HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փախստականների կյանքում 20 տարի անց շատ բան չի փոխվել

25-08_D.Hakobyan«Մեր ընտանիքը 5 անդամից է բաղկացած, եւ մենք տարիներ շարունակ մեկ սենյականոցում ենք ապրում, ամբողջ ունեցվածքս Բաքվում եմ թողել, իսկ այստեղ նորմալ պայմաններ ապահովված չեն մեզ համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց 1990 թվականին Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Ելենան: Ըստ պաշտոնական տվյալների` 90-ական թվականներին Ադրբեջանից հեռացել են կես միլիոն հայեր, որոնցից 360 հազարը հանգրվանել է հայրենիքում: Այսօր ղարաբաղյան հակամարտության հետեւանքով փախստական դարձած մարդկանց խնդիրներին նվիրված` Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած քննարկմանը մասնակցում էին փախստականներ: Քննարկմանը ներկա էին նաև փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, իսկ պաշտոնական կողմը ներկայացնում էր Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը: Նա ներկայացրեց փախստականների խնդիրների լուծմանն ուղղված պետական ծրագրերը: «Դեռեւս բավականին խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել»,- խոստովանեց Հակոբյանը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները թեեւ չէին ժխտում տարված աշխատանքը, բայց բազմաթիվ դժգոհություններ ունեին: Նրանցից յուրաքանրյուրը փորձում էր իրեն հայտնի խնդիրը բարձրացնել, եւ քննարկումը հարց-պատասխան ձեւաչափով էր ընթանում: Երբեմն փախստականներն այնպիսի հարցեր էին բարձրացնում, որոնք ոչ միայն իրենց էր անհանգստացնում, այլեւ Հայաստանի ցանկացած քաղաքացու: «Բայց փախստականներին պետք է առաջնահերթություն տրվի, որովհետեւ մենք տուժած մարդիկ ենք»,- համոզված են նրանք: «Տարեց տարի նույն հարցերն են քննարկում, բայց մեր խնդիրները չեն լուծվում, մեզ համար տներ են կառուցում, բայց դրանք կավարտեն այն ժամանակ, երբ մենք մահացած կլինենք»,- «Հետքի» հետ զրույցում իրենց մտահոգությունն էին հայտնում փախստականները, որոնք չցանկացան, որպեսզի հրապարակենք իրենց անունները: Միգրացիոն գործակալության պետի տեղակալն էլ նշում էր, որ փախստականներից շատերը տեղյակ չեն իրենց խնդիրները կարգավորող օրենքներից ու արտոնություններից, այդ պատճառով էլ չեն կարողանում օգտվել դրանցից: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարական ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը նկատեց, որ փախստականները նույնիսկ 20 տարի անց շարունակում են ռուսերենով հաղորդակցվել. «Փաստորեն նրանց ինտեգրացիան լիարժեք չէ եւ այստեղ պետությունն իր մեղքի բաժինն ունի»: Փախստականներն էլ «Հետքի» հետ զրույցում նշում էին, որ իրենք խորհրդային  միության տարիներին  ռուսական կրթություն են ստացել եւ մեղավոր չեն, որ հայերենին լավ չեն տիրապետում: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ում կարծիքով` 2008 թվականին ընդունված «Ապաստանի եւ փախստականների մասին» օրենքում լիարժեք արտացոլված չեն փախստականների խնդիրների օրինական լուծումները: «Երբ օրենքն էինք ընդունում «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը փախստականների առաջարկները ներկայացրեց, որպեսզի ներառվի օրինագծում, դրանք չընդունվեցին»,- հիշում է ԱԺ պատգամավորը: Իսկ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանն էլ հայտնեց, որ նախքան ԱԺ մտնելը, օրինագիծը մաս առ մաս քննարկվել է փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: Փախստականներից ոմանք ասացին, որ լեզվական խնդրի պատճառով իրենց համար օրենքի շատ դրույթներ հասկանալի չէին: Քննարկմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Հետքի» հետ զրույցում նշում էին, որ նման հանդիպումները պետք է առավել հաճախ կազմակերպվեն, որպեսզի փախստականների խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter