«Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի նախկին տնօրենի գործով դատական քննությունը հետաձգվեց
Օգոստոսի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից կրկին հետաձգվեց «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի գործով դատական քննությունը: Արդեն 2-րդ անգամ դատական նիստին չէր ներկայանում դատարանի կողմից տուժող ճանաչված «Հայանտառ» ՊՌԱԿ-ի ներկայացուցիչը:
Նախորդ` հուլիսի 23-ի դատական նիստը Հովհ. Քոչինյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանի միջնորդությամբ հետաձգվել էր «Հայանտառ» -ի տնօրեն Հովհ, Քոչինյանի կողմից յուրացված գումարների հետ կապված առանձին հանգամանքներ պարզելու նպատակով:
Ակնհայտ էր դատավոր Սուրեն Բաղդասարյանի շահագրգռվածությունը մեղադրական եզրակացությամբ Հովհ. Քոչինյանի շուրջ 27 մլն. դրամ յուրացումները փոխհատուցմամբ նվազեցնելու գործում: Հովհ. Քոչինյանն էլ դատարանում փորձում էր ամեն գնով հասնել նրան, որ «Հայանտառ»-ը ընդունի 10,8մլն. դրամ արժողությամբ բենզինի և դիզվառելիքի փոխհատուցումը, 2,6մլն. դրամ արժողությամբ իր սեփական մեղվափեթակաները, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, «Ջիլիզայի անտառտնտեսության» վարչական շենքի վերանորոգման գումարները, նույն շենքի համար անօրինական գնված կահույքի արժեքը, պահանջում էր «Հայանտառ»-ից թույլատրել «Գոլդեն-Վուդ» ՓԲԸ-ին անտառից տանել իր գերանները:
«Երբ ինքնապատրաստումով «Գոլդեն-Վուդ»-ը անտառից փայտը հանում էր աշխատող բանվորներին վճարելու համար, փողը ինքն ա տալիս, ոնց որ մոտը փող չկար անտառտնտեսության բյուջեից մենք ենք տվել: Ընդամենն ասում եմ` «Վոլդեն-գուդ»-ի գերանները տվեք»,- դատավորին բացատրում էր Քոչինյանը:
Փաստաբան Կարեն Թումանյանի հարցին, թե, բայց «Վոլդեն-ուդի» գերանները կա՞ն, Հ. Քոչինյանը պատասխանեց. «Կան, ծառեր են» :
«Որ «Վոլդեն-գուդ»-ի գերանները տվեցին, ինչ է փոխվելու դրանից»,- Քոչինյանին հարցրեց դատավոր Սուրեն Բաղդասարյանը: «4մլն. դրամ կստանամ»,- պատասխանեց Հովհ. Քոչինյանը: «Բանից դուրս ա գալիս` դուք նրանց պարտքով փող եք տվել, հիմա իրենք չեն վերադարձնում: Դուք ի պաշտոնե պարտավոր էիք էդ փողը տալու»,- Քոչինյանին հարցրեց դատավորը:
«Չէ, բայց բոլոր անտառներում գնորդին ոնց որ ընդառաջում են»,- մեկնաբանեց Քոչինյանը:
Ու մինչ Հովհ. Քոչինյանը դատարանում «Հայանտառ»-ին փորձում է թելադրել իր պահանջները, «Հայանտառն» էլ համառորեն չի ներկայանում դատարան և չի արձագանքում Քոչինյանի պահանջներին, դատաքննությունը հայտնվում է փակուղու մեջ:
«Մի 10 օր առաջ զանգել եմ ընկ. Մաթևոսյանին, որ 21 տոննա դիզվառելիքը գտնվում է Վանաձորի բազայում: Ասավ` հենց հիմա Սահակյան Սամվելին հանձնարարում եմ: Սահակյան Սամվելն էլ ասավ` տեղեկությունը հասել ա ինձ, գիտենք, որ էդտեղ ա, թող բազայում մնա»,-դատարանին տեղեկացրեց Հովհ. Քոչինյանը:
«Պեչատած փաստաթուղթ պետք է ներկայացնեք, որ էս ենք ընդունել, էսքան ենք ընդունել»,- Քոչինյանին դատավորի ներկայությամբ բացատրեց պաշտպան Կարեն Թումանյանը:
Հայտնի չէ, թե ստեղծված իրավիճակում դատավոր Սուրեն Բաղդասարյանը մինչև երբ կարող է հետաձգել դատական նիստերը: Այս անգամ էլ նրա կողմից դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 4-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել