HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վիրաբուժական նոր բաժանմունք` Շուշիի հիվանդանոցում

hospital.pgՇուշիի շրջանային բուժմիավորումն ունեցավ հիմնանորոգված վիրաբուժական բաժանմունք, որը, թերեւս, միակ վերանորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքն է հիվանդանոցում: Բուժմիավորման գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանի խոսքերով, տարիներ առաջ «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության կողմից մասնակիորեն վերանորոգվել էին ծննդաբերական եւ թերապեվտիկ բաժանմունքները, իսկ ամբողջությամբ` հիվանդանոցի ջրագիծը: Այսօր էլ նույն կազմակերպության հովանավորությամբ բացվեց վիրաբուժական բաժանմունքը: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավարը, բուժհաստատության աշխատողներ, հյուրեր: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության փոխնախագահ, Ֆրանսիայի հայ բժիշկների կազմակերպության վարչության անդամ Արամ Ղազարյանի խոսքերով, ծրագիրը չպիտի եզրափակվի այդ բաժանմունքով, քանի որ հիվանդանոցը չի կարող նորմալ գործել, եթե ներդրումները չշարունակվեն: Այս բաժանմունքի հիմնանորոգման եւ սարքավորումների ձեռքբերման համար գումարները սկսվել են հավաքվել 2001-2006թթ., որոնց արդյունքում 2007-ին սկսվել են բուն վերանորոգման աշխատանքները: Արամ Ղազարյանի հավաստմամբ` շինարարության համար ծախսվել է շուրջ 200 հազար եվրո, նույնքան էլ` սարքավորումների ձեռքբերման համար: Շուշիի բուժմիավորման գործադիր տնօրենը հավաստիացնում է, որ վիրաբուժական բաժանմունքում կան սարքավորումներ, որոնք չկան նույնիսկ Հայաստանում: Հիմնանորոգված բաժանմունքում արդեն հասցրել են 12 վիրահատություն կատարել. առաջին վիրահատությունն իրականացրել են առողջապահության նախարարը եւ բուժմիավորման գործադիր տնօրենը: Բաժանմունքն ունի վիրաբույժ, սակայն կա անզգայաբանի կարիք: Հիվանդանոցը սպասարկում է ինչպես Շուշիի, այնպես էլ շրջանի բոլոր համայնքների բնակիչներին, ովքեր այսուհետ վիրահատվելու համար ստիպված չեն լինի գնալ Ստեփանակերտ կամ Երեւան, քանի որ նորաբաց բաժանմունքում արդեն իսկ ստեղծված են բոլոր պայմանները: Շուշիի բնակիչ Արմինե Սարգսյանն ասում է, որ նոր բաժանմունքում ստեղծված հնարավորություններն ինչ-որ չափով կթեթեւացնեն շրջանի հիվանդների վիճակը: «Նախկինում հիվանդները ստիպված գնում էին Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ պառկելն ու ընդհանրապես հիվանդին պահելը բավականին մեծ ծախս էր պահանջում, իսկ հիմա արդեն մի քիչ հեշտ կլինի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, որ ողջ հիվանդանոցը վերանորոգվի, քանի որ այն իրոք դրա խիստ կարիքն ունի, բայց պարզ է, որ դրա համար ժամանակ է պետք: Հուսանք, որ ծրագիրը շարունակություն կունենա»,-նշում է նա: hospital2Հիվանդանոցում  վերանորոգման եւ վերազինման կարիք ունեն բոլոր բաժանմունքները: Դա նույնիսկ անզեն աչքով է նկատելի. այստեղ պայմանները հեռու են հիվանդանոցային կոչվելուց` չկան հիվանդանոցի համար մինիմալ պայմաններ, միջանցքի պատուհանների մի մասը նույնիսկ բաց է, իսկ ընդհանուր վիճակը բավարար համարել չի կարելի: Իսկ թե երբ է նախատեսվում հիվանդանոցի վերանորոգումը, փորձեցինք պարզել Շուշիի քաղաքապետից, ով «Հետքի» հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ այս տարի վերանորոգման աշխատանքներ չեն նախատեսվում, իսկ հետագա ծրագրերի մասով էլ դեռ ոչինչ պարզ չէ, քանի որ քննարկվում է նաեւ հիվանդանոցի նոր շենք կառուցելու հարցը: Հիվանդանոցի նոր շենքի կառուցման հարցը քննարկվել է, սակայն այն արդեն օրակարգից հանվել է: «Հետքին» այս մասին տեղեկացրեց Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը, ում հավաստմամբ` «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ներկայացուցիչներն իրեն հայտնել են, որ նախատեսում են հիվանդանոցի վերանորոգման ծրագիրը շարունակել: «Սակայն այդ ամենը դեռ պետք է քննարկվի»,- ասաց շրջվարչակազմի ղեկավարը: «Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոյեմբերին կազմակերպվելիք հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարների հաշվին, արդյոք, նախատեսվում է հիվանդանոցի վերանորոգումը» հարցին ի պատասխան Գեորգի Հայրիյանը շեշտեց, որ այդ հարցը դեռ նախնական քննարկումների փուլ չի  մտել: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարների հաշվին կվերանորոգվի Շուշիի Ռեալական ուսումնարանը, Օրիորդաց դպրոցը, մշակույթի տունը, պատկերասրահի շենքը, խմելու ջրի ներքին ցանցը եւ Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը: Այսօր բաժանմունքի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ նախարարությունն արդեն ունի իր պաշտոնաթերթը` «Առողջապահության մունետիկ» անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter