HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եզդիները դժգոհում են ցածր կարգավիճակից

Երկար ժամանակ անուշադրության մատնված եզդիական համայնքը պնդում է, որ մշտապես խտրականության զոհ է դառնում Զովունի գյուղի Ամո թաղամասում հիմնականում եզդիներ են ապրում. մի բան, որը հազվադեպ է լինում նույնիսկ Կովկասի պես բազմազգ տարածաշրջանում, բայց այցելուներին ներելի է չնկատել այս հանգամանքը, քանի որ նրանց ուշադրությունը շուտով գրավում են գլխավերեւում անցնող բարձրավոլտ հոսանքագծերի արձակած տարօրինակ ձայնարկումները: Առաջին անգամ այստեղ եկողների մոտ հոսանքալարերի աղմուկը կարող է գլխացավ առաջացնել, բայց տեղացիները սովորել են արդեն դրան, քանի որ ապրում են այս պայմաններում 1970-ականներից, երբ ընդունվեց լարերի անցկացման մասին որոշումը: «Իմ հերս ու հորոխպերս էին, բողոքեցին, նրանց ասացին, թե ուրիշ տեղում տուն կտան: Մինչև ժողովուրդը սար գնաց ամռանը, հետ եկանք, գծերն արդեն քաշել էին», - ասում է ազգությամբ եզդի Քյալաշ Ավդալյանը, ում ընտանիքը թաղամասում մեծամասնություն է կազմում: Տեղացիներից շատերը դժգոհում են, որ հոսանքալարերը վնասակար են իրենց առողջության համար, եւ այն փաստը, որ ավելի քան 40 տարի շարունակ կառավարությունը չի տեղափոխում դրանք, իրենց նկատմամբ կիրառվող խտրականության արդյունքն է: Եզդիները ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են (40.000) կազմում 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, որը դարձել է նրանց երկրորդ` ամենամեծ համայնքի հայրենիքը` առաջ անցնելով նույնիսկ Իրաքից, որի բնակչությունը մոտ կես միլիոն է: Նրանք խոսում են եզդիերեն, որը բավական նման է քրդերենին, իսկ եզդիական եզակի դավանանքը, որը կոչվում է Շարֆադինականություն, հաճախ ներկայացվում է որպես «սատանայապաշտություն», սակայն իրականում ներառում է Միջին Արեւելքի բոլոր կրոնների տարրեր: Կառավարությունը փորձում է բավարարել եզդիների պահանջները, սակայն պետք է համարյա զրոյից սկսել, քանի որ նրանց երկար ժամանակ անուշադրության են մատնել: ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանը եզդիների առաջնային խնդիր է համարում դպրոցներում դասագրքերի խնդիրները: «Վերջին տարիներին մոտ հինգ տարվա ընթացքում պետությունը հրատարակել է տարրական դասարանի դասագրքերը և այսօր աշխատում ենք բարձր դասարանի դասագրքեր կազմելու վրա», - ասում է Ասծատրյանը: Դասագրքային խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Հրատարակված գրքերը հավանության չեն արժանանում եզդի համայնքի կողմից. մի մասը բողոքում է, որ դասագրքերը գրված են կիրիլիցայով, մինչդեռ պետք է լինեին քումանջի բարբառով և լատինատառ կամ արաբատառ, իսկ մի մասն էլ կարծում է, որ դասագրքերը պետք է լինեն ոչ թե քումանջիով, այլ հենց եզդիկիով: «Մենք քումանջի լեզու չգիտենք և չենք էլ ուզում լսել: Դա նույն է, թե ասես հայերը լսեն կամ սովորեն ադրբեջերեն կամ վրացերեն», - ասում է Հայաստանի հանրային ռադիոյի եզդիական ծրագրի գլխավոր խմբագիր, դասագրքերի համահեղինակ Հասան Թամոյանը: Նշենք, որ Հայաստանում չկան եզդիական դպրոցներ և երբեք չեն եղել: Եզդիները կրթություն են ստացել հայկական (ԽՍՀՄ-ի տարիների նաև ռուսական) դպրոցներում, որտեղ եզդիները ուսանել են նաև իրենց մայրենի լեզուն եզդիերենը կամ ինչպես իրենք են ասում Էզդիկին: Սակայն նույնիսկ այստեղ լուրջ խնդիրներ կան եզդիերենի ուսուցիչների վարձատրության առումով: Նրանք այնքան քիչ են վաստակում, որ դժվար թե այս ծրագիրը երկար տեւի: Կոտայքի մարզի Նոր Գեղի հանրակրթական դպրոցի ուսուցչուհի ազգությամբ եզդի Մամոյան Ասմարը, ով մի քանի տարի եզդիերեն է դասավանդել, այլեւս չի ուզում աշխատել դպրոցում, քանի որ դասագրքեր չունի եւ աշխատավարձը ցածր է: Մամոյանը իր ձեռքի տակ ուներ դասագրքեր միայն առաջինից մինչև երրորդ դասարանների համար, ու եթե այս տարի համաձայնի ու նորից դասաժամեր վերցնի, ապա չգիտի`ինչ գրքով է պարապելու երեխաների հետ: «Հո նորից այբուբեն չեմ սովորեցնելու: Բացի սա, առաջին տարին տնօրենը այլ ուսուցիչների դասաժամերի հաշվին ինձ հատկացրեց վեց ժամ, երկրորդ տարի ուսուցիչներից մեկը հետ վերցրեց իր դասաժամը: Ես հո չէի ասելու, թե չեմ տա կամ ինչու ես պիտի լուծեմ դասաժամերի հարցը: Դե ես էլ մտածեցի, որ չորս ժամի համար չեմ գնա դպրոց», - ասում է Մամոյանը: Ըստ կառավարության` դասագրքային խնդիրներից բացի լուրջ է նաև եզդիերեն լեզվի մասնագետների հարցը: «Ցավոք այսօր ունենք մասնագիտական կադրերի խնդիր: ԽՍՀՄ-ի տարիներին կային բավական լուրջ մասնագետներ` ակադեմիկոսներ, դոկտորներ, որոնք կադրեր էին պատրաստում հետագայի համար: Սակայն նրանց մի մասն արդեն ծեր է, իսկ մի մասն էլ արդեն չկա», - ասում է Ասծատրյանը: Նրա խոսքերով` կառավարությունը մի նախագիծ է պատրաստում, որը թույլ կտա եզդի դիմորդներին բուհ ընդունվել, եթե կարողանան հաղթահարել ընդունելության քննությունների նվազագույն անցումային շեմն առանց մրցույթի. նախատեսվում է այսպիսով լուծել մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրը: Այնուամենայնիվ, մի շարք այլ պաշտոնյաների հավաստմամբ` եզդիներից շատ քչերն են դիմում բուհ բարձրագույն կրթություն ստանալու համար: Հասան Թամոյանը Հայաստանը բնորոշում է որպես եզդիների երկրորդ բնօրրան, քանի որ, ըստ Հ. Թամոյանի, այն պայմանները, որոնք ստեղծված են Հայաստանում, չկա ոչ մի երկրում: «Իրաքի հյուսիսային մասը, որը եզդիների բնօրրանն է, չկան եզդիական թերթեր, ռադիո, մշակութային կազմակերպություններ, իսկ Հայաստանում հնարավորությունները աննախադեպ են», - նշում է Հ. Թամոյանը: Հ. Թամոյանը կրթության բնագավառում եզդիների խնդիրները պայմանավորում է հենց եզդիների հոգեկերտվածքով և մշակութային առանձնահատկություններով: Նրա կարծիքով` սրա պատճառը նաեւ երկրի վատ տնտեսական վիճակն է, որով էլ պայմանավորված է եզդիական համայնքի աղքատ լինելը: Բացի այդ, եզդիները առանձնակի սեր չունեն կրթության և գիտության նկատմամբ: Սակայն եզդիական համայնքի Ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով 1962-72թթ., երբ Ամո թաղամասը դեռ գյուղ էր Զովունիից զատ, գյուղի ղեկավարն է եղել, այլ կարծիքի է: Նա պնդում է, որ հոսանքալարերը չտեղափոխելը, ինչպես նաեւ եզդիների կողմից հող գնելու թույլտվության մերժումն արդեն իսկ ապացուցում են, որ իրենց համայնքի նկատմամբ մշտապես խտրականություն է կիրառվում: Թամոյանի խոսքերով` հոսանքալարերի տեղադրման ժամանակ գյուղի բնակչության բողոքներին ուշադրություն չդարձրեցին, իսկ այժմ այդ բարձր լարման հոսանքալարերի տակ արդեն 40 տուն կա: Սակայն նրա այս խոսքերը կարեկցանք չեն արթնացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում: «Գյուղը գծից բավականին հեռու էր գտնվում, հաղորդագծերի տակ գյուղ չի եղել, միայն ոչխարները պահելու տեղեր` ցանկապատված», - ներկայացնում է ՀԷՑ անվտանգության տեխնիկայի տեխնիկական շահագործման և հուսալիության դեպարտամենտի պետ Ռոմիկ Հարությունյանը` ավելացնելով, որ 80-ականներին տեղի բնակիչները կամաց-կամաց սկսել են կապիտալ կառույցներ անել եւ չեն կարող տեղի ունեցածի մեջ մեղադրել ընկերությանը: «Այստեղ ազգային խտրականության հարցն է շահարկվում, մինչդեռ Ամո թաղամասը հայտնվել է հոսանքագծերի անցկացումից հետո», - պնդում է ՀԵՑ անվտանգության և վերահսկողության տնօրինության ներկայացուցիչ Շավարշ Ավետիսյանը: Աղավնի Հարությունյան, Զովունի, Արփի Մախսուդյան, Երեւան (Կովկասյան Լրատու # 507, 21-ը օգոստոսի, 2009թ.) Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net <http://www.iwpr.net>)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter