HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դժգոհում են ավագ դպրոցի տնօրենները

Արագածոտնի մարզում երեկ տեղի ունեցած խարհրդակցության վերջում ելույթ ունեցան նաեւ ավագ դպրոցների տնօրենները: Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Ֆելիքս Հովհաննիսյանը հայտարարեց, թե իր դպրոցում կան 220 ավագ դասարանցիներ ու այդ թիվն իրեն անհանգստացնում է, քանի որ քաղաքում գործող քոլեջը աշակերտներ է «փախցնում»: Տնօրենն առաջարկեց ավագ դպրոցներում ներդնել անվտանգության խիստ համակարգ, քանի որ 200-ից ավել 10-րդ եւ բարձր դասարանցիների առկայությունը մի շենքում հղի է անցանկալի հետեւանքներով: «Հնարավոր է նաեւ դպրոց մտնեն կողմնակի մարդիկ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դառնում»,-ավելացրեց Ֆ. Հովհաննիսյանը: Ավելի համարձակ ելույթ ունեցավ Ապարան քաղաքի հատուկ դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանը: Տնօրենի խոսքերով, այս տարվա շրջանավարտներն ընդամենը 44 են եւ դպրոցը որոշակի խնդիրների առաջ է կանգնել: «Ապարանում գործող ֆիզմաթ թեքումով քոլեջը միշը ընդունել է 7-8-րդ դասարանում սովորող աշակերտներին, սակայն այս տարի հայտարարություն է տվել, որ ընդունելություն է կազմակերպում առանց սահմանափակման` հումանիտար թեքումով: Ընդունենք` այդ 44 աշակերտից ավագ  դպրոց չեկան 4 աշակերտ, մի մասն էլ որոշեց, որ ուսումնարանում պետք է սովորի` բա մեր վիճակը ի՞նչ կլինի: Աշտարակի դպրոցի տնօրենը 220 աշակերտ ունի ու մտահոգվում է, ես չմտահոգվե՞մ: Բացի դրանից, վտանգվում է կառավարության որոշումը` ավագ դպրոցների մասին: Ես ուրախ եմ, որ քաղաքում ֆիզմաթ թեքումով քոլեջ կա, բայց քոլեջը ավագ դպրոց չէ եւ ծրագրային բականանաչափ տարբերություններ կան: Եթե այդպես պետք է լինի, ուրեմն կառավարության որոշումը վտանգի տակ է: Կամ թող ֆիզմաթ դպրոցը դառնա ավագ դպրոց եւ երեխաները գնան այնտեղ, կամ էլ թույլ տան մենք առաջին դասարան ընդունենք մեր աշխատանքները նորմալ կազմակերպելու համար»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Նվարդ Բարսեղյանը: Տիկին Բարսեղյանի խոսքերով` ավագ դպրոցների ստեղծման նպատակներից մեկն էլ աշակերտների կողմից կրկնուսույցների մոտ պարապելու երեւույթին վերջակետն դնելն է: «Մեր դպրոցի ոչ մի շրջանավարտ կրկնուսույցի մոտ չի պարապել, ու այս տարի բոլորն էլ ընդունվել են տարբեր բուհեր»,-ավելացրեց Ն. Բարսեղյանը: Խորհրդակցության ժամանակ Ապարանի ավագ դպրոցի տնօրենը մի քանի խոսք էլ ասաց ֆինանսական հոսքերի մասին: «Այս տարի, ինչպես գիտեք, գրեթե բոլոր դպրոցներում ֆինանսների հատկացումներըը կրճատեցին: Լավ արեցին, ճգնաժամ է, բայց շատ դպրոցների իմ գործընկերներն են խնդրել, որ այս հարցը փոխանցեմ: Բռնեցին միանգամից հախուռն կերպով ֆինանսական միջոցները կրճատեցին` առանց հաշվի առնելու` դպրոցը կարող է գոյատեւել, թե ոչ: Այս առումով մեր քաղաքի 1-ին եւ 2-րդ դպրոցները վառելիքի հետ կապված խնդիրներ կունենան եւ ջեռուցման սեզոնը նորմալ չեն կարողանա կազմակերպել»,-նշեց տնօրենը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ հայտարարեց, որ դպրոցների ֆինանսական հատկացումները չեն նվազել եւ այդ գումարները ժամանակին կհատկացվեն: Տիկին Բարսեղյանի մեղադրանքների կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Ապարանի Ֆիզիկամաթեմատիկական քոլեջի տնօրեն Մանվել Պետրոսյանից: «Ես հիմա ոչ մի պարզաբանում էլ չեմ տա` հետո ձեզ ամեն ինչ կասեմ»,-ասաց Մ. Պետրոսյանը: Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանն էլ ասաց, որ ֆիզմատ քոլեջի տնօրենն իրավունք չունի հումանիտար առարկաների գծով ընդունելություն կազմակերպել, քանի որ իր կանոնադրությամբ նախատեսված չէ: Թալինի ավագ դպրոցի տնօրեն Հայկ Դիլանյանն էլ մտահոգված էր իր ղեկավարած դպրոցի շենքային անհարմարություններից: «Դպրոցի դասասենյակները նախատեսված են առավելագույնը 18 աշակերտի համար: Եթե այդ դասարաններում 18-ից ավել թվով աշակերտներ ընդունենք` կոպիտ ձեւով կխախտենք սանիտարական նորմերը: Հնացած են ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաները: Բացի դա` չունենք նաեւ մարզասրահ եւ ֆիզկուլտուրա առարկան դժվարությամբ կպարապենք»,-ասաց տնօրենը: Պարոն Դիլանյանը քննադատեց նաեւ դպրոցներին աշակերտների թվով ֆինանսավորելու կարգը: «Աշակերտների թվով ֆինանսավորվելու դեպքում` դպրոցը կկանգնի լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ: Կրթության նախարարությունը պետք է դա հաշվի առնի, որպեսզի ուսուցումը նորմալ կազմակերպվի»,-ավելացրեց տնօրենը: Դպրոցի տնօրենները մի շարք խնդիրների մասին գրավոր ներկայացրեցին Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանին: Նշենք, որ տիկին Ղուկասյանն ամեն ինչ արեց, որպեսզի տնօրեննների գրավոր բողոքները իմ ձեռքը չընկնեն: Երբ վարչության պետին խնդրենցի գրավոր դժգոհությունները տրամադրել նաեւ մեզ, առանց պատասխանելու հարցիս` իմ կողքից հեռանում էր: Բազմիցս նրան  «անհանգստացնելուց» հետո վերջապես Ս. Ղուկասյանը հայտարարեց, որ դրանք ինձ չի տրամադրի, քանի որ «դեռ պետք է բողոքները մշակվեն»: Ինչեւէ, բոլոր զեկույցները լսեց եւ մեկ առ մեկ դրի առավ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, իհարկե` տնօրենները հույս չունեին, որ շատ հարցեր կլուծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter