ԵԿՄ-ի ուխտագնացությունը` Արցախում
Երկրապահ կամավորականների միության լրատվության եւ քարոզչության բաժնից «Հետքին» փոխանցեցին, որ օգոստոսի 23-28-ը Լեռնային Ղարաբաղ է մեկնել ԵԿՄ պատվիրակությունը` Գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Արդեն 10 տարի է ԵԿՄ-ն այցելում է Արցախ աշխարհ: Լինում են Ստեփանակերտի ծերանոցում եւ Շուշիի մանկատանը, ինչպես նաեւ դպրոցական պայուսակներ են հանձնում արցախցի առաջին դասարանցիներին: Այս տարի ուխտագնացների պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պատգամավորներ Սերյան Սարոյանն ու Արթուր Աղաբեկյանը:
ԵԿՄ լրատվության եւ քարոզչության բաժնից փոխանցում են, որ այս տարվա ուխտագնացությունն իր հագեցվածությամբ ու մեծությամբ տարբերվում է անցած տարիների նմանատիպ միջոցառումներից:
«Այս տարի լրացավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը եւ ուխտագնացությունը նվիրված է Սպարապետի հիշատակին: Մինչեւ Արցախ գալը ԵԿՄ վարչությունը եղել է հանրապետության բոլոր մարզերի ԵԿՄ կառույցներում եւ հանդիպումներ է ունեցել ազատամարտիկների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս հանդիպման ժամանակ արցախցիների տրամադրությունը բարձր է եւ նրանց մոտ չի զգացվում պարտվողական տրամադրություններ: Արցախցիները ԵԿՄ վարչության անդամներից հետաքրքրվում են Ղարաբաղի ճակատագրից եւ հողերը ետ վերադարձնելու մասին շրջանառվող լուրերից:
«Ժողովուրդ ջան, ոչ մեկին մի հավատացեք, դուք եք այս հողի տերը: Եթե դուք հողը չտաք` ուրեմն ոչ մեկ չի տա: Ես զինվորի շորերով ինձ հետ Արցախ բերել եմ նաեւ իմ թոռներին: Եթե ես էլ չկռվեմ, ուրեմն այս հողի համար իմ թոռները հաստատ կկռվեն»,-ասել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:
ՀՅԴ խմբակցության եւ ԵԿՄ վարչության անդամ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանն էլ ասել է, թե «ասեկոսեներին մի հավատացեք, թե ԵԿՄ խաղաղ պայմաններում անելիք չունի: Հենց այս ուխտագնացությունն արդեն ինքնին կարեւոր հանգամանք է: ԵԿՄ-ն իր մեջ ներառում է պատանի երկրապահների կառույցը, ինչ պատրաստի զինակոչիկների մեծ ռեզերվ է եւ արտաքին աշխարի վրա մեծ ազդեցություն է թողնում: Այնպես, որ ԵԿՄ-ի գոյությունը չի կարող վիճարկվել»,-ըստ ԵԿՄ-ի լրատվական բաժնի` ասել է Արթուր Աղաբեկյանը:
Նրանց փոխանցմամբ` օգոստոսի 27-ին Արցախում տեղի է ունենալու համերգ, հրավառություն եւ կազդարարվի ուխտագնացության ավարտը:
Ամենայն հավանականությամբ այդ օրը միջոցառմանը ներկա կլինեն նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:
Տեղեկացնենք, որ ուխտագնացները իրենց հանգիստ անցկացնում են Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում գտնվող Արթուր Աղաբեկյանին պատկանող ջրաշխարհում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել