Օգոստոսյան խորհրդակցություն` սեպտեմբերի 1-ին ընդառաջ
Երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ մարզպետարանի հանրակրթական դպրոցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ այլ հյուրեր:
Բացման խոսքում մարզպետը նախ շնորհավորեց դպրոցի կոլեկտիվներին` գալիք ուսումնական տարվա կապակցությամբ, որից հետո նշեց այն արատավոր երեւույթները, որոնք առկա են դպրոցներում:
«Մասնավոր դեպքեր կան` դրամահավաքության հետ կապված: Խնդրում եւ միաժամանակ պահանջում եմ, որ նման մոտեցումները վերացնեք, հակառակ դեպքում պատասխանատուները կպատժվեն: Դեպքեր են եղել նաեւ, որ տնօրեններն աշխատանքի են ընդունել ոչ մասնագետ ուսուցիչների` կրճատելով մասնագետներին: Այս տոնական օրը չեմ ուզում փչացնել, բայց պետք է հեռու մնաք նման մոտեցումներից»,-ասաց Սարգիս Սահակյանը:
Թեեւ մարզպետը դպրոցի տնօրեններին զգաստության եւ օրենքի շրջանակներում գործելու կոչ էր անում, սակայն կոչը որոշ տնօրենների համար ոչ մի ազդեցություն չէր թողնում: Հատկապես կին տնօրենները միմյանց հետ քննարկում էին սոցիալ կենցաղային եւ նմանատիպ այլ հարցեր` տպավորություն ստեղծելով, թե նպաստ ստանալու համար էին եկել: Որոշներն էլ քննարկում էին, թե այս տարի ինչ պահածոներ են փակելու:
Տնօրեններն էլ ավելի աշխուժությամբ սկսեցին աղմկել հատկապես Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանի երկարաշունչ ելույթի ժամանակ: Միայն մեկ ժամ, իր խոսքերով ասած, «լիրիկական զեղումներով» ելույթն այնքան ձանձրացրեց ներկաներին, որ տղամարդ տնօրենները նույնպես սկսեցին աղմկել, իսկ կանայք անթաքույց հայտարարեցին, «որ Ղուկասյանը խոսեց` ուրեմն այսօր մնացինք ստեղ»:
Նշենք, որ դահլիճում հավաքված մոտ 127 տնօրեններն այս անգամ էլ դաս խանգարող աշակերտի պես պահեցին իրենց: Բանախոսների ելույթների ժամանամ դահլիճի տարբեր կողմերից լսվում էին բջջային հեռախոսների զանգերը` համեմված թուրքա-արաբական եւ ռաբիզ երգերով: Մոտ 2-3 ժամ տեւած խորհրդակցության ժամանակ այդպես էլ չլռեցին տնօրենների հեռախոսները` թեեւ Սիրամարգ Ղուկասյանը հաճախակի էր զգուշացնում` «անջատել հեռախոսները»:
Մարզի կրթական ոլորտի «պլյուսները» ու «մինուսները»
Արագածոտնի մարզում գործում է կրթության ոլորտի 127 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, այդ թվում` 121 հանրակրթական դպրոց, 3 հատուկ դպրոց, 2 արհեստագործական ուսումնարան եւ 1 մարզադպրոց:
2009 թ. հունվարի 10 –ի դրությամբ մարզի բոլոր դպրոցներում աշակերտների թիվը կազմում է 20441: Կոմպլեկտավորվել է 1281 դասարան, որոնցից 118-ը առաջին դասարաններ են` 1536 աշակերտով: Կոմպլեկտավորված դասարաններից 110-ը երկկոմպլեկտ է, 7-ը` եռակոմպլեկտ: 11 –րդ դասարաններում սովորել է 2136 աշակերտ:
Աշակերտների թվի նվազման հիմնական պատճառներն, ըստ Սիրամարգ Ղուկասյանի երկուսն են` սոցիալ-դեմոգրաֆիական /հանրապետության սոցիալ տնտեսական իրավիճակով պայմանավորված ծնելիության նվազում/ եւ արտագաղթը: Դպրոցներից 91-ը միջնակարգ է, 30-ը` հիմնական:
Ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի իրականացման նպատակով 2008-2009 ուս. տարում հանրապետության փորձնական 10 ավագ դպրոցների թվում ընդգրկվել էր նաեւ Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը, որտեղ փորձնական ավագ դպրոցում սովորում էր 222 աշակերտ` հումանիտար, բնագիտական, ֆիզմաթ, տնտեսագիտական եւ ընդհանուր հոսքերով դասարաններում:
Կառավարության որոշմամբ այս տարի Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ եւ Ապարանի թիվ 3 միջնակարգ դպրոցները նույնպես վերակազմավորվել են որպես ավագ դպրոցներ:
Մարզում գործում է ազգային փոքրամասնությունների / եզդիաբնակ / 20 դպրոց, որտեղ կոմպլեկտավորվել է 110 դասարան՝ 740 աշակերտով:
Ներկայումս մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 2725 մանկավարժ, որոնցից 2280-ը ունի բարձրագույն մասնագիտական կրթություն, 143-ը` բարձրագույն եւ միջին ոչ մասնագիտական կրթություն:
Աշակերտների թվի նվազմամբ պայմանավորված` դասարանների թվի նվազման արդյունքում նվազել է նաեւ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը: Ուսուցիչների միջին զբաղվածությունը կազմում է 0.8 դրույք, կամ` մոտ 18 դասաժամ:
Մարզում 2008 -2009 ուս. տարում, կապված դպրոցների նախնական կոմպլեկտավորման հետ, առկա են որոշակի խնդիրներ, որոնք հիմնականում առաջացել են սովորողների միջին խտության, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության եւ դասարանների կոմպլեկտավորման պատճառով:
Վերլուծելով մարզի հանրակրթական դպրոցների աշխարհագրական դիրքի ընդգրկվածությունը եւ ելնելով դպրոցների ֆինանսավորման հնարավորությունից` մարզպետարանի կողմից ՀՀ կառավարություն են ներկայացվել հետեւյալ առաջարկությունները, որոնք դահլիճում հնչեցրեց տիկին Ղուկասյանը:
1. ՀՀ Արագածոտնի մարզի բարձր լեռնային և եզդիաբնակ դպրոցների դասարանների միջին խտությունը սահմանելիս` ցուցաբերել տարբերակված մոտեցում:
2. Հաշվի առնելով հանրապետությունում ծնելության աճի դանդաղ ընթացքը` վերը նշված դպրոցներում դասարանների միջին խտությունը սահմանել 10-12 աշակերտ, լեռնային և բարձր լեռնային գոտում մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցներում` 17 աշակերտ, իսկ նախալեռնային շրջանի դպրոցներում` սահմանված կարգով:
3. Ուսուցիչ – աշակերտ հարաբերակցությունը բարձացնելու նպատակով առաջարկվել է մանկավարժական բուհերում բացել բազմապրոֆիլ ուսուցիչներ պատրաստելու ֆակուլտետ:
Կրթության վարչության պետը կարեւոր համարեց նաեւ մանկավարժների բնակարանային եւ կենցաղային պայմանների բարելավման խնդիրը: «Ներկայումս մարզում ունենք 14 ուսուցչական տուն, որտեղ ապրում է 43 ընտանիք: Սակայն պետք է անհանգստությամբ նշեմ, որ ուսուցչական տների վիճակը անմխիթար է: Դրանք վերանորոգման խիստ կարիք ունեն»,-ասաց Ս. Ղուկասյանը:
Կրթության վարչությունն ընթացիկ տարում դպրոցներում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնց արդյունքում մարզպետի համապատասխան կարգադրություններով խիստ նկատողություններ են ստացել Միրաքի հիմնական դպրոցի եւ Թալինի արհեստագործական ուսումնարանի տնօրենները:
Որպես առավել հաճախ հանդիպող թերություններ առանձնացվեց տնօրենների եւ փոխտնօրենների կողմից բավարար քանակով դասալսումներ չկատարելը:
Թերություններ կան մատենավարության մեջ, որոշ դեպքերում` արտադասարանական, դասղեկական եւ առարկայական մասնախմբերի աշխատանքներում: Պետք է նշել, որ մատենավարության մեջ հիմնականում անհամապատասխանություն է արձանագրվում դասամատյանների և ատեստատների գնահատականների համեմատության արդյունքում:
Թերություններ են արձանագրվել նաև ուսուցիչների կողմից դասավանդման նոր ձևերի ու մեթոդների կիրառման աշխատանքներում: «Ուսուցչի վերապատրաստումը ուղղված է նոր մեթոդների ներդրմանը, սակայն շատ ուսուիչներ վերապատրաստվելուց հետո էլ շարունակում են աշխատել հին մեթոդներով: Կարծում եմ , որ պետք է այս ուղղությամբ վերապատրաստվեն նաեւ տնօրեններն ու փոխտնօրեններ, որպեսզի նրանք կարողանան ուսուցչի մոտ դասալսում կատարել եւ տալ համապատասխան ցուցումներ»,-նշեց Սիրամարգ Ղուկասյանը:
Մարզպետարանի կողմից կատարվող ֆինանսական ստուգումների արդյունքում պարզվել է, որ սահմանված կարգով չեն լրացվում և ձևակերպվում հաշվապահական փաստաթղթերը, թերություններ և սխալներ են հայտնաբերվել եկամտահարկի, անաշխատունակության, նպաստների, արձակուրդային գումարների հաշվարկման մեջ, ուսուցիչների տարակարգերի և դրույքաչափերի սխալ ներկայացումներում և տնօրենների կողմից իրենց չթույլատրվող քաղպաշտպանության շտաբի պետի հաստիքի ձևակերպումը Մարզպետարանը դպրոցներում իրականացրել է կարիքի գնահատման, որի համաձայն, այսօր մարզի դպրոցների համար պահանջվում է` 6174 աշակերտական սեղան-նստարան, 10836 աթոռ, 1209 գրատախտակ, 1291 գրապահարան, 276 համակարգիչ եւ համակարգչային սեղան:
Մարզի դպրոցական գրադարանային ֆոնդում գույքագրված գեղարվեստական, մեթոդամանկավարժական գրականության գրեթե կեսը հնամաշ է, իսկ 30%-ը օգտագործման պիտանի չէ՝ կապված հանրակրթական ծրագրերի փոփոխման հետ: Ինտերնետ կապով է ապահովված է մարզի ընդամենը 46 դպրոց:
Մարզում գործում է համայնքային ենթակայության 29 մանկապարտեզ` թվով 2289 սաներով: 72 համայնքում մանկապարտեզի շենք չկա: 21 համայնք էլ ունի մանկապարտեզի շենք, սակայն այստեղ նույնպես մանկապարտեզներ չեն գործում: Այդ պատճառով մարզի մոտ 3500 նախադպրոցահասակ երեխա դուրս է մնում կրթական համակարգի առաջին աստիճանից:
Այս տարվա նորամուծությունները վախեցրեցին տնօրեններին
Խորհրդակցության վերջում Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը տնօրեններին բացատրեց վերջերս ընդունված «Հանրակրթության մասին օրենքի» որոշ դրույթներ: Տնօրեններին վախեցրեց հատկապես այս տարվա նորույթ համարվող մատյանների լրացման նոր կարգն ու գնահատման չափանիշները:
«Վախենալու ոչինչ չկա: Դժվարն առաջին տարին է, որից հետո արդեն կսովորեք»,-հայտարարեց Ն. Ղուկասյանը:
Աշխուժություն եւ բուռն քննարկումների առիթ հանդիսացավ Նորայր Ղուկասյանի այն հայտարարությունը, որը վերաբերում էր սահմանամերձ լեռնային եւ բարձր լեռնային համայնքների ուսուցիչների աշխատավարձին ավելացվող 50 տոկոս հավեավճարին:
Այս տարի 10-րդ դասարանցիները կունենան 7 առարկաների գծով 13 նոր դասագիրք:
«Թեեւ դասագրքերը ստեղծվել են 3 հոսքերի համար, սակայն ճգնաժամը խանգարեց մեզ ու այդ դասագրքերով կուսուցանվեն երկմակարդակ դասարանների ավագ դպրոցի աշակերտները»,-ասաց Նորայր Ղուկասյանը:
Պարոն Ղուկասյանի փոխանցմամբ` ավագ դպրոցում գործելու է ֆիզիկամաթեմատիկական, հումանիտար եւ ընդհանուր հոսքեր: Դասագրքերն էլ կառուցված են հենց այդ հոսքերի համար: «Ուժեղ» դասագիրքը նախատեսված է ֆիզմաթ հոսքի համար, իսկ համեմատաբար «թույլը»` հումանիտար եւ ընդհանուր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել