HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Լրագրողի որդիների դեմ քրեական գործեր են հարուցել

26-08_Vahagn-Gevorgyan«Մենք 4-5 հոգով Հյուսիսային պողոտայի մոտով գնում էինք «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն: Պողոտայում ոստիկաններից մեկը մեզ ճանաչեց, մոտեցան, սկսեցին սադրել, նրանից մեկը, որին Լյով էին ասում, ասեց` ի՞նչ ես նայում, արա, մոտեցավ քաշեց, ասեց` չգիտե՞ս, որ ստեղով չի կարելի անցնել: Սկսեցին բրդել, քաշքշել,- «Հետքին» տված հարցազրույցում այս տարվա ապրիլի 8-ի միջադեպը պատմեց «Հիմա» երիտասարդական շարժման անդամ Վահագն Գեւորգյանը: Նա «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդին է: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է վերսկսվեր Վահագնի գործով դատավարությունը, սակայն վերջինիս փաստաբանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 8-ը: «Ես ձեռքերս մեջքիս հետեւն էի պահում, որովհետեւ գիտեի, որ եթե առջեւս պահեմ, վրես գործ կսարքեին, թե ոստիկաններին ծեծել եմ: Բայց ինձ բրդեցին, ես ընկնում էի, այդ պահին ձեռքերս բաց թողեցի, այդ ժամանակ 6-7 հոգով լցվեցին վրես, նստեցրին մեքենան, ինձ հետ եւս 3 հոգու եւ տարան»,-շարունակեց պատմել Վահագնը: Նրա խոսքով` ոստիկանության Կենտրոն բաժանմունքում իրենց առանձին-առանձին ծեծել են` ասելով, թե ինչու ոստիկաններին չեք հարգում: Այնուհետեւ մի քանի ժամ պահելուց հետո, կեսգիշերն անց տղաներին բաց են թողել: «Ես այդ ժամանակ անչափահաս էի, նրանք օրենքի խախտմամբ, ինձ 3 ժամից ավելի են պահել, բայց արձանագրության մեջ բաժին բերելու եւ բաց թողնելու ժամերը փոխել էին, որպեսզի ժամանակը կրճատեին, բայց դարձյալ 3 ժամից ավելի են արձանագրել: Մեզ հետ ավելի փոքր երեխաներ կային, 13-14 տարեկան տղաներ, նրանց ավելի շուտ թողեցին, իսկ ինձ ու Գեւորգին կեսգիշերից հետո  (Գեւորգը Վահագնի ընկերներից է-հեղ.)»,- հիշում է Վահագնը: Այս միջադեպից  մեկ ամիս անց Վահագն ավելի ակտիվ ընդդիմադիր գործունեություն է ծավալել, երթեր եւ ակցիաներ է նախաձեռնել: Իսկ վերջերս նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Վահագնը մեղադրվում է «վիրավորանքի»եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ` քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով: Վահագնը վստահ է, որ դատարանը իրեն մեղավոր է ճանաչելու. «Այլ տարբերակ չկա, քանի որ հակառակ դեպքում, պետք է ոստիկաններին դատեն,- ասում է նա եւ ավելացնում,-եթե այս երկրում օրենք գործեր, իմ քրեական գործը նախաքննության ընթացքում պիտի կարճվեր համաներման միջոցով: Ինձ հարցաքննության ժամանակ հարցրին` կողմ ես, թե դեմ, ես ոչինչ չպատասխանեցի, այսինքն` չասեցի, որ դեմ եմ, այնպես որ կարող էին գործը կարճել»: 26-08_V.GevorgyanԵրիտասարդ ակտիվիստը քննչական մարմնում որեւէ ցուցմուքն չի տվել: «Դատարանում ցուցմունք կտամ: Որպես վկա 3 ոստիկան են գտել, իսկ մեր տղաներին մենք ենք որպես վկա ներգրավվելու, մենք շատ ապացույցներ ունենք: Իսկ ըստ նրանց` ես փողոցում աղջիկների եմ հայհոյել, ոստիկանները եկել են, խնդրել են, որ ինձ պարկեշտ պահեմ, ես հայհոյել եւ ծեծել եմ ոստիկանին»,- իրեն առաջադրած մեղադրանքը հեգնում է Վահագն Գեւորգյանը: Ըստ Վահագնի` ընդդիմադիրները մշտապես հարձակման են ենթարկվում ոստիկանների եւ կրիմինալ դեմքերի կողմից, սակայն ամբաստանյալի աթոռին են հայտնում հենց իրենք` ծեծվածները: «Հնարավոր է, որ իմ դեմ կրկին քրեական գործ հարուցեն` զանգվածային անկարգությունների մեղադրանքով: Ապրիլի 29-ին ոստիկանները հարձակվել էին մեզ վրա, ինձ ծեծել էին, որի արդյունքում ես հիվանդանոցում էի հայտնվել, հիմա այդ գործով ես որպես վկա եմ կանչված, բայց հնարավոր է, որ ինձ մեղադրանք առաջադրեն, քանի որ ոստիկաններին, բնականաբար, չեն կարող պատասխանատվության ենթարկել»,-մեկնաբանում է Վահագնը: «Հետքի» այն հարցին, թե ինչո՞ւ է Վահագնը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում, երիտասարդը պատասխանեց, թե պա պատճառներից մեկը հոր՝ Հայկ Գեւորգյանի լրագրող է եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատուն, բացի այդ՝  նրանք վերսկսել են Նիկոլ Փաշինյանի ուրբաթօրյա ակցիաները («+1+1+1...»` հեղ.), որի նախաձեռնողներից մեկն էլ Վահագն Գեւորգյանն է: «Դա նրանց ահավոր նյարդայնացնում է»,-ասում է նա: Վահագնի 15-ամյա եղբոր` Հերբերտի դեմ նույնպես քրեական գործ է հարուցված` խուլիգանության համար: Նախաքննությունն ավարտված է, գործը շուտով դատարան կմտնի: 18-ամյա Վահագնը չի վախենում ճաղավանդակի հետեւում հայտնվելուց. «Իմ ընկերներից շատերը հիմա նստած են, Տիգրան Առաքելյանը իմ շատ մոտ ընկերն է, հիմա նստած է, Նիկոլը իմ մեծ ընկերն է, նա այժմ ԱԱԾ-ում է, ես չեմ վախենում ազատազրկվելուց: Մեր երկրում անարդարություն կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները Հայաստանում իշխանություն են համարվում: Մենք պայքարելու ենք, ես եւ իմ ընկերները մինչեւ վերջ գնալու ենք եւ փոխելու ենք այս իշխանությունը»: «Հետքի» այն հարցին, թե արդյո՞ք իրենց պայքարի հիմնական նպատակը Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնում տեսնելն է, երիտասարդը պատասխանեց. «Միանշանակ ոչ. մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի ապրենք այնպիսի երկրում, որտեղ քաղաքի կենտրոնում 10 ընդդիմադիրների չեն սպանում, ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ քաղբանտարկյալներ չկան, որտեղ  հաստավիզ խուլիգաննները հարբած բարից դուրս չեն գա ու մարդկանց վրա կրակեն: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության եւ այդ իշխանությունը մեր պահանջները չբավարարի, մենք նույն ակցիաները նրանց դեմ էլ կանենք»: Վահագնը պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող է, նրա մասնագիտացումը մեքենաշինությունն եւ ռոբոտային տեխնիկան է: Երիտասարդը ցանկություն ունի հաջորդ տարի ուսումը շարունակել արտերկրում: «Մտահոգություն չունե՞ս, որ տարկետում ստանալու հետ կապված խնդիրներ կունենաս»,- «Հետքի» հարցին, Վահագնը պատասխանեց. «Կարծում եմ` մեկ տարի անց մենք նորմալ երկիր ենք ունենալու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter