
Փոքր և նոր սկսվող բիզնեսի համար վարկեր ստանալը ոչ թե անհնարին է, այլ ավելի դժվար է, քանի գործող բիզնեսի համար: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ էմիլ Սողոմոնյանը:
Նրա խոսքերով, սա բոլոր բանկերի մոտեցումն է, և ընդամենը ռիսկերի գահատման խնդիր է: Երբ բանկը գոնե 90 տոկոսով համոզվում է, որ վարկը իսկապես ներդրվելու է բիզնեսում, վարկ տրամադում է:
«Բոլորը աշխատում են «քեշով»: Դա միանշանակ և հարկային դաշտից խուսափել է նշանակում, և կանխիկ շրջանառության ավելացում, որը ոչ բանկերին, ոչ տնտեսվարող սուբյեկտներին պետք չէ: Եթե տնտեսավորող սուբյեկտիներին կամ բիզնեսի ոլորտին պետք է, որ խուսափեն հարկերից, ապա բանկերին դա ընդհանրապես պետք չէ: Այսինքն` այդտեղ բավականին մեծ ռիսկեր կային: Եվ երբ բանկերը տրամադրում էին գումար` «քեշ» ձևով, դրա հետագա վերահսկողությունը անհնարն էր դառնում: Եվ շատ դեպքեր կային, երբ այդ վարկերը վերցնում էին բիզնեսի նպատակով, և երբ մեկ կամ մի քանի ամիս հետո բանկերը մոնիտորինգ էին անցկացնում, համոզվում էին, որ դա չի ներդրվել բիզնեսում, այլ ձեռք են բերել շքեղ ավտոմեքենաներ, հողամասեր, այլ գույք: Այդ դեպքում բանկերը պետք է մեխանիկորեն զսպեին իրենց ռիսկերը և սկսեին այսպիսի վարկեր շատ չտրամադրել»,- ասաց Էմիլ Սողոմոնյանը:
Լրագրողներից մեկը հարցրեց, թե վարկավորելիս ո՞րն է բանկի ռիսկը, երբ «վարկերը կարծես թե տրամադրվում են «լոմբարդային» կարգով, օրինակ` 10 մլն-անոց ապրանքի գրավի դիմաց, ասենք, 6 մլն է տրամադրվում»: Էմիլ Սողոմոնյանը պատասխանեց, որ բանկերն աշխատում են միմիայն ռիսկի զսպման ուղղությամբ, և գրավ-վարկ հարաբերակցությունն այս խնդրին չի առնչվում:
«Դա չի կապվում միայն գրավի առարկայի հետ: Մի մեկնաբանեք, որ «10 մլն-անոց ապրանք է գրավ դնում, ինչո՞ւ, օրինակ, 7 մլն-ը չեն տալիս: Բանկը «լոմբարդ» չէ, որ նպատակ ունենա միայն վերջում գրավը իրացնել և իր վարկը փակել: Բանկը պետություններում ստեղծվում է նրա համար, որ նպաստի տնտեսության զարգացմանը, այսինքն` այդ բիզնեսը պետք է աշխատի: Մենք առաջին հերթին նայում ենք` բիզնեսը ի՞նչ բիզնես է, նրա վերադարձելիության ի՞նչ հնարավորթյուն ունի ինքը բիզնեսով: Իսկ գրավը ածանցյալ է, վերջին ինստանցիան է: Բանկը գրավը ապահովում է միայն ու միայն նրա համար, որ ավանդատուի գումարը կարողանա վերադարձնել»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահը:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է շահում տնտեսությունը տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքներից` Էմիլ Սողոմոնյանն ասաց, որ նման հարցադրումը պետք չէ կատարել միայն ՀՀ-ի շրջանակներում: Նրա խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ռիսկերը, դրանց հետ մեկտեղ` նաև տոկոսադրույքները պետք է բարձրանան:
Բանախոսը նշեց, որ ավանդների տոկոսադրույքները հասել են մինչև 14 %-ի, և ինքը տեղեկություն ունի, որ 14 %-ով դեռևս ավանդներ և դեպոզիտներ են ներգրավում: «14 % ներգրավելու դեպքում այդ ռեսուրսի ինքնարժեքը միայն մինիմում նստելու է 2 %»,- ասաց Էմիլ Սողոմոնյանը:
Նրա խոսքերով` դա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջին` Կենտրոնական բանկում բոլոր ներգրավված միջոցերի պահուստ է ձևավորվում: Երկորդ` բանկերը իրենց ավանդները և դեպոզիտները ապահովագրում են հիմնադրամում: Երրորդ` բանկը բազմաթիվ գործառկան ծախսեր ունի` այդ ավանդի հետ կապված:
«Այսինքն` մինիմում 2 % էլ գումարեք դրան: Եղավ 16 %: Բանկը պետք է գոնե մի 2-3 % շահութաբերության մարժա դնի դրա վրա, որ կարողանա աշխատել: Հակառակ դեպքում նա չի կարող թանկ վերցնել, էժան վաճառել: Վաղը նույն ավանդները պե՞տք է վերադարձնի իր տոկոսներով: Այսինքն` ստացվեց 16 % և լավագույն դեպքում` 2 % մարժա, որը գոյություն ունի ամբողջ բանկային համակարգում: Եղա՞վ` 18 %-ով պետք է վարկ տրամադրվի: Եվ այստեղ 18 %-ը կգնա նորմալ բիզնեսին, վարկերին: Իսկ ավելի ռիսկային դաշտը (դա վերաբերում է սպառողական վարկերին, հիպոթեքային վարկերին և այլ տիպի վարկերին), պարզ է, ավելի բարձր տոկոս պետք է լինի, որովհետև յուրաքանչյուր բանկ իր ռիսկի կշռման պարագայում նաև կորստի տոկոս է պլանավորում: Այ էդ հետ չգալը և ավանդների վերադարձելիությունը հաշվի առնելով էլ` վարկեր կտրամադրի 24 %-ով»,- ասաց Էմիլ Սողոմոնյանը:
Նա նշեց, որ Հայաստանի բանկային համակարգում չվերադարձված վարկերի քանակը 5-6 % է, մինչդեռ անցյալ տարի չվերադարձելիությունը չէր հասնում 1 %-ի: էմիլ Սողոմոնյանի խոսքերով` 5-6 %-ը բավականին մեծ թիվ է, քանի որ ՀՀ-ում բանկային համակարգը փոքր է: Նրա պարզաբանմանբ` եթե 100 մլրդ կապիտալ ունեցող բանկի համար 1 մլրդ-ի կորուստը չնչին է, ապա Հայաստանի բանկային համակարգում, որն ունի 30-40 մլն ընդհանուր կապիտալ, 1 մլն դոլարի կորուստը շատ մեծ թիվ է, և այդ բանկը հետագայում խնդիրներ կարող է ունենալ:
Թե չվերադարձված վարկերն ի՞նչ ազդեցություն կունենան բանկային համակարգի վրա` հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում չվերադարձված վարկերի քանակը անսպասելիորեն մեծ էր, ինչի պատճառով այդ երկրում խոսում են ճգնաժամի երկրորդ փուլի մասին, էմիլ Սողոմոնյանի պարզաբանմամբ, մեր բանկային համակարգը կայուն է` շնորհիվ ռիսկերի ճիշտ կշռման և զսպման քաղաքականության:
«Ոչ մի տնտեսագետ այսօր աշխարհում չի կարող բացառել երկրորդ փուլ: Բայց վստահորեն ասում եմ` Հայաստանի բանկային համակարգի հիմքերը, երկրորդ փուլ էլ լինի, չեն խարխլվելու»,- նշեց նա:
«Եթե, Ձեր գնահատմամբ, մեր բանկային համակարգին խնդիրներ չեն սպասվում, այդ դեպքում ինչո՞ւ դրսից ներգրավված միջոցները կառավարությունը և Կենտրոնական բանկը ուղղում են նաև բանկային սեկտորին»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Էմիլ Սողոմոնյանն ասաց, որ կառավարության և ԿԲ-ի հակաճգնաժամային քայլերը շատ ճիշտ են, և այլ երկրներում ևս, օրինակ` Ռուսաստանում, Անգլիայում, ԱՄՆ-ում, պետությունը մեծ միջոցներ տվեց բանկերին, որպեսզի համակարգը ավելի խորը ճգնաժամերի մեջ չընկնի:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, դա ռուսական վարկային ծրագիրն էր, որը կառավարությունը մի մասը տվեց բանկերի միջոցով: Նպատակը միայն փոքր ու միջին բիզնեսի զարգացումն էր: Այնտեղ կար, իհարկե, և հիպոթեկային վարկավորումը, և սպառողական վարկավորումը: Նպատակն էր` բանկերում դոլարային փոխարժեքի ռիսկի մտավախության կանխումը միայն, այդ թվում և շինարարությանը տրված երաշխիքները: Բանկերը տրամադրում էին, չէ՞, վարկեր, և ունեին այդ միջոցները: Բայց կառավարությունը ճիշտ քաղաքականություն մշակեց. ժամանակին ինքը տրամադրեց դոլարային երաշխիքներ շինարարներին, և բանկերը հանգիստ կարողացան վարկավորել շինարարությանը»,- ասաց Էմիլ Սողոմոնյանը:
Միաժամանակ նա բացառեց, որ կառավարության կողմից բանկերին միջոցներ հատկացնելը նշանակում է, որ Հայաստանում ևս չվերադարձված վարկերի հետևանքով ճգնաժամ է սպասվում:
Բանախոսի կանխատեսմամբ` շատ շուտով հիպոթեքային շուկան կկարգավորվի:
«Բանկերն էլ են շահագրգռված: Մի կարծեք, որ բանկերը չեն ուզում նման վարկեր տրամադրել: Մեր քաղաքականությունը ընդամենը զգուշավորությունն է: Թե չէ բոլոր տեսակի վարկերը պատրաստ ենք տրամադրել, այդ թվում և` հիպոթեքայինը: Բայց այսօր կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, և հիպոթեքային շուկան շուտով կաշխատի, որովհետև հիպոթեքային շուկան փակ շղթա չէ: Հիպոթեքային շուկայի հետ կապված է ամբողջ շինարարությունը: Եթե այդ շուկա չաշխատի, շինարարությունը չի աշխատելու: Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ի մեջ ամենամեծ տոկոսը և տնտեսական աճ ապահովող ամենամեծ ճյուղը շինարարությունն էր` իր բոլոր հետևանքներով, իր շարժիչ ուժով: Այսինքն` հիպոթեքային շուկան աշխատելու է` ուզենանք, թե չուզենանք»,- ասաց Էմիլ Սողոմոնյանը:
Նա չհամաձայնեց այն կանխատեսումների հետ, որ բանկային համակարգը այս տարին կամփոփի վնասով կամ «զրո» շահութաբերությամբ: էմիլ Սողոմոնյանի խոսքերով` այս տարվա առաջին կիսամյակը փակվել է 4 մլրդ 300 մլն դրամ (մոտ 12 մլն դոլար) շահույթով. 22 բանկից 16-ը ունեցել է շահույթ, իսկ 6-ը` վնաս: Մինչդեռ 2008 թ. տարեկան կտրվածքով շահույթը եղել է 28 մլրդ:
«Վնասների հիմնական պատճառը եղավ արտարժույթի կուրսի բաց թողնելը, որի պատճառով շատ բանկեր վնասներ կրեցին հենց մեկ օրվա ընթացքում: Բայց ես չեմ սպասում, որ տարվա վերջում բանկային համակարգը վնասով կփակվի: Դա բացառվում է: Բանկերը տարին փակելու են շահույթով»,- ասաց Էմիլ Սողոմոնյանը:
Անդրադառնալով տնտեսության անկման հնարավոր տոկոսին` նա կանխատեսեց, որ տարին կամփոփվի առնվազն 10 տոկոս անկմամբ, և համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարի կհասնենք զրոյական դիրքի` տնտեսության անկում չի լինի:
«Հայաստանի Հանրապետությունում երևի չկա բանկ, որ վարկային միջոցների ներգրավում չունենա: Այդքան մեծ միջոցները, որ ներդրվում են Հայաստանում, վերջը պետք է գնան տնտեսություն: Չեն կարող չգնալ»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել