոռոգումը հասցնում, նաեւ գիշերային կարգով են մարդիկ իրենց դաշտերը ջրում: Ոռոգումը ոչ լիարժեք է բավարարում գյուղացիներին: Կան հանդամասեր, որտեղ մեծ դժվարությամբ են մարդիկ իրենց բերքը ջրում»,- ասաց Միսակ Միսակյանը:
Համայնքապետի փոխանցմամբ` անցյալ տարի, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր իրենց գյուղ ու գյուղացիներն էլ ոռոգման ջրից դժգոհել էին, պետական միջոցներով Ակնաշենում հորատվել է մեկ խորքային հոր եւ, բարեբախտաբար, շատ ջուր է դուրս եկել: Գյուղում այդ հորի ջուրն այժմ օգտագործում են ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ու տնտեսական նպատակներով: «Գյուղի արտեզյան հորերը մի 5 տարի առաջ հանձնվել են «Ակնալիճ» ՋՕԸ-ին` սպասարկման համար: Այդ պատճառով իրենք սկսել են ջրի վարձ գանձել: Քանի որ ջրերն ինքնահոս եղանակով են դուրս գալիս, դրա համար այս հարցը վերջնական պատասխան դեռ չունի, ու գյուղացիները մեծ դժվարությամբ են ջրի վարձ տալիս: Այ, եթե «Ակնալիճը» կարողանա մեզ կանալից լիարժեք ջուր տա, մենք երբեք ջրի խնդիր չենք ունենա: Արդեն 3 տարի է կանալից մի գրամ ջուր չի եկել` ջրի մակարդակի ցածր լինելու պատճառով: Հիմա եթե ուզենան կանալից ջուր տան, արդեն չեն կարող` լրիվ քանդվել է»,- ավելացրեց Մ. Միսակյանը: Համայնքապետը դժգոհ էր հատկապես այս տարվա անբարենպաստ եղանակային պայմաններից: «Ինչ վերաբերում է բերքի իրացմանը, որ գյուղացիներն են դժգոհել, ես չէի ասի, որ ինչ-որ մեկը դիմել է մեզ այդ հարցով, ու մենք չենք օգնել նրան: Եթե ծիրանի համար դիմեին, մարզպետարանը ստեղծել էր հնարավորություն, որ մարդիկ տանեին հանձնեին: Այս պահի դրությամբ, ճիշտ է, չգիտեմ գներն ինչքան են, բայց պահածոների գործարանը պոմիդոր է ընդունում: Մեր մարզպետի անմիջական միջամտությամբ խաղողի իրացման համար գործարանների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարդիկ տանեն-հանձնեն»,- ավելացրեց պարոն Միսակյանը:
Նա նույնպես հաստատեց, որ Ակնաշենի երիտասարդությունը զբաղմունքի միջոց չունի ու լքում է գյուղը: «Ով հնարավորություն ունի, գնում է արտերկիր` աշխատելու: Գյուղի բնակչության մոտ 10 տոկոսը գնացել է արտերկիր: Գյուղում ունենք 134 եզդիներ, նրանց բոլոր երիտասարդներն էլ գնացել են արտերկիր: Մի խոսքով`ով հնարավորություն ունի` թողնում-գնում է»,- որպես վերջաբան ավելացրեց Ակնաշենի համայնքապետը:
ՋՕԸ-ի տնօրենի «բարի խորհուրդը» գյյուղացիներին ու լրագրողին
«Ակնալիճ» ՋՕԸ-ի տնօրեն Սիմոն Աբգարյանին փոխանցեցինք ինչպես Ակնաշենի բնակիչների, այնպես էլ համայնքապետի դժգոհությունները: Նա շատ բնական համարեց, որ ինքնահոս արտեզյան աղբյուրների օգտագործման համար գյուղացիներից պետք է վարձավճարներ գանձվեն: «Արդեն 5 տարի է` հորատման թույլտվությունները մեր Ջրային տնտեսությունն է տալիս, ու բնական է, որ մենք էլ պետք է տեր կանգնենք այդ ջրին»,- ասաց Ս. Աբգարյանը: Պարոն Աբգարյանին հարցրինք. «Այդ դեպքում Ջրային տնտեսությունն ինչու՞ գյուղացիներին չի ապահովում անհրաժեշտ ոռոգման ջրով»: «Աղրլճի ջրի քանակը պակասել է, դրա պատճառով էլ կանալը ցամաքել է: Ասեմ, որ այդ հարցն այսօր քննարկման փուլում է: Ատոմակայանի կողմից ստեղծվել էր 11 հոգուց բաղկացած հանձնաժողով, ես էլ էի այդ հանձնաժողովի կազմում: Որոշել ենք, որ այդ ջուրը հատկացվի միայն իմ ՋՕԸ-ին ու Ատոմակայանին: Արդեն մեր առաջարկությունը ներկայացրել ենք Կառավարություն եւ հույս ունենք, որ վարչապետն այն կվավերացնի: Եթե վավերացնի, արդեն կանալը ջուր կլինի ու մարդկանց ջուր կտանք»,- ասաց Սիմոն Աբգարյանը: Վերջում նա մեզ «բարի խորհուրդ» տվեց չզբաղվել գյուղացիներին վերաբերող այնպիսի նյութերով, որից նրանք կօգտվեն ու վարձավճարներ չեն վճարի: «Այդ հարցն այսօր խիստ է դրված փոխվարչապետի մոտ, ու բոլորը պետք է վճարեն: Պետությունը գումարներ է ծախսել ու Ակնալճում հոր է հորատել, հո կառավարությունն այդքան ներդրած գումարը օդում չի՞ թողնի: Վարձավճարներ չվճարողներն այսօր պետության հետ լուրջ խնդիրներ կունենան: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս` խնդիրներ չունենալու համար նման նյութեր չգրեք»,- եզրափակեց ՋՕԸ-ի տնօրենը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել