HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատախազությունն ամեն ինչ անում է, որ փորձաքննություն չկատարվի»

«Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի գործով նրանց տանից և Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) գրասենյակից հայտնաբերված զենք-զինամթերքը դատախազությունը չի հանձնել փորձաքննությունը կատարող կենտրոնին: Հիշեցնենք, որ Չախալյանների գործով վերաքննիչ նիստին դատավորը բավարարել էր նրանց շահերը դատարանում ներկայացնող «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպության անդամ, փաստաբան Նինո Անդրիաշվիլու` հետքաբանական փորձաքննություն անցկացնելու համար զենքերն անկախ փորձագիտական կենտրոնին հանձնելու միջնորդությունը: Սակայն Նինո Անդրիաշվիլին փորձագիտական կենտրոնից ծանուցում է ստացել, ըստ որի` դատախազությունը մինչ օրս զենք-զինամթերքը իրենց չի տրամադրել, իսկ պայանագրով նախատեսված ժամկետն արդեն լրացել է: «Դատական նիստից հետո ես զանգահարել եմ դատավորին` ճշտելու, թե նրանք հանձնել են արդյոք զենքերը: Դատավորի օգնականն ինձ պատասխանեց, որ դատավորն արձակուրդ է գնացել, բայց մեկնելուց առաջ դատախազին գրավոր ծանուցել է, որպեսզի բոլոր զենքերը փոխանցվեն փորձագետին»,- «Հետքին» պատմեց փաստաբան Նինո Անդիրաշվիլին: Փորձագիտական կենտրոնի հետ պայմանագրային համաձայնություն է կնքվել, համաձայն որի` ժամանակ է սահմանվում, որի ընթացքում զենք-զինամթերքը պետք է հանձնվեր փորձագետին և ենթարկվեր փորձաքննության: Ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չեղյալ է համարվում: «Ես հենց նոր զրուցեցի դատավորի օգնականի հետ, նա ինձ ասաց, որ դատավորը դեռևս Թբիլիսիում չէ: Ես զանգահարեցի նաև դատախազին, բայց նրա հեռախոսահամարը անջատված է: Դեռևս չգիտեմ` ինչ անել, բայց սեպտեմբերի 18-ին նշանակված դատավարության ժամանակ ստիպված նորից միջնորդելու ենք կրկին փորձաքննություն նշանակել, բայց դա էլ ժամանակ է խլում: Ավելին` դատավորը կարող է ասել, որ դատական պրոցեսը ձգձգվում է և որոշում կայացնել, բայց մենք դա չպետք է թույլ տանք, քանի որ մեր մեղքով չէ, այլ դատախազության: Դատախազությունն ամեն ինչ անում է, որ փորձաքննություն չկատարվի»,- ասաց Նինո Անդրիաշվիլին: Անդրադառնալով վերջերս փաստաբան Ստեփան Ոսկանյանին` Վահագն Չախալյանի հետ տեսակցելն արգելելուն, Նինո Անդրիաշվիլին նշեց, որ ինքը նամակով դիմել է գաղութի ղեկավարությանը, որպեսզի այլևս Ստեփան Ոսկանյանի համար որևէ արգելք չլինի, սակայն դեռ պատասխան չի ստացել: «Դատավորը որոշում կայացրեց, որ Ստեփան Ոսկանյանը մնում է գործում, և, բնականաբար, նա պետք է մնար, քանի որ օրենքի փոփոխությունից առաջ փաստաբանն ընդգրկված էր գործում: Արգելքներ չպետք է լինեին»,- հաստատեց Նինո Անդրիաշվիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter