HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Նոր բացահայտումներ և մանրամասներ ամերիկահայ գործարարի ներդրումների ճակատագրից

Վլադիսլավ Մանգասարյանը, միաժամանակ, հանդես գալով որպես նորաստեղծ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն, ինչպես նաև որպես Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 45/7 հասցեի հողամասի սեփականատեր և քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատու Լյովա Սարգսյանի լիազորված անձ, դիմել է Երևանի քաղաքապետարան և նույն հողամասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով՝ ձեռք է բերել նախագիծ (15.11.2004թ. հաստատված, ճարտարապետներ՝ Ռ.Մանուկյան, Տ.Մանուկյան): Գումարի բացակայության պատճառաբանությամբ՝ գործընկերները շինարարական աշխատանքները չեն սկսել:

Գումար հայթայթելու համար գործընկերները սկսել են ուղիներ փնտրել: Ամենակարճ ճանապարհը սփյուռքահայերի հետ գործարքի մեջ մտնելն ու նրանց «քցելն էր»:

Առաջին զոհերը դարձան ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, սիրիահայ գործարար Փառենը, հետագայում՝ ամերիկահայ գործարար Սարո Հարթունյանը և Էդմոնդ Խուդյանին վստահող մի քանի սփյուքահայեր:

Նախ Վ.Մանգասարյանի խորհրդով 2004թ. նոյեմբերին 600.000 դոլարով Էդմոնդ Խուդյանը գնել է Մաշտոցի 33 հասցեի 1.500 քմ մակերեսով 4 հարկանի շենքը:

«Ըստ Վ.Մանգասարյանի «ծրագրի»՝ 500.000-ական դոլար շահով համատեղ գործունեություն պետք է իրականացվեր՝ մինչ 31.05.2005թ. շենքը պետք է Վլադի կողմից վերանորոգվեր և վերավաճառվեր: Սակայն Վլադը փող չուներ, և մեկ տարի ոչինչ չանելուց հետո Վլադն ինքնագլուխ քանդել է 4 հարկանի շենքի 3/4-րդ մասը, և այժմ այդ տարածքի վրա գտնվում է Մաշտոցի 33/1 հասցեի շենքը: Իսկ 4 հարկանի շենքի 1/4 մասի վրա այժմ գտնվում է Մաշտոցի 33ա հասցեի հինգ հարկանի 1708 քմ մակերեսով շինությունը (Կուբիկը):

Փառենին էլ Լևոն Սարգսյանն էր ներքաշել գործարքի մեջ, և վերջինս գնել էր 4 հարկանի շենքի հարևանությամբ գտնվող տարածքը: Վլադի կողմից 4 հարկանի շենքի քանդման և Փառենին պատկանող տարածքի վրա, առանց շինթույլտվության, ապօրինի շինարարություն իրականացնելու պայմաններում Փառենը 2005թ. սեպտեմբերին վերջնականապես հրաժարվում է համագործակցել և Լևոն Սարգսյանից իր 1մլն դոլարն է պահանջում: Լևոն Սարգսյանը դիմում է ինձ և իր անձնական երաշխավորությամբ խնդրում է, որ Փառենի տարածքը գնեմ»,- պատմում է Էդմոնդ Խուդյանը:

Նա, այլ ելք չտեսնելուվ, համաձայնվում է, քանի որ իր ունեցած 4 հարկանի շենքը քանդված էր, իսկ իր գումարները չէր կարող հետ ստանալ և մեկ այլ նախաձեռնությամբ միայն կարող էր իր գումարները ստանալ:

«Դրանից հետո Վլադը Փառենին պարտք է մնում ավելի քան 300.000 դոլար, որն առ այսօր չի տվել: Վլադը սկսում է Մաշտոցի 33/1 հասցեի շենքի շինարարությունը և կնքում տարածքների վաճառքի նախնական պայմանագրեր ու ստանում գումարներ»,- ավելացնում է Է.Խուդյանը:

Վ.Մանգասարյանն իր հերթական գործարքն իրականացնում է Արմեն Գալստյանի և Սարո Հարթունյանի «վստահված անձ» Սևակ Արզարունու միջոցով: Վլադիսլավ Մանգասարյանի և Սարո Հարթունյանի միջև 2006թ. հունիսի 30-ին կնքվել է Մաշտոցի 33ա (այժմ՝ 33/1) հասցեի շենքի 8-րդ հարկն ամբողջությամբ՝ 655,5 քմ բնակելի տարածքը, և 80 քմ մակերեսով բաց ավտոկայանատեղին օտարելու վերաբերյալ թիվ 6093 առուվաճառքի նախնական պայմանագիրը, որի հիման վրա Սարո Հարթունյանի ներկայացուցիչ Սևակ Արզարունու միջոցով Սարո Հարթունյանից ստացել է ավելի քան 1.260.000 դոլար:

Երեք տարի անց՝ 2010 թ., Սարո Հարթունյանի մեջ կասկածներ են առաջացել այդ տարածքները Վ.Մանգասարյանի կողմից իրեն հանձնվելու հարցում, քանի որ Մաշտոցի 33/1 հասցեի 8-րդ հարկի բնակարանների մի մասը 2010թ. սկզբին արդեն իսկ օտարվում էր, իսկ ըստ Սևակի և Վլադի՝ 8-րդ հարկն ամբողջությամբ պետք է հանձնվեր իրենց:

2010թ. փետրվարին Սարո Հարթունյանը ժամանում է Հայաստան՝ տեղում ճշտելու իր լիազորված անձ Սևակ Արզարունու, Արմեն Գալստյանի և Վ.Մանգասարյանի միջև եղած պայմանավորվածությունների ընթացքը, ուշացման պատճառները, ինչպես նաև վճարված գումարների դիմաց տարածքներ ձեռք բերելու հարցը:

«Սևակ Արզարունին սկսում է ճնշում գործադրել Վ.Մանգասարյանի վրա: Նրանք միմյանց հետ գործարքի մեջ են եղել դեռևս 2008թ.-ի փետրվարին, երբ Սևակը ձեռք է բերել Զաքյան 5շ., բն 5 հասցեի ձեռնահարկը և դրա գումարների մի մասը վճարել է Վ.Մանգասարյանին: Հարթունյանների մոտ Վ.Մանգասարյանը ընդունում է, որ Սևակի միջոցով ստացվել է 1.260.000 ԱՄՆ դոլարը: Միաժամանակ Վլադը և Լևոն Սարգսյանը Սևակին պաշտպան են կանգնում, և նրանք մեկ թիմ են կազմում, ավելին՝ «չաղմկելու» դիմաց Սևակին Դավթաշեն թաղամասի շինարարության իրականացումն են խոստանում»,- ասում է Սարո Հարթունյանի շահերի ներկայացուցիչ Անի Թորոսյանը:

Սարո Հարթունյանի վստահությունը վերականգնելու նպատակով՝ Մաշտոցի 33/1 հասցեի 8-րդ հարկի բնակարանների փոխարեն Վլադն «ավելի լավ առաջարկ» է անում Ս. Հարթունյանին. պարտավորվում է իր կողմից Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում կառուցվելիք շենքից մինչ 2011թ հունիսի վերջը Ս.Հարթունյանին հանձնել 2800 քմ բնակելի տարածք /3,5,7,9,11 հարկերից/:

Քանի որ Վ.Մանգասարյանը Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքի շինարարությունը չէր իրականացնում, Վ.Մանգասարյանը, որպես Դավթաշենի գործարքի լրացուցիչ երաշխիք, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի անունից վերցնում և Սարո Հարթունյանին է ներկայացնում տեղեկանք այն մասին, որ «Վ.Մանգասարյանը հանդիսանում է «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության 21,7 տոկոս բաժնետերը և իրավունք ունի տնօրինելու Մաշտոցի 33/1 շենքի իր բաժնեմասին համարժեք տարածքներ»:

Իսկ Դավթաշեն 4-րդ թաղամասի տարածքների վաճառքի իրավասության հետ կապված՝ Ս.Հարթունյանին է ներկայացնում հողամասի սեփականատեր Լյովա Սարգսյանի հետ կնքված 20.05.2008թ պայմանագիրը և Դավթաշեն 4-րդ թաղամասի տարածքների վաճառքի իրավասության հետ կապված՝ «Վ.Մ.Գ Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Է.Համբարձումյանի կողմից Վ.Մանգասարյանին տրված լիազորագիրը: Դրանով կարողանում են համոզել Սարո Հարթունյանին:

Հանդես գալով որպես «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն՝ Վ.Մանգասարյանը 2010թ. փետրվարի 6-ին համաձայնագիր է կնքում Սարո Հարթունյանի հետ այն մասին, որ Ս.Հարթունյանից «արդեն իսկ ստացած 1.260.000 ԱՄՆ դոլարի դիմաց» «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲ ընկերության անունից, պարտավորվում է հետագայում նախնական պայմանագրեր կնքել Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքից 2800 քմ տարածքները Ս.Հարթունյանին հանձելու մասին: Որպես Ս.Հարթունյանի շահերի ներկայացուցիչ՝ համաձայնագիրը ստորագրում է նաև Սևակ Արզարունին:

Իսկ Մաշտոցի 33ա հասցեում «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությանը պատկանող հինգ հարկանի, 1708 քմ մակերեսով շինությունը 2010թ. փետրվարի 6-ի համաձայնագրով հանդիսանում է գործարքի երաշխիք մինչ հիմանական պայմանագրերի կնքումը: Այդ երաշխիքը ձևակերպված է ոչ այլ կերպ, քան այն «Սևակ Արզարունուն վաճառելու» տեսքով: Այսինքն՝ 1708 քմ մակերեսով շինությունը ոչ թե Սարո Հարթունյանի անվամբ պետք է գրանցվեր, այլ՝ նրա շահերի ներկայացուցիչ Սևակ Արզարունու:

Համաձայնագրի տեքստը կազմել են Սևակ Արզարունին և Վ.Մանգասարյանը: Սարո Հարթունյանը չի ցանկացել, որ «երաշխիքը» Սևակ Արզարունու անվամբ ձևակերպում ստանա, սակայն համաձայնագիրն արդեն կազմված էր, և Սևակ Արզարունին ու Վ.Մանգասարյանը համոզում են, որ այն ձևական բնույթ է կրում, միևնույն է՝ Ս.Հարթունյանը Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքից իր տարածքները ստանալու է: Բնականաբար, հետագայում նախնական պայմանագիր չի կնքվում:

«Իրականում այդ համաձայնագրով Սևակն ու Վլադը միմյանց միջև խաղարկում են Ս.Հարթույանի 1.260.000 ԱՄՆ դոլարը գումարը, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությանը պատկանող հինգ հարկանի, 1708 քմ մակերեսով շինությունը, այսինքն՝ Խուդյանի ներդրումը և Լ.Սարգսյանին պատկանող Դավթաշենի շինարարությունը»,- ասում է Էդմոնդ Խուդյանը:

Համաձայնագիրով սահմանված երաշխիքը Սևակի անվամբ գրանցելու «իրավական հիմքեր ստեղծելու նպատակաով» «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության 2010թ. փետրվարի 15-ի ժողովը (Վլադիսլավ Մանգասարյան և Էդիկ Եսայան) հինգ հարկանի, 1708 քմ մակերեսով շինության 1364քմ-ն՝ 344.160.000 ՀՀ դրամով վաճառելու որոշում է կայացնում: Ժողովի որոշման պայմաններով 2010թ. փետրվարի 18-ին Սևակ Արզարունու հետ նախնական պայմանագիր է կնքվում՝ իբր «հինգ հարկանի 1708 քմ մակերեսով շինության 1364քմ-ն՝ 344.160.000 ՀՀ դրամով գնելու» պայմանով:

Նույն օրը Սևակի անվամբ 90.000.000 ՀՀ դրամի գումարային մուտք է ձևակերպվում «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության հաշվապահական գրքում, սակայն այդ գումարը Գարաբեդ Հարությունյանի (Սարոյի հոր) հաշվից Արտյոմ Մարտիրոսյանի կողմից հանված 94.000.000 ՀՀ դրամի մի մասն է՝ Մաշտոցի 33/1 հասցեի երկու բնակարանների դիմաց վճարելու համար:

2010թ.-ի ամռանը Հարթունյանների ներկայացուցիչ Սևակ Արզարունին արդեն սկսում է իր սեփական խաղը: Մասնավորապես, Վլադիսլավ Մանգասարյանից պահանջում է, որ 2010թ. փետրվարի 6-ի համաձայնագրով երաշխիք հանդիսացող և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությանը պատկանող հինգ հարկանի, 1708 քմ մակերեսով շինությունը հանձնվի Սարո Հարթունյանին (փաստացի՝Սևակի անվամբ գրանվի): Այդ կապակցությամբ ծագած վեճերից հետո ավելի քան 2մլն դոլար արժեքով, 1708 քմ մակերեսով շինությունը 10.08.2010թ թիվ 2160 առուվաճառքի պայմանագրով (206.800.000 ՀՀ դրամ պայմանական արժեքով), առանց որևէ վճարման, օտարվում է Սևակ Արզարունուն: Այդ պայմանագիրը Սևակի անունից կնքում է նրա հավատարիմ և լիազոր անձ Արտյոմ Մարտիրոսյանը: Այսինքն՝ Սևակ-Արտյոմ թիմը հաղթում է Վլադիսլավ-Էդիկ թիմին:

Տեղեկանալով անօրեն գործարքի մասին՝ Է.Խուդյանը դատարան հայց է ներկայացնում «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանի և Սևակի դեմ:

Այդ գործով Սևակ Արզարունուն ներկայացնում են Վլադիսլավ Մանգասարյանի փաստաբանները: Վլադիսլավ Մանգասարյանի նախաձեռնությամբ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության դեմ սնանկության վարույթ է սկսվում, որով էլ Սևակի դեմ հարուցված դատական պրոցեսը տապալվում է. «Սնանկության մասին» օրենքի հիմքով Է.Խուդյանի ներկայացրած հայցով գործը կարճվում է:

Սարո Հարթունյանը, եղելությունից անտեղյակ, 2010թ. օգոստոսի վերջին Սևակից հաշվետվություն է պահանջում: Սևակը Ս.Հարթունյանին կրկին հավաստիացնում է, որ վճարված գումարները վտանգված չեն, և հասանելիք տարածքներն անպայման կտրվեն, իսկ որպես լրացուցիչ երաշխիք՝ Վլադիսլավ Մանգասարյանի օժանդակությամբ Մաշտոցի 33/1 շենքի մի քանի բնակարաններ էլ է ձևակերպում իր /Սևակի/ մտերիմ անձանց անվամբ, մասնավորապես՝ թիվ 22 բնակարանը, որը գրանցված էր Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր անվամբ, անվանափոխվել է Հարթունյանների հաշվապահ Արթուր Գալստյանի անվամբ, իսկ թիվ 55, 56 բնակարանների պայմանագրեր են կնքվում Սևակ Արզարունու աներորդու՝ Գարիկ Բաբայանի անվամբ:

Սակայն կարճ ժամանակահատվածում վերը նշված երեք բնակարանները վերադարձվում են Վլադին և նրա գործընկեր Արմեն Գալստյանին:

Սևակ-Սարո հարաբերությունները լարվում են, ընդհուպ մինչև Սևակի կողմից Հարթունյանների գրասենյակ մուտք գործելն ու այնտեղ անօրեն գործողություններ կատարելը: Հետագայում նրանք միմյանց դեմ հայցեր են ներկայացնում:

Էդմոնդ Խուդյանը այսպես գնահատեց ստեղծված իրավիճակը. «Քանի որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տարածքների փոշիացման հետ կապված պատմությունները և դրանցում Վլադիսլավ Մանգասարյանի դերակատարությունը բացահայտվեցին, ապա միևնույն անձի կողմից նույն ձեռագրով Դավթաշենի շենքի շինարարությունն ու տարածքների վաճառքներն իրականացնելն արդեն վտանգի տակ էր: Իսկ Կուբիկին տիրելը Վլադի երազանքն է:

Ստեղծված իրավիճակում 2010թ. նոյեմբերին Վլադիսլավ Մանգասարյանի ու Դավթաշեն 4-րդ թաղամասի այժմյան 45/7 հասցեի հողամասի սեփականատեր Լյովա Սարգսյանի միջև նոր գործարքներ են կնքվում, համաձայն որոնց՝

• Սևակ Արզարունին ու Արտյոմ Մարտիրոսյանը 2010թ. նոյեմբերին ստեղծում են «Եռանավ» ՍՊԸ-ն՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի այժմյան 45/7 հասցեի շենքի շինարարությունը և տարածքների վաճառքներն իրականացնելու համար:

• Մաշտոցի 33ա հասցեում 1708 քմ մակերեսով շինությունը 2010թ. դեկտեմբերի 10-ի թիվ 8705 պայմանագրի (գինը՝ 250.000.000 ՀՀ դրամ) հիման վրա Սևակ Արզարունին հանձնում է Վլադիսլավ Մանգասարյանի կողմից մատնանշված անձին՝ Ռոբերտ Ֆրունզեի Հարությունյանին:

• Դավթաշեն IV թաղամասում 13 հարկանի շենքի նախագիծը վերահաստատվում է, և 2011թ. ապրիլի 15-ին շինթույլտվություն է տրվում:

• 2011թ. մայիսի 6-ին Սևակ Արզարունին ու Արտյոմ Մարտիրոսյանը «Եռանավ» ՍՊԸ-ով Լ.Սարգսյանից ձեռք են բերում Դավթաշեն IV թաղամասի 45/7 հասցեի տարածքը և Վլադիսլավ Մանգասարյանի «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲ ընկերության փոխարեն ստանձնում են Դավթաշեն IV թաղամասում 13 հարկանի շենքի շինարարությունը և տարածքների վաճառքի հարցը, որից հետո «Եռանավ» ՍՊԸ-ն սկսում է ակտիվ գործել, գովազդել տարածքների վաճառքը: Սակայն մի քանի ամսից շինարարությունը կանգ է առնում:

• 2011թ. հուլիսի 11-ի գրավի եռակողմ պայմանագրով Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը գրավ է դրվել «Հայբիզնես բանկ»-ում, որի դիմաց «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲ ընկերությանը տրամադրվել է 825.400.000 ՀՀ դրամ (2.275.000 դոլար) վարկ:

Փաստորեն, Վլադիսլավ Մանգասարյանի թիմը յուրացրել է Կուբիկը և դրա դիմաց խոշոր գումար է ստացել, իսկ բանկը մեծ ռիսկի է գնացել՝ գրավ է վերցել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ից յուրացված շինությունը, ինչը ՊԵԿ-ում քննվող քրեական գործով քննության առարկա է հանդիսանում, իսկ առաջիկայում նաև քաղաքացիական գործով է քննության առարկա հանդիսանալու: Այսինքն՝ բանկը հանցավոր ճանապարով ձեռք բերված գույքի դիմաց է վարկ տվել, հետևաբար, փողերի լվացման գործարքի մեջ է ներգրավվել:

Կարելի է ենթադրել, որ Դավթաշենի տարածքում Վլադիսլավ Մանգասարյանի թիմը գումար կներդնի միայն տարածքը Սևակ Արզարունու ձեռքից վերցնելուց հետո: Չմոռանանք, որ սպասվող ընտրությունների ֆոնին ոչ ոք ռիսկ չի անի շինարարության մեջ գումար ներդնել, քանի որ դժվար է գուշակել, թե մեկ տարի հետո դեպքերի ինչ զարգացում կլինեն»,- ասում է Էդմոնդ Խուդյանը:

Մեկնաբանություններ (1)

Vick
Shat tipik SHILA-SHPOT haykakan irakanutyan mej...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter