Չոռնին թռնո՞ւմ է
Ինչպես փոխանցում են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մերձավոր շրջապատից, Բեգլարյանը մտադիր է շատ արագ վաճառքի հանել Երեւանում իր ողջ ունեցվածքը: Իսկ Բեգլարյանի ունեցվածքը, ինչպես հայտնի է, խիստ մեծ է:

Ըստ թերթի տեղեկությունների, Բեգլարյանի մերձավոր շրջապատում պարբերաբար հնչում է հետեւյալ նախադասությունը. «Հեսա, ամիս 18-ից սկսվում է»: Եւ ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետ Չոռնի Գագոն որոշել է ժամանակին ապահովագրել իր ունեցած-չունեցածը, քանի որ, ըստ իրենց` «հեսա սկսվում է...»:
Լիսկան քցո՞ւմ է Հերմինեին
Սյունիքի հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) արշավ է սկսել իր կուսակից, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի դեմ:
Ինչպես փոխանցում են Հանրապետական կուսակցության թերթի աղբյուրները, Լիսկան որոշել է խլել Հերմինե Նաղդալյանի բիզնեսները: Հերմինե Նաղդալյանը, ով լուրջ բիզնես-լեդիի համբավ ունի, ամենաշատը հայտնի է իր քարի բիզնեսով: Այս մասին գիտեն ողջ Սյունիքում: Բայց դա տիկին պատգամավորի միակ բիզնեսը չէ:
Ինչպես փոխանցում են թերթի իշխանական աղբյուրները, հանրապետական այս պատգամավորը նաեւ ռեստորան ունի Սիսիանում, նրան է պատկանում Սիսիան-Երեւան երթուղային գիծը (էլ ինչ հանրապետական, որ մարշրուտնու գիծ չունենա), տեղի տաքսի ծառայությունը: Հերմինե Նաղդալյանը փայատեր է Սիսիանի Հիդրոէլեկտրակայանում եւ այլն եւ այլն: Նա եւ նրա ամուսինը այդ ամենը ձեռք են բերել` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները եւ իրենց ձեռքի տակ եղած լծակները:
Նաղդալյանը կարողացել է կայացնել իր բիզնեսները ու հիմա հանկարծ Լիսակն որոշել է տեր դառնալ դրանց: Հավանական է, որ Հերմինե Նաղդալյանին հաջողվի ծայրահեղ դեպքում «պրծնել» Լիսկային իր բիզնեսից միայն փայաբաժին զիջելով` առանց ամբողջ բիզնեսը կորցնելու: Բայց ամենաուշագրավն այստեղ այն է, որ ՀՀԿ-ականը արդեն դուրս է գալիս իր կուսակցի դեմ: Բանն այն է, որ գոնե մինչ այս դժվար է նման դեպք հիշել:
Հինգի՞ն պետք է հեռացնել
Թերթի տեղեկություններով, մինչեւ սեպտեմբերի վերջ իրենց պաշտոններից կհեռացվեն Հայաստանի տասը մարզպետներից հինգը: Թերթի աղբյուրները պնդում են, որ հեռանալու են Արարատի, Արմավիրի, Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետները: Թերթի աղբյուրը հիշեցնում է, որ մարզպետներին հանելու հիմք ունենալու համար էր, որ այ տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով Արարատի եւ Արմավիրի մարզպետների աշխատանքը անբավարար գնահատվեց:
ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն, մարզպետները ազատվում եւ նշանակվում են կառավարության որոշմամաբ: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում վերջին երկու օրերին հեռախոսազանգերին պատասխանող չկար:
Նոր կոտորածնե՞ր
Ստամբուլի քրիստոնյա բնակիչները, որոնց տների վրա գունավոր նշաններ են հայտնվել, վախենում են հնարավոր նոր կոտորածներից, երեկ հայտնել է KAI գործակալությունը: Նախորդ օրը քաղաքի մի քանի շրջանների տների վրա, որոնցում հայեր են բնակվում, հայտնվել են կարմիր նշաններ, իսկ որոնցում հույներ` կանաչ նշաններ:
Հնաբնակները գունավոր նշաններին զարմանքով եւ վախով են նայում, քանի որ քրիստոնյաների տների եւ խանութների վրա նշանների հայտնվելը նրանց հիշողության մեջ արթնացրել է 1955 թվականին Ստամբուլում քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ իրագործված կոտորածները:
170 միլիոն` հանքարդյունաբերությանը
Ռուսաստանից ստացված 500 մլն դոլարի վարկի բացվածքը այդպես էլ ՀՀ իշխանությունը չի ներկայացրել հանրությանը: Մեզ հաջողվեց ճշտել, որ դա արվում է մտածված: Այսպես ասած` թաքցնելու բան ունի հայրենի կառավարությունը:
Այդ վարկից 170 միլիոնը տրամադրվելու է հանքարդյունաբերությանը` Սյունիքում ուրանի հանքերի արդյունահանմանը, որն իրականում կարող է էկոլոգիական աղետի վերածվել եւ Սյունիքի դատարկման պատճառ դառնալ:
Այդ 500 միլիոնից 125 միլիոնն էլ տրամադրվելու է ադամանդագործությանը: Իսկ եթե ավելի ստույգ, ապա այդ փողը չի տրամադրվելու, այլ դրա դիմաց Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը` «Շողակն» ադամանդամշակման ձեռնարկության սեփականատերը, Ռուսաստանից անմշակ ադամանդներ է ներկրելու, որ վերամշակի եւ արտահանելով գերշահույթներ ստանա:
Ձերբակալվել է «Դաշնակ Գագոն»
Օրերս ԱԱԾ-ն խարդախության մեղադրանքով ձերբակալել է «Դաշնակ Գագո» անվամբ հայտնի Գագիկ Սաֆարյանին: ԱԱԾ-ի լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունները: Մեր աղբյուրը հայտնում է, որ ղարաբաղյան ծագմամբ Սաֆարյանը «Տրիումֆ» սրճարանում «օֆիս» էր հիմնել եւ օգտագործելով իր համերկրացիների` Արթուր Աղաբեկյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունները, տարբեր գործարքներ է կատարել:
Պատմում են, որ նրա մոտ նույնիսկ հերթեր են գոյացել: Սաֆարյանը նախկինում զբաղեցրել է «Ավիատրանս» կազմակերպության տնօրենի պաշտոնը: Դարձյալ ղարաբաղյան տանիքի ներքո` զբաղվել է ակցիզային ապրանքների` սիգարետի եւ ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ: Սաֆարյանը նաեւ նախկինում դատապարտված է եղել իրանիցների հետ կապված բավականին աղմկոտ գործով:
Հեռացնելո՞ւ են
Ըստ լավատեղյակ աղբյուրների, կառավարության կազմում որոշակի փոփոխություն կատարելու մասին իշխանության վերնախավում ծավալված քննարկումներ ժամանակ առաջին հերթին քննարկվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Սարգսյանը նախարար է նշանակվել ՕԵԿ քվոտայով: Ի դեպ, երկրում ստեղծված սոցիալական, քաղաքական լարվածությունը հասարակության շրջանում մեղմելու նպատակով աշնանը մի շարք նախարարների պաշտոնանկության անելու մասին քննարկումները շարունակվում են:
Նշվում է նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի անունը, որին, ըստ լուրերի, փոխարինելու է ԱԱԾ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչը):
Զավեն Անդրեասյանը գերազանց արդյունքի հասավ
Աբու Դաբիում անցկացվեցին շախմատի կայծակնային երկու մրցաշարեր, որոնց մասնակցեցին հայ շախմատիստները: Առաջինում գերազանց հանդես եկավ Զավեն Անդրեասյանը: 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, Զավենը նվաճեց գլխավոր մրցանակը: Հաղթողից 1,5-ական միավորով հետ մնացին Յուրի Դրոզդովսկին եւ Հրայր Սիմոնյանը: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը` Հրանտ Մելքումյանը 6 միավորով գրավեց 10-րդ տեղը:
Կայծակնային մյուս մրցաշարում եւս հանդես եկան 3 հայ շախմատիստներ: Հրայր Սիմոնյանը 11 հնարավորից 8,5 միավորով գրավեց 5-րդ տեղը:Աշոտ Անաստասյանը 8 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը 7 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել