Բնապահպանական փառատոն` երիտասարդության գիտակցության մակարդակը բարձրացնելու համար
Հոկտեմբերի 25-ից 29-ը տեղի կունենա «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը: ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր:
Առաջին անգամ «Արևորդի» բնապահպանական փառատոնը մեկնարկեց 2007թ.-ին: Արևորդին միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ hարավկովկասյան շրջանում և անցկացվում է ամեն երկրորդ տարի:
Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանության վրա և բարձրացնել հասարակության` հատկապես երեխաների և երիտասարդության գիտակցության մակարդակը այդ խնդիրների շուրջ:
Փառատոնի ֆիլմերի ծրագրի հայտերի ընդունման ժամկետն արդեն լրացել է: Այս տարի փառատոնը ստացել է 112 ֆիլմ 35 երկրից (Եվրոպա, Ամերիկա, Ասիա): Ուղղարկված ֆիլմերն ընդգրկում են տարբեր թեմաներ, ոճեր ու ժանրեր: Ընդհանուր առմամբ դրանք բարձր որակի ֆիլմեր են և ներկայացնում են ամբողջ աշխարհի բնության ու բնապահպանության հետաքրքիր բացահայտումներ:
Փառատոնը ստացել է բազմաթիվ բնապահպանական-կրթական ֆիմեր, ինչպես նաև ֆիլմեր` նկարահանված երեխաների կողմից: Փառատոնի ընտրող հանձնաժողովը կորոշի մրցութային ֆիլմերը` ըստ մի քանի անվանակարգի:
Ֆիլմերի ծրագիրն այս տարի բաղկացած կլինի մրցութային և տեղեկատվական բաժիններից:
Փառատոնի հիմնական բաժնում միջազգային մրցութային ֆիլմերի ծրագիրը կդասակարգվի ըստ երկու անվանակարգի` վայրի բնության մասին լավագույն ֆիլմ և բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն
Երեխաների մրցութային ծրագիրը նույնպես կունենա երկու անվանակարգ` մինչև 16 տարեկան երեխաների հեղինակած լավագույն ֆիլմ և կրթադաստիարակչական-բնապահպանական լավագույն ֆիլմ:
Բոլոր ցուցադրությունները ազատ մուտք կունենան: Բացի ցուցադրություններից կկազմակերպվեն նաև «հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպումներ, ռեժիսորների, բնապահպանների և բնության պահպանության առաջնահերթ խնդրին նվիրված այլ մարդկանց հետ: Մանկական ֆիլմերի ծրագրին մասնակցելու համար հազարավոր երեխաներ և երիտասարդներ հնարավորություն կունենան այցելել Երևանի ցուցադրությունները:
Փառատոնի ծրագիրը համատեղում է բնությանը նվիրված ֆիլմերի ծրագիրը այլ տարաբնույթ միջոցառումների հետ (սեմինարներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգներ, բնապահպանական ակցիաներ): Վերջնանպատակը սեմինարների, բաց քննարկումների, համաժողովների և թրենինգների անցկացման համար բաց ֆորումի ստեղծումն է: Ամբողջ աշխարհից ավելի քան 60 հյուրեր` ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ճանաչված բնապահպաններ, կմասնակցեն փառատոնին:
Փառատոնը ներառում է երեխաների համար նախատեսված մեծ ծրագիր` պատանի ռեժիսորների մրցութային բաժին, ցուցահանդեսներ և մի շարք այլ նախաձեռնություններ: Այս մասին տեղեկացնում է «Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել