HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ամենաառաջնային խնդիրը` Արցախից հետո

Map-Nakhijevan_26.08.09«Վաղ թե ուշ Հայաստանը պարտադիր կերպով Նախիջևանի խնդիրը պետք է լուծի, որովհետև այդ փոքրիկ տարածքը, այդպես թողնվելով Հայաստանի սրտում, մշտապես քարկոծելու է Հայաստանի Հանրապետությանը և պետությանը: Վաղ թե ուշ մենք գալու ենք այն եզրակացությանը, որ Արցախից հետո առաջնային է նախիջևանյան խնդիրը»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայագետ-նախիջևանագետ, հրապարակախոս Արգամ Այվազյանը: Նա նշեց, որ Նախիջևանի կարևորությունը դրա տարածքով` դիրքով, և ռազմավարական խնդիրներով է պայմանավորված: Նախիջևանը գտնվում է անմիջապես Հայաստանի սրտում և մետաքսի ճանապարհի վրա: Բացի դրանից` Նախիջևանը հայկական մշակույթի զարգացման, քաղաքական իրադարձությունների կենտրոններից մեկն է եղել: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ, միության պաշտոնաթերթ «Նախիջևանի» խմբագիր Մելս Մկրտչյանն ասաց. «Երբ այսօր Ադրբեջանը դնում է հարց, որ փախստականները պետք է վերադառնան իրենց բնօրանները, ապա մենք պետք է ասենք, որ հայ փախստականները պետք է վերադառնան իրենց բնօրրանը` հատկապես շեշտը դնելով Նախիջևանի և Շահումյանի վրա: Սա հակակշիռ կստեղծի, և հետագայում արդեն շրջանառության մեջ կդրվի Նախիջևանի հարցը. համաշխարհային հանրությունը կիմանա, որ այդ հարցը դեռ թեժ է, դեռ չի մարել»: Մելս Մկրտչյանը նշեց, որ հայերանակցական միությունների նպատակը բնօրրան վերադառնալն ու կորցրած բնօրրանը հետ բերելն է: «Ժողովուրդը միշտ հետամուտ է լինում բնօրրան վերադառնալու նպատակին: Կազմակերպությունը ստեղծման օրվանից ունի ամեն տարվա իր հստակ ծրագրերը, իր նպատակները: Այսօր մենք ծրագրել ենք ժողովրդին միավորել, համախմբել և այդ միավորման մեջ տեսնել բնօրրան վերադառնալու գալիքը»,- ասաց Մելս Մկրտչյանը: Նա նշեց, որ իրենք ամեն տարի ուխտագնացություն են կազմակերպում Գարեգին Նժդեհի, Պարույր Սևակի գերեզմաններին: Հայրենակցական միությունը տարածք ունի Խարբերդի հողամասում, որտեղ մատուռ է կառուցվել: Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը հազարավոր մարդիկ գալիս են այդտեղ` Հազարափրկիչ ուխտատեղի: «Իսկ ի՞նչ է Հազարափրկիչը: Դա Նախիջևանում համանուն եկեղեցի է, որը թուրքերի դեմ տարած հաղթանակի համար կոչվել է Հազարափրկիչ, և ասում են` նաև, որ հազարավոր հիվանդություններից փրկելու վայր է եղել դա: Եվ համանուն մատուռը գտնվում է այստեղ»,- ասաց Մելս Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ հայրենակցական միությունը ձեռնամուխ է եղել Գարեգին Նժդեհի թանգարանի ստեղծմանը: Դահլիճը վերանորոգվել և կահավորվել է, իսկ ցուցանմուշները դեռ հավաքվում են: «Ինչ վերաբերում է Նախիջևանի հարցին հայրենակցական միության մոտեցմանը, մենք այդ քաղաքականությունը տանում ենք շատ նուրբ ձևով` ժողովրդի մեջ վառ պահելով բնօրրան վերադառնալու հույսը, միավորելով ժողովրդին և պաշտպանելով նրա կենցաղը, սովորությունները, ավանդույթը, ինչպիսին են խոհանոցը և բարբառները»,- ասաց Մելս Մկրտչյանը: Նախիջևանի հարցը և Ադրբեջանի պատասխանը Արգամ Այվազյանի համոզմամբ` Նախիջևանի խնդիրը միշտ պետք է ՀՀ-ի ուշադրության կենտրոնում լինի: Պետությունը պետք է դիվանագիտական, իրավաբանական տեսանկյուններից պատրաստվեի դրա լուծմանը և հստակ դիրքորոշումներ ունենա: Մինչդեռ այսպիսի աշխատանքներ չեն կատարվում: «Մենք պետք է մշտապես նախապատրաստական աշխատանքներ ունենանք` միջազգային դիվանագիտության տեսակետից 1921 թ. պայմանագրի իրավասության վերաբերյալ, որը օրինական չէ: Հայաստանը չի մասնակցել այդ պայմանագրին: Միջազգային դիվանագիտության նորմերին համապատասխան` Հայաստանի պահանջատիրությունը ներկայացնել: Այնուհետև անդրադառնալ նաև նրան, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանը, փաստորեն, Սովետական Ադրբեջանի ժառանգորդը չեղավ: Հետևապես այս պայմանագրերը ուժի մեջ չեն կարող լինել»,- ասաց Արգամ Այվազյանը: Նրա համոզմամբ` խնդիրը միայն այն չէ, որ, ասենք, վերացնենք կամ մերժելի դարձնենք Հայաստանին վերաբերող վերոնշյալ պայմանագրի կետերը: Եվ Հայաստանը պետք է նաև կարողանա ներկայացնել Նախիջևանի` Հայաստանի տարածք լինելը` պատմական և մշակութային տեսանկյուններից: «Մեկ րոպե պատկերացնենք, թե Ռուսաստանը համաձայն է, և պայմանագրի այդ կետերը անվավեր են ճանաչում: Մենք ինչպե՞ս ենք գործադրության մեջ դնում Նախիջևանի տարածքը Հայաստանի կազմում ընդգրկելու հարցը: Մեր պետությունը հսկայական անելիքներ ունի նախիջևանյան խնդրի վերաբերյալ»,- ասաց Արգամ Այվազյանը: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ այսօր բանակցությունների սեղանի շուրջ Նախիջևանի խնդրի մասին խոսելու ժամանակը չէ, քանի որ չի կարելի նույն սեղանի շուրջ մի կողմից արծարծել արցախահայության ինքնորոշման հարցը, իսկ մյուս կողմից` պատմական տարածքները վերադարձնելու և 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի կետերը չեղյալ հայտարարելու հարցը: «Մենք ունեցել ենք այսպիսի փորձ, որը 1998 թ. ակտիվացվեց իշխանությունների կողմից: Անձամբ Քոչարյանի, արտաքին գործոց նախարար Օսկանյանի կողմից «Նախիջևան» հայրենակցական միության աշխատանքներին ինչ-որ աշխուժացում տրվեց` Նախիջևանի խնդիրը բարձրացնելու համար: Պատասխանը մենք ստացանք. Ադրբեջանի կողմից պետականորեն Նախիջևանի տարածքում հայկական հուշարձանները, հայկական ժառանգությունը 100 տոկոսով ոչնչացվեց»,- ասաց հայագետ-նախիջևանագետը: Նա հավելեց, որ Նախիջևանի տարածքում հայկական հուշարձանների թվաքանակը մոտավոր հաշվարկներով անցնում էր 27.000 միավորից: Արգամ Այվազյանի համոզմամբ` պետք է խելամիտ քաղաքականություն վարել` չվնասելու համար Նախիջևանի հարցին, մինչդեռ 1921 թ.-ից ի վեր, սկզբում Խորհրդային Հայաստանի, իսկ 20 տարվա ընթացքում ՀՀ-ի տարբեր պետական գործիչներ Նախիջևանի խնդրին լրջորեն չեն մոտեցել: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը և հայկական «բոբիկ» դեսպանատները khachkar_26.08.09Արգամ Այվազյանի խոսքերով` մեր պասիվության «շնորհիվ» Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրեց հազարավոր հայկական հուշարձաններ: Թեև, նրա խոսքերով, տեղում հանցագործի ձեռքը բռնել չէինք կարող, բայց ՀՀ-ն վերջին 10 տարում շատ կրավորական է եղել հայկական հուշարձանների ջարդի նկատմամբ և առ այսօր միջազգային ոչ մի դատական ատյանի չի դիմել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: «Սա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մի բացասական երևույթ է, որը խարանվելու է պատմության էջերում մեր վերջին 15-20 տարվա իշխանությունների ճակատին: Երբեք մենք չենք կարող մոռանալ այն մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվեց մեր աչքի առջև: Հասարակական կազմակերպությունները, արտաքին գործոց նախարարը միջազգային կազմակերպություններում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Եվրամիությունում բազմաթիվ անգամներ հարցը բարձրացրին, սակայն հետևողական ոչ մի աշխատանք չկարողացան կատարել: Եվ Ադրբեջանը աշխարհի աչքի առջև սանձարձակորեն վերացրեց հայկական հուշարձանները, այդ թվում Ջուղայի հռչակավոր գերեզմանատունը, որտեղ 4,5 հազարի չափ խաչքարեր ավերվեցին»,- ասաց Արգամ Այվազյանը: Մելս Մկրտչյանն էլ նշեց, որ նախկին նախարարի ժամանակ մի քանի անգամ դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, որ իրենց ներկայացնեն Նախիջևանի վերաբերյալ ԱԳՆ-ի դոկտրինը: ԱԳՆ-ում ասել են, որ դոկտրինը կա, բայց որոնել ու չեն գտել: Իսկ ահա այլ հարցերում իշխանությունները «Նախիջևան» հայրենակցական միությանը չեն մերժել. համաձայնել են տարածք տրամադրել Նժդեհի թանգարանը կառուցելու համար, օգնել են կազմակերպել Նժդեհի գերեզման կատարվող ուխտագնացությունները: Միությանը նաև թույլատրվել է նիստեր անել ԳԱԱ-ում: Արգամ Այվազյանը նշեց, որ 3-4 աշխատություն է հրատարակել Ջուղայի վերաբերյալ: 2007 թ.-ին հրատարակվել է պատմաբանի` «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան» հանրամատչելի ալբոմը: Եռալեզու աշխատությունը ավելի քան 700 լուսանկար է պարունակում: «Պաշտոնական նամակով այն ժամանակ և Վարդան Օսկանյանին, և այս տարվա ապրիլ ամսին Նալբանդյանին ուղարկեցի այդ գիրքը, և նաև Նախիջևանի վերաբերյալ անգլերեն լեզվով մեծածավալ ատլասը` 20 էջանոց, որպեսզի մեր արտաքին գործոց նախարարությունը գոնե իր դիվանագիտական կորպուսի համար ունենա այդ փաստաթղթերը, որովհետև մեր դեսպանատները արտասահմանում շատ «բոբիկ» են Նախիջևանի խնդրի վերաբերյալ: Ոչ Օսկանյանից և ոչ էլ Նալբանդյանից առ այսօր ոչ մի պատասխան չեմ ստացել»,- ասաց Արգամ Այվազյանը: 2005 թ. նա Նախիջևանի հուշարձանների վերաբերյալ մեծ ցուցահանդես է կազմակերպել Մոսկվայում` հայկական դեսպանատան շենքում: Ցուցահանդեսին մի շարք հյուրեր են եղել ռուսական տարբեր կազմակերպություններից և լրատվամիջոցներից: Իսկ ՀՀ դեսպանատան ոչ մի աշխատակից ցուցահանդեսին չի մասնակցել: 2007 թ. Արգամ Այվազյանը նույն ցուցահանդեսը կազմակերպել է նաև Հարվարդի համալսարանում: Ադրբեջանը իր դեսպանատների միջոցով բազմաթիվ ճնշումներ է գործադրել համալսարանի վրա, որ միջոցառումը տեղի չունենա: Իսկ հայկական կողմը` Հայ դատով զբաղվող կազմակերպությունները, Կալիֆոռնիայի հայկական համալսարանների հայագիտական կենտրոնները, եկեղեցին, ամենապասիվ մասնակցությունն են ունեցել ցուցահանդեսին: «Այսպիսի հայրենասիրությամբ, այսպիսի հայությամբ մենք մեր պատմական խնդիրները ի զորու չենք լուծելու: Դրա համար պատմականորեն մենք մշտապես տարածքներ ենք կորցրել և մշտապես կանգնել ենք կոտրած տաշտակի առջև»,- ասաց Արգամ Այվազյանը: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը. ինչո՞վ է զբաղված մտավորականությունը Արգամ Այվազյանի խոսքերով` թեև ԽՍՀՄ փլուզումից անցել է 20 տարի, սակայն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան որևէ աշխատություն չի հրատարակել Նախիջևանի մասին: ՀՀ-ն կարծես «ձեռքերը լվացել է» և պատմական հայկական տարածքների վերաբերյալ միջազգային հանրությանը տեղեկացնելու գործը թողել է անհատների հույսին: Իսկ Ադրբեջանում Ալիևների ընտանիքի հիմնադրամը ամեն տարի հազարավոր տպաքանակներով ապատեղեկատվություն է հրապարակում Նախիջանի, Արցախի մասին և անվճար տրամադրում միջազգային կազմակերպություններին: «Հայաստանը կարողանում է ընդամենը 1-2 էջանոց նամակ պատրաստել և մի քանի լուսանկարներով ներկայացնել: Այդ նժարի վրա մեր ունեցած ճշմարտությունը Ադրբեջանի ստի դիմաց լրիվ կորում է»,- ասաց Արգամ Այվազյանը: Նա նշեց, որ Նախիջևանի հուշարձանների` ներկայումս էլ շարունակվող ոչնչացումը հայկական հուշարձանների երկրորդ ամենանմեծ ոչնչացումն է ցեղասպանությունից հետո: Սակայն հայ ուսանողությունը Երևանում բողոքի ցույցեր չկազմակերպեց, իսկ մտավորականները բողոքի նամակով կամ հոդվածով մամուլում հանդես չեկան: «Իսկ այսպիսի պասիվության դեպքում մենք իրավունք ենք տալիս հակառակորդին` Ադրբեջանին, որ մեր հուշարձանների, մեր մշակույթի, մեր պատմության աղավաղումների հետ ինչպես ուզենա, այնպես էլ վարվի: Մտավորականները, գիտնականները` այն էլիտար տարրը, որ առաջամարտիկը պետք է լիներ ժողովրդին ուղղորդելու համար, զարմանալի մի թմբիրով, շահով, շահամոլությամբ է տարված: Իսկ թվաքանակով փոքր ժողովուրդների, այդ թվում մեզ համար դա շատ կործանարար, վնասաբեր երևույթ է: Եթե մեր մտավորականությունը չի մասնակցում այսպիսի խնդիրների վերհանմանը, ապա բնական է` չի էլ ձևավորվի հասարակական պահանջ»,- ասաց հայագետ-նախիջևանագետը: Մելս Մկրտչյանն էլ նշեց, որ ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման կապակցությամբ «Նախիջևան» հայրենակցական միությունը երթ է կազմակերպել, որն ավարտվել է Հանրապետության հրապարակում: Սակայն մտավորականության կողմից որևէ արձագանք չի եղել, իսկ լրատվամիջոցները պատշաճ ձևով չեն լուսաբանել միջոցառումը: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը. լրատվամիջոցները շփոթում են Հին Ջուղան Նոր Ջուղայի հետ Արգամ Այվազյանի խոսքերով` վերջին 20 տարիներին Նախիջևանի հարցը դուրս է մնացել ԶԼՄ-ի ուշադրությունից, և որոշ լրատվամիջոցներ անգամ Հին Ջուղայի (Նախիջևան, ներկայումս համարվում է Ադրբեջանի տարածք) խաչքարերի ոչնչացումը լուսաբանելիս` գրում էին, թե իբր հանցագործությունը տեղի է ունեցել Նոր Ջուղայում (Իրան): Հրապարակախոսն ասաց, որ 2003 թ. ինքը նկարահանել է 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Ջուղա. խզված մեղեդի» ֆիլմը: Ջուղայի գերեզմանատան մասին պատմող ֆիլմը ցուցադրվել է Ռուսաստանում, Իրանում, ԱՄՆ-ում: Հայկական հեռուստաընկերություններից ոչ մեկը չի դիմել հեղինակին` ֆիլմը ցուցադրելու համար: Նա հավելեց, որ Խորհրդային Միության տարիներին հաղորդաշար է վարել` հուշարձանների պահպանության մասին, և ուղիղ եթերով ամիսը 1-2 անգամ խոսել միայն Նախիջևանի մասին: Իսկ այսօրվա բազմաթիվ «ազատ-անկախ» հեռուստաընկերությունները չեն անդրադառնում Նախիջևանին: Նախիջևանի խաչքարերի ոչնչացում. դատարան Անդրադառալով «Հետքի» հարցին, թե ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման առթիվ դատական գործեր կա՞ն` Արգամ Այվազյանն ասաց, որ 2007 թ. բանակցել է «Վերդգես Եղյան» իրավաբանական գրասենյակի հետ, և համաձայնություն է ձեռք բերվել: «Նախիջևան» հայրենակցական միությունում նիստ է գումարվել, տարեց նախիջևահայների ստորագրություններով փաստաթուղթ ստեղծվել, և իրավունք է տրվել «Վարդգես Եղյան» փաստաբանական գրասենյակին, որ այն նախիջևանահայերի անունից դատական գործընթաց սկսի: Դատական գործի առումով դեռևս լուրջ տեղաշարժեր չկան: «Բայց անհատների կամ նախիջևանահայերի միջոցով այս խնդիրը բարձրացնելը ամենաետին պլանի վրա գտնվող խնդիր է: Սա պետք է անի պետությունը Հաագայի դատարանի միջոցով»,- ասաց Արգամ Այվազյանը: Նա միաժամանակ նշեց, որ գիտակցում է, թե որքան բարդ և աշխատատար խնդիրներ են սրանք: Այդ պատճառով պատմաբանը զարմանում է, որ այդքան մեծ թվով հայեր են իրենց թեկնածությունը առաջադրում պատգամավոր, նախագահ դառնալու համար: «Ինձ համար շատ զարմանալի է, որովհետև իրոք ծանր լծի տակ են մտնում, քանզի մեր ժողովուրդը այնքան չլուծված խնդիրներ ունի: Բայց մեր իշխանավորների գրեթե մեծ մասը (եթե ոչ մեծ մասը) կարծեք թե այդ իշխանական աթոռների միայն իրավունքներին է տեր դառնում: Պարտականություններին տեր չի դառնում»,- ասաց Արգամ Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter