HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշողություններ` համեմված կովկասյան թեյով

Թբիլիսյան թեյարանը կորուսյալ ազգային ներդաշնակության մասունքն է

Եթե շատերի համար թեյն ուղղակի ըմպելիք է, ապա Թբիլիսի կենտրոնում գտնվող փոքրիկ թեյարանի հաճախորդների համար`իսկական ժամանակի մեքենա: Փոքրիկ բաժակներով թեյ վայելելու արարողությունն ուղեկցվում է հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն եւ քրդերեն լեզուներով հնչող խոսակցությամբ, եւ մարդիկ կարծես հետ են վերադառնում անցյալի այն օրերը, երբ պատերազմը դեռեւս չէր տարանջատել կովկասյան ազգերին:

Փոքրիկ թեյարանը գտնվում է Թբիլիսիի հին կենտրոնի ոլոր-մոլոր փողոցների ամենասրտում տեղակայված ոչ մեծ տանը: Քաղաքի այս մասը տարբերվում է մյուսներից իր բազմազգ բնակչությամբ: Ամեն երեկո թեյարանում հավաքվում են հարեւանները, որոնք այն «ադրբեջանական» են կոչում` չնայած իրականում դրա տերերը հայեր են: 55-ամյա Մարգարիտա եւ 63-ամյա Ալեքսեյ Պետրոսյանները որոշեցին բացել այս թեյարանը 5 տարի առաջ` փորձելով այդպես գոյատեւել Ալեքսեյի հիվանդանալուց հետո: Իրենց նախկին ննջարանում սեղաններ տեղադրեցին. սա է ողջ թեյարանը, որտեղ այժմ մեկ բաժակ թեյն արժե 1.50 լարի (մոտավորապես 90 ցենտ), իսկ լիմոնով` 2 լարի: Մարգարիտան արմատներով ադրբեջանական Գյանջա քաղաքից է, որտեղ մեծաքանակ հայկական բնակչություն կար նախքան 1988-ին սկսված ղարաբաղյան պատերազմը: Նա կարոտով է հիշում այն ժամանակները, երբ դեռեւս հակամարտություն չտեսած հայերն ու ադրբեջանցիները համերաշխ էին ապրում` ուտում միմյանց պատրաստած կերակուրները, միասին նշում տոները եւ խոսում միմյանց լեզուներով: Մարգարիտայի սկեսուրն ադրբեջանցի էր, եւ մինչ այժմ էլ նա հաճույքով է սեղան պատրաստում ամուսնու մոր սովորեցրած ձեւով: «Նա Ագաբեկովների ընտանիքից էր սերում: Թեյ պատրաստելուց բացի, սկեսուրս ինձ ադրբեջանական կերակուրներ պատրաստել էլ էր սովորեցրել», - ասում է Մարգարիտան: Ինչպես ընդունված է Ադրբեջանում, բայց անսովոր`Վրաստանում, թեյարանի հաճախորդների մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ կանայք թեյ խմելու համար հավաքվում են խոհանոցում: Եւ սա միակ սովորույթը չէ, որ կարող է տարօրինակ թվալ թեյարան մտնող սովորական թբիլիսցուն: Եթե քաղաքի մյուս կաֆեները լի են վրացերենին հատուկ կոկորդայնությամբ համեմված խոսքուզրույցով, ապա այստեղ ամեն երեկո առնվազն 4 տարբեր լեզուներով են խոսում: «Դժբախտաբար, վերջերս պակասել են մեր հաճախորդները: Մարդիկ փող չունեն. թեյը տանն են խմում», - ասում է Ալեքսեյը: Նա պատմում է, որ թեյարանի պատին ժամանակին Ադրբեջանի դրոշն էր ամրացված, բայց հաճախորդներից մեկը խնդրել էր այն իրեն տալ: Նրա խոսքերով` քաղաքի այս հին թաղամասում հայերն ու ադրբեջանցիները համերաշխ են ապրում` չխառնելով իրենց հարաբերություններին ղարաբաղյան հակամարտության խնդիրը: «Մեր թեյարանում ամեն ինչի մասին խոսում ենք, բացի քաղաքականությունից: Մեզ մոտ մարդկանց չեն բաժանում ըստ ազգային պատկանելության», - հավատացնում է Ալեքսեյը: Նրա հաճախորդներն ասում են, որ թեյարանում տիրող անկաշկանդ մթնոլորտն իրենց խորհրդային տարիներն է հիշեցնում, երբ ողջ Հարավային Կովկասը ղեկավարվում էր Մոսկվայից, եւ յուրաքանչյուրն իրեն նույն երկրի քաղաքացի էր համարում: Երբ թեյարանում իմացան, որ IWPR-ի թղթակիցն ադրբեջանցի է, շտապեցին ասել, որ պատերազմը ոչնչով չէր ազդել իրենց ընկերության վրա: Ալբերտ Մուսայելյանն, օրինակ, հիմնական հաճախորդներից է: Ազգությամբ հայ լինելը նրան չի խանգարում սիրել ադրբեջանական երաժշտությունն ու պոեզիան. նա նույնիսկ ադրբեջանական ավանդական ազգային երաժշտության ոճով երգեր է գրել: «Այս թեյարանը միավորում է մեզ», - ասում է Ալբերտը` սեղան նստելով իր ադրբեջանցի ընկերների հետ: Մարգարիտան պատմում է, որ թեյարանի բոլոր հաճախորդները հաճույքով միասին տոնում են իրենց ազգային կամ կրոնական տոները: «Ես միշտ Կուրբան-Բայրամի (Զոհաբերության տոնը) ժամանակ մզկիթ եմ գնում, - ասում է Մարգարիտան` ակնարկելով մահմեդական տոներից մեկը, - չնայած քրիստոնյա եմ` ոչխար եմ զոհաբերում եւ միսը տալիս հարեւաններիս: Ադրբեջանցի հարեւաններս նույնպես մասնակցում են մեր բոլոր տոներին: Երբեմն Երեւանում ապրող բարեկամներս զարմանում են, թե ինչպես եմ կարողանում այդքան մտերիմ լինել ադրբեջանցիների հետ, իսկ ես նրանց ասում եմ, որ ադրբեջանցիները իսկական ընկերներ են մեզ համար»: Մարգարիտան երազում է վերադառնալ Գյանջա եւ այցելել հայերի հեռանալուց հետո այնտեղ մնացած իր ադրբեջանցի բարեկամներին, բայց, հավանաբար, սա այդպես էլ երազանք կմնա: Նրա հարեւանուհին` ադրբեջանցի Ֆաթմանիզան, գլխով է անում` ի նշան համաձայնության: «Այստեղ` Թբիլիսիում, մենք կիսում ենք ե´ւ ուրախությունը, եւ տխրությունը: Մենք միշտ էլ օգնում ենք իրար», - ասում է նա:

Սեյմուր Քազիմով, Թբիլիսի, (Կովկասյան Լրատու # 507, 21-ը օգոստոսի, 2009թ.)

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net )

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter