HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետը դժգոհում է թունաքիմիկատների ու պարարտանյութի որակից

M-Misakyan_27.08.09Առաջիկայում թունաքիմիկատներ կներկրվեն նաեւ Իրանից Գյուղացիները բազմիցս են դժգոհել, որ շուկայից գնված թունակիմիկատները չեն համապատասխանում տուփի վրա նշված որակին եւ դժվար է նման թունաքիմիկատներով պայքարել վնասատուների դեմ: Այս անգամ, դժգոհում է Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը: «Մեր հիմնական բողոքը թունաքիմիկատների հետ է կապված: Որպես գյուղապետ չեմ էլ կարող հսկողություն սահմանել, որ մարդիկ նորմալ թունաքիմիկատներ գնեն: Ընդհանրապես ժամկետները չի նշվում, ու այդ թույները ոչ մի արդյունք չեն տալիս: Ճիշտն ասած, նոր գյուղնախարարը մարզում հանդիպում ունեցավ ու ասաց, որ  պետք է հասնի նրան, որ գյուղացին առաջին ձեռքից թունաքիմիկատը ձեռք բերի: Եթե նախարարությունը թունաքիմիկատների մենաշնորհը վերցնի իր ձեռքը` բնական է, որ մարզպետարանը կունենա համապատասխան պայմանավորվածություն գյուղապետարանների հետ ու դա կլինի խիստ հսկողության տակ»,-ասաց համայնքապետը: Միսակ Միսակյանի դժգոհությունը միայն թունաքիմիկատների որակով չի սահմանափակվում: Նա լուրջ կասկածներ ունի նաեւ վրացական պարարտանյութի որակի առումով. «Ճիշտ է, մարզպետարանը տարեսկզբին պահանջվող չափը էժան գներով հատկացրեց գյուղացիներին, բայց այդ պարարտանյութի որակն էլ այն չի:  Վրացական պարարտանյութերի պարկի վրա գրված է 34 տոկոս ազոտ, բայց ես ո՞նց կարող եմ որոշել` դրա մեջ 34 տոկոս ազոտ կա՞, թե՞ ոչ»: Գյուղնախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության, երկրագործության եւ բույսերի պաշտպանության Արմավիրի մարզի ստորաբաժանման պետ Աբրահամ Հակոբյանը իրականությանը չհամապատասխանող համարեց գյուղապետի նշած դժգոհությունները: «Թունաքիմիկատների վրա պարտադիր նշված է արտադրման տարին եւ ժամկետայնությունը: Ցանկացած թունաքիմիկատ, որ մտնում է Հայաստան` անցնում է լաբորատոր փորձաքննություն: Հայաստանում առկա է ինչպես ֆիրմային արտադրության, այնպես էլ որոշ պետությունների կողմից արտադրված թունաքիմիկատներ, որոնք իրենց որակով համապատասխանում են սահմանված նորմերին,-ասաց Ա. Հակոբյանը եւ ավելացրեց: - Թունաքիմիկատները ոչ թե չեն օգնում, այլ արդյունավետ պայքարի համար կա ճիշտ ժամանակ: Բացի դա` վնասատուները թունաքիմիկատների նկատմամբ իմունիտետ են ձեռք բերում եւ անհրաժեշտ է նրանց դեմ պայքարը սկսել օգտագործված դեղամիջոցը նմանատիպ մեկ այլ դեղամիջոցով փոխարինելով»: Աբրահամ Հակոբյանի փոխանցմամբ, 2008 թվականին թունաքիմիկատների 15 խանութից պատահական ընտրությամբ վերցվել է 174 նմուշ եւ ենթարկել լաբորատոր փորձաքննության: Բոլոր նմուշներն էլ համապատասխանել են նորմերին: Այս տարի եւս 60 թունաքիմիկատ ներկայացվել է փորձաքննության եւ բոլորն էլ համապատասխանել են որակին: Անդրադառնալով Ակնաշենի գյուղապետի դժգոհությանը, որ պարարտանյութում առկա 34 տոկոս ազոտը խիստ կասկածելի է, Աբրահամ Հակոբյանն ասաց. «Վրաստանից պարարտանյութ ներկրող խոշոր ընկերությունը «Դվին Կոնցեռն» է: Նրանք նույնպես ներկրելուց առաջ պարարտանյութը ներկայացնում են փորձաքննության: Առանց փորձաքննության ոչ մի պարկ պարարտանյութ հանրապետություն չի գա»: Արմավիրի մարզպետարանից էլ «Հետքին» փոխանցեցին, որ արդեն պայմանավորվածություններ ունեն թունաքիմիկատներ արտադրող իրանական ընկերությունների հետ եւ առաջիկայում թունաքիմիկատներ կներկրվեն նաեւ Իրանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter