Կմեկնարկի «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով ցուցահանդեսը
Երիտասարդ առաջնորդների դպրոցը տեղեկացնում է, որ շարունակում է «Ճանաչենք Հայաստանը» խորագրով ցուցահանդեսների շարքը այս անգամ ԼՂՀ անկախության օրվան նվիրված «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով ցուցահանդեսով: Այն տեղի կունենա սեպտեմբերի 2-ից 4-ը՝ 16:00-21:00 «Սիրահարների այգում»:
Ցուցահանդեսի նպատակն է Երևանում նշել Արցախի անկախության օրը և մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնել Արցախի տեսարժան վայրերի ու պատմամշակութային բացառիկ կոթողների հետ: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Արցախի տեսարժան վայրերն ու պատմամշակութային արժեքներն ամփոփող լուսանկարներ:
Ցուցահանդեսի հեռահար նպատակներից են՝ վերացնել Արցախի և Երևանի երիտասարդական շրջանակների միջև աշխարհայացքային անջրպետները, ստեղծել մշակութային և կրթական համատեղ երիտասարդական ծրագրերի իրականացման ուղղությամբ Արցախ-Հայաստան համագործակցության արդյունավետ մեխանիզմներ, ապահովել արժեհամակարգային հիմքեր ազգային միասնականության գիտակցման և տեղային հայրենասիրության սահմանափակության հաղթահարման համար, ինչպես նաև խթանել դեպի Արցախ ներքին զբոսաշրջիկների հոսքը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին:
Միջոցառմանը հրավիրված են՝ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել