HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաղաքացիները դեռևս չեն դիմել Սահմանադրական պալատ

ԼՂՀ Սահմանադրության ընդունումից հետո Գերագույն դատարանն ունեցավ վճռաբեկ եւ սահմանադրական պալատներ: Սահմանադրական պալատ դիմելու հնարավորություն քաղաքացիները ստացան այս տարվա հուլիսի 1-ից: Ինչպես «Հետքին» տեղեկացրել է Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, առ այսօր Սահմանադրական պալատ քաղաքացիները չեն դիմել, ինչը ԳԴ նախագահը պայմանավորում է նրանով, որ պալատը դեռ նոր է սկսել գործել եւ ոչ բոլորն են տեղյակ դրա մասին: Վճռաբեկ բողոքների մեջ, Արարատ Դանիելյանի հավաստմամբ, հղումներ կան Սահմանադրության վրա` ինչ-ինչ հոդվածի կամ սահմանադրական իրավունքի խախտման հետ կապված, սակայն զարմանալիորեն քաղաքացիները չեն դիմում Սահմանադրական պալատ: Գերագույն Դատարանի նախագահի խոսքերով, քաղաքացին իրավունք ունի դիմել սահմանադրական պալատ այն դեպքում, երբ բոլոր դատական պաշտպանության հնարավորությունները սպառված են, եւ նա դիմում է դատարան` ոչ թե վիճարկելու դատարանի որոշումը, այլ դատարանի` որոշում կայացնելիս կիրառվող օրենքների դրույթների սահմանադրական լինելը: Նման հարցով մինչեւ հուլիսի 1-ը Գերագույն դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը /ինչի իրավունքն օրենսդրությամբ ունի/` «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: «Հունիսի 30-ին Գերագույն դատարանն այդ հարցով նիստ է հրավիրել եւ գործը քննել, որի արդյունքում որոշվել է դիմումը բավարարել: Օրենքն իրարամերժ դրույթներ է պարունակում. մի հոդվածում ասվում է, որ քաղաքացին պարտավոր է սոցիալական քարտ ստանալ, իսկ մյուսում էլ ասվում է, որ քաղաքացին իրավունք ունի»,-նշել է Ա.Դանիելյանը, ով պարզաբանել է, որ քաղաքացին պարտավոր չէ քարտ ունենալ եւ այդ հարցում մարդու կամքին չպետք է բռնանալ: Ստացվում է, որ վերոնշյալ դրույթը հակասահմանադրական է ճանաչվել, ինչը նշանակում է, որ այն իրավաբանական ուժ չունի: Գերագույն Դատարանը համապատասխան որոշումը հրապարակելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկում է հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter