Սերժ Սարգսյան. «Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը»
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է եղել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-Ի «Գրան Պրի Ջերմուկ-2009» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Ողջունելով շախմատիստներին ու հանդիսության ներկաներին` նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-Ի «Գրան Պրի» մրցաշարի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը: Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Վստահ եմ, որ մասնագետները դեռեւս տեւական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականը, բայց առաջին տպավորությունն այնպիսին է, որ հետաքրքիր մրցաշար էր»: Սերժ Սարգսյանն ասել է, որ «այս մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի շախմատասեր հասարակայնության համար, և ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետեւում էին առաջնության ընթացքին»: Նախագահը շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյում Ժինովին, մրցաշարին ներկա ՖԻԴԵ-ի ղեկավարությանը` համագործակցության համար: «Հաճույքով պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք շատ արդյունավետ աշխատում ենք ՖԻԴԵ-ի հետ եւ պատրաստ ենք համագործակցության մակարդակը բարձրացնել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել մրցաշարի մասնակից շախմատիստներին, գլխավոր մրցավարին, մրցավարներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելուն: «Մեզ բոլորիս միավորել եւ միավորում է մի բան` սերը դեպի շախմատը, եւ այդ միավորումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք: Հրաժեշտից առաջ ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ուժեղագույն գրոսմայստերներին, շախմատիստներին: Այն, ինչ նրանց չհաջողվեց իրականացնել Ջերմուկում, թող հաջողվի հետագայում: Վստա՛հ եմ, ձեր լավագույն պարտիաները դեռեւս առջեւում են: Դուք պարտավո՛ր եք ուրախացնել մեզ բոլորիս. ցուցադրել գեղեցիկ խաղ, որովհետեւ առանց գեղեցիկ շախմատի աշխարհում մի բան, այնուամենայնիվ, պակաս կլիներ. մենք հոգեպես ավելի աղքատ կլինեինք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև շնորհավորել է մրցաշարի հաղթողին` Վասիլի Իվանչուկին
«Ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ պատվել մեծ հայորդուն` Տիգրան Պետրոսյանին: Սա նաեւ նրա տոնն է, նրա երազանքների ու իդեալների տոնը: Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը: Փառք Տիգրան Պետրոսյանին, եւ ես խոնարհվում եմ նրա լուսավոր հիշատակի առջեւ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Հանրապետության նախագահը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը, եւ ՖԻԴԵ-ի ղեկավարները հուշանվերներ ու պարգեւներ են հանձնել ՖԻԴԵ-ի ««Գրան Պրի» «Ջերմուկ-2009»» մրցաշարի առաջին երեք մրցանակակիրներին: Հանդիսության մասնակիցները ջերմորեն շնորհավորել են «Գրան Պրի»-ի հաղթող Լեւոն Արոնյանին. Ջերմուկի մրցաշարից հետո նա ընդհանուր արդյունքներով անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար եւ իրավունք ստացել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Երկրի ղեկավարը եւս ջերմորեն շնորհավորել է Լեւոն Արոնյանին եւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կողմից նրան որպես պարգեւ հանձնել Երեւան քաղաքի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու իրավունքը հաստատող սեփականության վկայական: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Արոնյանի հաջողությունները դեռ առջեւում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել