«Հաշմանդամների զբաղվածության հարցում ամենագլխավոր խնդիրը կարծրատիպերի հաղթահարումն է»
Հաշմանդամություն ունեցող մարդիկ այսուհետ կարող են հեշտությամբ աշխատանք գտնել տանը նստած` համակարգչի օգնությամբ:
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ստեղծել է www.jobs.disability.am կայքը, որը նախատեսված է աշխատանք փնտրող սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով:
Այսօր կայացավ կայքի շնորհանդեսը: Այն նախատեսված է միայն հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբի մարդկանց համար: Կայքը պարունակում է օգտակար խորհուրդներ աշխատանքի որոնման, հարցազրույց տալու, ռեզյումե լրացնելու վերաբերյալ: Կայքում տեղ են գտել նաեւ ոլորտը կարգավորող իրավական ակտերի համառոտ վերլուծությունը: Որոնման հնարավորության շնորհիվ գործատուները հեշտությամբ կարող են գտնել իրենց պահանջներին համապատասխան կայքում գրանցված հաշմանդամ աշխատողին:
«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանի հավաստմամբ, որոշ խոշոր ընկերություններ արդեն պաշտոնապես ցանկություն են հայտնել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու. «Viva cell»-ն արդեն ընդունել է եւ շարունակում է ընդունել հաշմանդամ մարդկանց, «Orange telecom»-ը, «Icon comunications»-ը եւ էլի այլ կազմակերպություններ նույնպես ռազմավարություն են մշակել` այս մարդկանց աշխատանքի ընդունելու»:
Արմեն Ալավերդյանը հաշմանդամության զբաղվածության հարցերում ամենագլխավոր խնդիրը համարում է կարծրատիպերի հաղթահարումը. «Այսօր 170 հազար գրանցված հաշմանդամներ ունենք, որոնցից 105 հազարը աշխատունակ տարիքի են: Խնդիրն այստեղ կարծրատիպերն են, թե հաշմանդամություն ունեցող մարդը հաճախ է հիվանդանում կամ շուտ է հոգնում... ձեռքը կտրված մարդը դժվար թե ավելի հաճախ հիվանդանա գրիպով, քան ոչ հաշմանդամը»:
Այն, որ շատ գործատուներ բողոքում են, թե հաշմանդամ-աշխատողի համապատասխան պայմաններ ստեղծելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ, Արմեն Ալավերդյանը նույնպես կարծրատիպ է համարում. «Այո, ծախսեր կան, մանավանդ, եթե սայլակով շարժվող աշխատող ունես, սակայն այդ ծախսերը հսկայական չեն: Հաշմանդամ մարդիկ իրենք էլ հարմարվող են: Նրանց համար կարելի է միայն մինիմալ պայմաններ ստեղծել, ինչը մեծ գումարներ չի պահանջում»:
ՀՀ ոլորտը կարգավորող իրավական ակտերը նախատեսել են որոշ արտոնություններ գործատուների եւ հաշմանդամություն ունեցող աշխատողների համար:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վճարում է հաշմանդամություն ունեցող աշխատողի աշխատավարձի 50%-ը, որը, սակայն, չի գերազանցում ամսական նվազագույն աշխատավարձի չափը` մոտ 30.000 դրամը:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածով հաշմանդամ աշխատողներ ունեցող գործատուին տրվում են լուրջ հարկային արտոնություններ:
Ինչ վերաբերում է հաշմանդամ աշխատողի արտոնություններին, դրանք հիմնականում թեթեւ արտոնություններ են, ինչպիսին օրինակ. աշխատանքի ընդունելիս՝ հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում:
Արմեն Ալավերդյանը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող աշխատողի համար մեծ արտոնություններ սահմանելը սխալ կլիներ. «Պետք չէ մեծ արտոնություններով վախեցնել գործատուին: Հաշմանդամ մարդն էլ աշխատունակ է եւ կարող է որակյալ աշխատանք կատարել»:
«Ունիսոն» հկ նախագահը նաեւ կոչ է անում բոլոր հաշմանդամություն ունեցող մարդկանց գրանցվել www.jobs.disability.am կայքում եւ ապացուցել, որ հաշմանդամ մարդն էլ կարող է լինել ֆինանսապես անկախ եւ պաշտպանել իր իրավունքները:
Անի Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել