Դատի են տվել թերթին
Հ1-ի հայտնի պրոդյուսեր, կլիպմեյքեր Հրաչ Քեշիշյանը «Հրապարակին» դատի է տվել: Նա հոդվածներից մեկում ոտնահարված իր պատիվն ու արժանապատվությունը գնահատել է 5 միլիոն դրամ եւ մեզնից դրամական փոխհատուցում է պահանջում:

Մենք առաջարկում ենք բոլոր նրանց, որոնց պատիվն ու արժանապատվությունը տարիներ շարունակ ոտնահարել են ու ոտնահարում են Հանրային հեռուստատեսությունը, Հրաչ Քեշիշյանի աճեցրած «աստղերը» դիմեն Հրապարակի խմբագրություն`«Հ1-ից տուժածների պաշտպանության կոմիտեին»: Մենք պատրաստվում ենք սկսել հրապարակային դատավարությունների շարք հանրային փողերով սնվող հեռուստաընկերության եւ նրա ոչ բարով ղեկավարների դեմ:
Դատախազությունում
Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն անցած ուրբաթ մի քանի ժամ անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում, որտեղ տեղակայված է նաեւ ՀՔԾ-ն:
Այս այցելության ընթացքում, ըստ մեր տեղեկությունների, Նիկոյանը դատախազության շենքում ծանոթացել է իր ղեկավարած հանձնաժողովի` սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցի բովանդակությանը: Իհարկե, մինչեւ Նիկոյանի կողմից զեկույցը հրապարակելը, այն պետք է հավանության արժանանա նաեւ նախագահական նստավայրում: Այս հարցերով, ըստ թերթի տեղեկությունների, զբաղվում է Սերժ Սարգսյանի օգնական Գեւորգ Կարախանյանը:
Իսկ զեկույցի մայր տեքստը դատախազության շենքում պատրաստելու նպատակն այն է, որ իրավապահ համակարգում խուճապ չառաջանա: Որպեսզի, ասենք, ոստիկանները չմտածեն, թե իրենք այնքան «անտեր» են մնացել, որ Նիկոյանը կարող է ինքը զեկույց գրել եւ դրանում իրենց մասին հիշատակել: Այսինքն, հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի Մարտի 1-ի ջարդարարներն իրենց ապահով զգան:
«Ղարաբաղ-2» օպերացիան
Հին հհշական տեխնոլոգիաներ
ՀԱԿ-ի վերջին շրջանի տարօրինակ ակտիվացման խորքային պատճառները հասկանալու համար հարկավոր է խնդիրը դիտարկել առնվազն երեք հարթությունների վրա. Պատմական, քաղաքական ու հոգեբանական:
Առաջին առումով հարկ է հիշել, որ Տեր-Պետրոսյանը հենց այն անձն է, որը 1988թ. մայիսին անցնելով «Ղարաբաղ կոմիտեի» գլուխ, հիմնավորապես օգտագործեց սկիզբ առած շարժումը «քամելու» նրանից սեփական իշխանությունը, ուստի ակնհայտ է, որ այս անգամ էլ Ղարաբաղը սոսկ միջոց է` մարզային այցելություններով ակտիվանալու փորձեր անող ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի համար:
Երկրորդ առումով պետք է նշել, որ Տեր-Պետրոսյանն օժտված է «քաղաքական մոմոենտը» որսալու ունակությամբ, քանզի նա, անկասկած, ոչ միայն տեղյակ է Ղարաբաղի հարցով գերտերությունների կողմից նախապատրաստվող փաստաթղթերի բովանդակությանը, այլև դրանց ընդունմանը խոչընդոտելու հարցում և Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների միակամությանը: Նա հասկանում է, որ առաջիկա աշնանային բանակցությունների ժամանակ ընդամենը մի հարց է լուծվելու. ո՞վ առաջինը կասի «ոչ»:
Երրորդ առումով ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը քաջ գիտակցում են, որ ներկայումս իրենց անկում ապրող վարկանիշը վերականգնելու միակ միջոցը մեր ազգային հոգեբանության «ամենազգայուն կետը» վերահսկելու ունակությունն է, իսկ այս առումով Ղարաբաղը, կարելիւ է ասել, «առաջին գծի» վրա է:
Կվերականգնի չարաշահումները
ՀՀ մշակույթի նախարարությունը վերջապես պատասխանել է Վերահսկիչ պալատի 3 ամիս առաջ հրապարակած բացահայտումներին: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հունիսի 1-ին ներկայացրել էր այդ նախարարության կողմից կատարված մի շարք աղաղակող չարաշահումները:
Նախարարուրությունը չհերքելով իրեն վերագրվող մեղադրանքները` պարզապես կետ առ կետ ներկայացրել է իր աշխատանքները եւ պետբյուջե որոշակի գումարների վերականգման տվյալները: ՀՀ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած թերթի աղբյուրների հավաստմամբ` ՎՊ հրապարակումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել նախարար Հասմիկ Պողոսյանին, նրա հետ կոպիտ խոսել եւ հրահանգել վերականգնել չարաշահումները:
Նախարարին, սակայն, պաշտոնանկություն չի սպառնում, որովհետեւ նրա հայրը` Ստեփան Պողոսյանը մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ:
Կրճատվելու է
Թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշել են հաջորդ տարվա բյուջեն այս տարվա հաստատված բյուջեի նկատմամբ կրճատել 15-20%-ով: Ֆինանսների նախարարությունում արդեն սկսել են 2010 թ. բյուջեի մշակման աշխատանքները: Պաշտոնական կանխատեսումների համաձայն` Հայաստանի տնտեսության անկումն այս տարի կազմելու է հենց այդքան` 15-20%, բայց չի բացառվում, որ տարեվերջին այն ավելի բարձր լինի:
Բոլոր դեպքերում որոշվել է, որ հաջորդ տարվա բյուջեն պետք է հավասար լինի այս տարվա բյուջեի կատարողականի ցուցանիշին:
Հիշեցնենք, որ տարեսկզբին կառավարությունը բյուջեի ծախսային մասին 131 մլրդ դրամի ծախսեր տեղափոխեց 2009թ.-ի չորորդ եռամսյակ: Արդեն պարզ է, որ դրանք չեն կատարվելու, այսինքն` 2009թ-ի բյուջեի ծախսերը չեն կատարվելու այդ գումարի չափով:
Եվ չի բացառվում, որ մինչև տարեվերջ կրճատված ծախսերի ծավալը ավելանա: Այս տարվա 7.5 ամիսների դրությամբ հավաքվել է մոտ 300 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Դա նախատեսվածի մոտ 40 %-ն է: Ամբողջ տարվա կտրվածքով նախատեսված էր հավաքել 727 մլն դրամ: Այդ գումարի մեջ չեն մտնում սոցապ վճարները: Եվ հազիվ թե վերջին 4 ամիսների ընթացքում հնարավոր լինի հավաքել մնացած 60%-ը:
Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` 2010-ի բյուջեի մասին օրենքի նախագիծը պետք է պատրաստ լինի և ԱԺ-ի քննարկմանը ներկայացվի սեպտեմբերի վերջին:
Մի՞թե կարգը վեր է օրենքից
Անդրադառնալով ԱԺ սահմանած նոր կարգով հավատարմագրումը դադարեցնելու հիմնքերին, որոնք, ըստ ԱԺ պարզաբանման` համապատասխանում են ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգին»` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը գրում է. «Ինչո՞ւ են պարզաբանման հեղինակները հղում կատարում կառավարության սահմանած կարգին եւ ոչ թե օրենքին: Մի պարզ պատճառով` «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը լրագրողին հավատարմագրումից զրկելու միայն մի դեպք է նախատեսում: Հոդվածի 5-րդ կետն ասում է. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով»: Հավատարմագրումից զրկելու որեւէ այլ դեպք օրենքը չի նախատեսում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել