Սյունիքի մարզպետարանը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
«Հետք» էլեկտրոնային պարբերականի կայքում հունիսի 16-ին հրապարակված Սառա Պետրոսյանի «Համայնքապետի ավագանին» հոդվածի կապակցությամբ խմբագրությունն այսօր ստացել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանի գրությունը: Գրությամբ տեղեկացվում է հրապարակման մեջ բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետարանի ձեռնարկած ուսումնասիրության ու նրա արդյունքների մասին:
Ստորեւ ներկայացնում ենք մարզպետարանի պատասխան գրությունը: Հոդվածում բարձրացված հարցերի քննարկման և ուսումնասիրման համար ՀՀ Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետի տեղակալ Գ. Խաչատրյանի, առաջատար մասնագետներ` Հ. Հարությունյանի և Ռ. Սարգսյանի մասնակցությամբ: Խումբն այցելել է Կաղնուտ գյուղ և տեղում, համայնքի ղեկավար Ա. Հովհաննիսյանի, ավագանու անդամներ Ա. Գևորգյանի, Գ. Թամրազյանի, Ա. Հովհաննիսյանի, Կ. Փարամազյանի և Կաղնուտի համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Թամրազյանի մասնակցությամբ կատարել ուսումնասիրություններ: Պարզվել է, որ 2008 թ. նոյեմբերի 13-ից իր լիազորություններն ստանձնած ավագանին, համաձայն Կաղնուտի համայնքի ավագանու նիստերի արձանագրությունների մատյանի գրառումների, մինչև 2009 թ. օգոստոսի 20-ը գումարել է 5 նիստ (մարզպետարանի աշխատակազմի ՏԻ ՀԳՄՏԾ վարչությունում առկա են նիստերի արձանագրությունների քաղվածքները` համապատասխան մշակված միասնական ձևանմուշի): Ինչ վերաբերում է Ա. Գևորգյանի` նիստերին չմասնակցելու հանգամանքին (վերջին նիստին նա մասնակցել է), ապա տեղում կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ ավագանու անդամին նիստերին չհրավիրելու պատճառը համայնքապետի և ավագանու անդամի անձնական վատ փոխհարաբերություններն են: Ստուգման ընթացքում ի հայտ են եկել նաև այլ թերացումներ. արձանագրությունների մատյանի վարումը պատշաճ մակարդակով չի իրականացվում, էջերի համարակալումը բացակայում է, դրանք կնքված չեն: Թերի են կատարվում ավագանու նիստերի նախապատրաստական աշխատանքները, ավագանու նիստերի գումարման մասին իրազեկում չի կատարվում, համայնքապետարանում չկա հանրային իրազեկման ցուցատախտակ: Աշխատանքային խումբը Կաղնուտի համայնքի ղեկավարին առաջարկել է 15 օրվա ընթացքում վերացնել թերություններն ու տեղեկատվություն ներկայացնել կատարած աշխատանքների վերաբերյալ: Ա. Գևորգյանի «…բուժկետ չկա, բա մի բուժքույր չլինի, որ ճնշումը չափի» դժգոհության կապակցությամբ աշխատանքային խումբը պարզել է, որ 2005 թ. գյուղի բուժկետում բուժքույր է աշխատում` կաղնուտցի, ներկայումս քաղաքաբնակ, մասնագետ: Դժբախտաբար, բնակավայրի հեռավորության, տրանսպորտային կանոնավոր հաղորդակցության բացակայության, աշխատավարձի չափի ու ճանապարհածախսի խիստ անհամապատասխանության պատճառով բուժքույրն ամեն օր գյուղ գնալու հնարավորություն չունի: Գյուղաբնակ մասնագետի հայտնվելու դեպքում, ինչպես հավաստիացնում են ավագանու անդամներն ու համայնքի ղեկավարը, հարցը շատ արագ կկարգավորվի: Իհարկե, խրախուսելի է գյուղի դատարկումը կանխելու Ա. Գևորգյանի մտահոգությունը, բայց… Գյուղապահպանման հարցը մշտապես գտնվում է մարզի ղեկավարների ուշադրության կենտրոնում, և նրանք այդ մասին վաղուց հարց են բարձրացրել բարձր ատյաններում: Վերջերս մարզկենտրոն Կապանում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը մեկ անգամ ևս վարչապետի և կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այդ խիստ կարևոր հարցի վրա. «…կարևորագույն հիմնախնդիր է գյուղապահպանության հարցը, հատկապես սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային գյուղերի կտրվածքով…»:
Հարկ ենք համարում նշել նաև, որ հատկապես գյուղական համայնքներում, դեռևս բավականին չլուծված հիմնախնդիրների կողքին կան նաև «սեփական ուժերով», առանց դրսի ֆինանսական օգնության, լուծելի խնդիրներ, որոնք, ցավոք, որոշ պաշտոնյաների անպատասխանատու վերաբերմունքի, ինչու չէ նաև ավագանու դեռևս չկայացած ինստիտուտի թերացումների պատճառով անհարկի դժվարություններ ու խոչընդոտներ են ստեղծում մարդկանց նորմալ գործելակերպի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել