Յուրի Սուվարյան. Տնտեսագիտական համալսարանը ամենակոռումպացվածը չէ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը այս տարի նոր թեսթային համակարգով է սկսելու ուսումնական տարին: Ըստ ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանի` այս քայլը կոռուպցիան հաղթահարելու հրաշալի ձեւ է:
«Բոլորս էլ գիտենք, որ բանավոր քննություններին կոռուպցիան եւ անարդարությունները ավելի մեծ տեղ կարող են զբաղեցնել, քան գրավոր համակարգչայնացված թեսթային համակարգով մշակված քննություններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յուրի Սուվարյանը:
Սուվարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ Տնտեսագիտական համալսարանը Հայաստանի ամենակոռումպացված համալսարանների շարքին է դասվում:
«Ես չեմ բացառում, որ կոռուպցիայի դեպքեր կան մեր կառույցում, բայց դրանք այն չափերի չեն հասնում, որ մեր համալսարանը դասվի այդ կոռումպացված բուհերի շարքին: Բոլորը գիտեն, որ ինձ վրա ներազդելը անհնար է, եւ ոչ ոք չի կարող ինձ մոտ բարեխոսել, կամ կաշառք առաջարկել»,-ասաց նա:
Այսօր ՀՊՏՀ-ն մրցակցում է ոչ միայն հայաստանյան պետական եւ մասնավոր բուհերի այլ նաեւ արտասահմանյան բուհերի հետ, քանի որ, ըստ Յ. Սուվարյանի, այսօր ուսանողներն ավելի շատ նախընտրում են ուսում ստանալ արտերկրում:
Այս տարի ՀՊՏՀ ընդունվել են 1393 դիմորդ: «Ամենից շատ մրցունակ են եղել Ֆինանսներ եւ վարկ, Կառավարում, Մարքեթինգ ֆակուլտետները, որտեղ մեկ տեղի համար պայքարում էին 3-4 դիմորդ»,-նշեց ռեկտորը:
Յուրի Սուվարյանը տեղեկացրեց, որ իրենց համալսարանի վարձավճարների մեջ փոփոխություններ չեն գրանցվել:
Անդրադառնալով ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորը հավելեց, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարվում է եւ արդեն 2010 թվականին կգրանցվի տնտեսական աճ ամբողջ աշխարհի մասշտաբով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել